Որոնել
Արխիվ
22.11.2019  11:40

Գեղամ Հարությունյանի սիրելի մրցակիցը. Նախախաղային տեղեկություն

Այսօր՝ նոյեմբերի 22-ին կմեկնարկի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրը։ «Գանձասար-Կապանը» կհյուրընկալվի Երևանի «Արարատին»։ Թիմերը մրցաշարային աղյուսակում գտնվում են հակադիր կողմերում։ «Արարատը» 26 միավորով՝ 2-րդն է, իսկ «Գանձասար-Կապանը»՝ 10 միավորով նախավերջինը։ «Արջերի» պաշտոնական կայքը խաղի առաջ ներկայացրել է ուշագրավ տեղեկություններ:

Վիճակագրություն

Թիմերը միմյանց հետ խաղացել են 55 անգամ։ Ավելի հաջողակ գտնվել են Սյունիքը ներկայացնող թիմի ֆուտբոլիստները, ովքեր 34 հաղթանակ են տոնել, գրանցվել է 5 ոչ-ոքի, 16 անգամ էլ առավելության են հասել «Արարատի» ֆուտբոլիստները։ Գոլային պակաս այս դիմակայությունում երբեք չի զգացվել։ Անցկացված 55 խաղում 142 գոլ է խփվել, որից 50-ը հեղինակել են «Արարատի», իսկ 92-ը «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները։ 

Այս թիմեր մասնակցությամբ ամենագոլառատ հանդիպումը կայացել է նախորդ առաջնության վերջին տուրում, երբ կապանյան թիմը 7-1 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։

Գեղամ Հարությունյանի սիրելի մրցակիցը

«Գանձասար-Կապանի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն ամենաարդյունավետը եղել է հենց «Արարատի» հետ խաղերում։ Կապանյան թիմում անցկացրած 6 մրցաշրջանների ընթացքում Հարությունյանը 17 գոլ է խփել «Արարատին»։ Երկու անգամ էլ պոկեր է ձևակերպել։

Երկու թիմերում հանդես եկած ներկայիս ֆուտբոլիստները

Երկու թիմերի կազմում ընդհանուր հաշվով 8 ֆուտբոլիստներ կան, որոնք խաղացել են երկու ակումբներում էլ։ «Արարատից» Զավեն Բադոյանն ու Արտակ Ալեքսանյանը ժամանակին խաղացել են «Գանձասարում», իսկ արդեն կապանյան թիմի ներկայիս կազմից 6 ֆուտբոլիստներ՝ Գրիգոր Մելիքսեթյանը, Վարդան Արզոյանը, Դավիթ Մինասյանը, Անդրանիկ Քոչարյանը, Գևորգ Նռանյանն ու Գևորգ Օհանյանը։

Կորուստներ

«Գանձասար-Կապանը» առաջիկա խաղին ներկայանում է կադրային խնդիրներով։ Ինչպես հայտնի է վնասվածքի պատճառով այս խաղը բաց կթողնի նաև Դավիթ Մինասյանը։ Հարցականի տակ է նաև Գևորգ Օհանյանի մասնակցությունը։ Վերջինս միայն նախախաղային մարզումն է անցկացրել ընդհանուր խմբի կազմում։ Որակազրկված լինելու պատճառով «Արարատից» էլ չեն խաղա Արտակ Ալեքսանյանն ու Դենիս Դեդեչկոն։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000