Որոնել
Արխիվ
09.12.2019  17:41

Պետրոսյան. «Հայկական ամենամեծ խնդիրը համբերության պակասն է, Մելենդեսին 2-3 տարի է հարկավոր»

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ ու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Երևանում ընթացող մարզչական սեմինարից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

«ՀՖՖ-ի տեխնիկական տնօրենը ծրագիր ունի, թե ինչպես պետք է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը շարունակվի: Հուսով եմ` ամեն ինչ նորմալ կլինի: Ինձ համար ամենակարևորը ժամանակի հարցն է: Արդյո՞ք նա ժամանակ ունի այդ ծրագրերն իրականացնելու համար, թե՝ ոչ: Իմ կարծիքով, զարգացման ճանապարհը երկար ժամանակ է պահանջում:

Տեղյակ եմ, որ շրջանառվում են ֆինանսական հարցեր, բայց դա մի կողմ դնենք: Այստեղ խոսքն անձերի մասին չէ: Ես Շվեյցարիայում աշխատել եմ պատանեկան թիմերում, ակումբն իր փիլիսոփայությունն ուներ, որը տարիների ընթացքում կարողացավ հասցնել բարձր մակարդակի: Կարծում եմ` եթե Հայասանում զարգացման ծրագիրն արդեն կա, ապա պետք է թույլ տալ այն լիարժեք իրականացվի, որպեսզի հետո կարողանանք դատել արդյունք կա, թե` ոչ: Մեկ տարին շատ քիչ ժամանակ է, որպեսզի պատանեկան ու երիտասարդական ֆուտբոլի զարգացման վերաբերյալ մարդիկ կարողանան հետևություն անել:

Սեմինարի ժամանակ այսօր խոսվեց նաև մենթալիտետների մասին: Այդ իսպանական մոդելը հարմարեցվում է հայկական մտածելակերպին: Չի ստացվի իսպանական մոդելը պարզապես վերցնել և օգտագործել Հայաստանում: Ծրագրին ծանոթ չեմ, բայց շատ կուզեի ծանոթանալ:

Հաստատ, իսպանացի մասնագետների ներկայության պատճառով չեն կարող խոշոր հաշվով պարտություններն անմիջապես վերանալ: Զարգացումը ժամանակի հարց է: Եթե 2-3 տարի հետո տեսնենք առաջընթաց չկա, միգուցե, կարելի է ենթադրել, որ մոդելը հաջողության չի հասել: Սա պրոցես է, որը պետք է անցնենք:

Հայկական ամենամեծ խնդիրը համբերության պակասն է: Միշտ բերել ենք մարզիչ կամ տնօրեն, մեկ տարի հետո ճանապարհել ենք ու մյուսին ենք բերել: Նորը եկել է իր մոդելով, նորից նրան էլ ենք հանել ու այդպես շարունակ: Ես 14-21 տարեկան ֆուտբոլիստներին մարզելու ճանապարհ եմ անցել Շվեյցարիայում: Ակումբը հավատարիմ է մնացել իր փիլիսոփայությանը և հետագայում դա պտուղներ է տվել: Գլխավոր թիմում սեփական ֆուտբոլիստները շատացել են, իսկ տրանսֆերները միլիոններ են բերել ակումբին: Հավաքականի դեպքում մի փոքր այլ է, բայց, միևնույն է, ժամանակ է պետք այն գնահատելու համար»,- Պետրոսյանի խոսքերն է մեջբերում Armfootball.com-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000