Որոնել
Արխիվ
10.12.2019  14:29

Արթուր Եդիգարյան. ««Ալաշկերտն» ինձ վատություն արեց, ավարտում եմ կարիերաս»

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով երեկ հեռացել է «Ալաշկերտից», հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Ամռանն առաջարկ ստացա Սերբիայից: Գնալով այնտեղ՝ տեսա, որ շատ լավ և պրոֆեսիոնալ թիմ էր: Պարզապես ընտանեկան խնդիրների պատճառով վերադարձա Հայաստան: Տղաս պետք է լույս աշխարհ գար նոյեմբերին, այդ պատճառով վերադարձա, որ լինեմ ընտանիքիս կողքին:

Երբ եկա Հայաստան, գնացի «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանի մոտ՝ մտածելով, որ երկար տարիներ խաղացել եմ հենց այդ ակումբում և մեծ ներդրում եմ ունեցել այդ թիմում: Առաջնայինը հարգանքի գործոնն էր: Մտածեցի, որ ինձ կընդունեն և ընդունեցին: Ակումբի հետ պայմանագիրս ավարտվում էր 2020 թվականի օգոստոսին: Զանգեցին ինձ և հայտնեցին, որ պետք է գնամ և խզեմ պայմանագիրը, բայց քանի որ մեկ մրցաշրջանի ընթացքում երկու ակումբում էի խաղացել, և ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ երրորդ թիմ չէի կարող տեղափոխվել, գնացի ակումբի սեփականատերերի մոտ և փորձեցի իրավիճակը բացատրել: Ասացի, որ երրորդ թիմ չեմ կարող տեղափոխվել, և եթե հնարավորություն կա, մնամ թիմում: Բագրատ Նավոյանն ինձ առաջարկեց մարզչական աշխատանք և առաջարկեց վեց ամիս աշխատել որպես մարզիչ, իսկ հետո պարզ կլինի իմ ճակատագիրը: Սիրով համաձայնեցի և խզեցի պայմանագիրս: Դրանից հետո սկսեցի մտածել «Ալաշկերտում» մարզչական աշխատանքի մասին, բայց մի քանի ժամ հետո զանգեցին և առաջարկեցին ծիծաղելի գումարով շարունակել խաղալ թիմում: Ասացին՝ վեց ամիս հետո նոր կորոշվի ճակատագիրս: Եվ ես չհամաձայնեցի՝ ասելով, որ նրանք իրենց խոսքի տերը չեն և ֆուտբոլիստներին վատություն են անում: Եվ այդպես հեռախոսն անջատեցի:

 Ավարտում եմ ֆուտբոլային կարիերաս՝ չնայած չէի ցանկանում, որ այսպես լիներ: Փոքր-ինչ ներդրում եմ ունեցել հայկական ֆուտբոլում, օգնել եմ հավաքականին, խաղացել եմ հոգով ու սրտով: Ամբողջությամբ նվիրվել եմ, և դա տեսել են բոլորը: Ես իմ աշխատասիրության շնորհիվ հասել եմ ինչ-որ հաջողությունների: Չեմ զղջում իմ կարիերայի համար: Հեռանում եմ ֆուտբոլից և անցնում մարզչական գործունեության:

Կարևորն այդ մարդիկ հասկանան, որ նրանք են մեզնից կախված, ոչ թե մենք նրանցից: Նրանք հանում են հայի, որովհետև չկա լեգեոնականների սահմանափակում և բերում են արտասահմանցի խաղացողի: Դա է ցավոտ հարցը: Ֆեդերացիան պետք է մտցնի սահմանափակման օրենքը, և բոլորը հավասար պայմաններ ունենան: Ֆեդերացիան պետք է նաև հետևի, որ ամեն գործընթաց պրոֆեսիոնալ լինի, ֆուտբոլիստին հեռացնելու դեպքում փոխհատուցում տան:

Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին, երկրպագուներին, լրագրողներին, ամբողջ ֆուտբոլային աշխարհին ինձ աջակցելու և կողքիս լինելու համար: Դուք մեծ ներդրում եք ունեցել իմ հաջողություններում»,- Topsports.am-ի հետ զրույցում ասել է Եդիգարյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000