Խաշմանյան. «Իտալիայի հետ խաղում կրկին 5 պաշտպանով մարտավարությունն ենք ընտրել»
Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում նոյեմբերի 18-ին Հայաստանի ագային հավաքականը Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիայի ընտրանուն։
Նախախաղային մամուլի ասուլիսով հանդես է եկել Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։
«Անցած խաղից հետո ընդամենը 2 օր ունեինք պատրաստվելու համար։ Ունեցել ենք վերականգնողական մարզում։ Պատրաստ ենք վաղվա խաղին, բայց դա ցույց կտա հանդիպման ընթացքը։
Իտալիայի հավաքականում ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն է տիրում։ Ինչպե՞ս կարող է բոլոր խաղերում հաղթած հավաքկանը մոտիվացիա չունենալ։
Վաղը կրկին խաղալու ենք 5 պաշտպանով։ Վարազդատ Հարոյանի վերադարձը չի ազդի մարտավարության վրա, որովհետև նման իրավիճակում չունենք այլ ընտրություն։ Բոլորին հայտնի է, որ կադրային մեծ կորուստներ ունենք։ Խաղալու ենք 3 կենտրոնական պաշտպանով, բայց ազգային հավաքականը պետք է ունենա մշակած նաև երկրորդ մարտավարությունը։ Մենք 10 տարի ֆիքսվել ենք մեկ մարտավարության՝ 4 պաշտպաններով խաղի վրա։ Կարևոր է, որ թիմը, ֆուտբոլիստները շատ լավ տիրապետեն նաև երկրորդ մարտավարությանը, որը մեզ հնարավորություն կտա դաշտում ավելի արդյունավետ լինել, ճիշտ մտածել և ճկուն լինել։
Մարտավարությունն ընտրվում է մրցակցից և կադրային հնարավարություններից ելնելով։ Գիտեմ, որ այս թեման շատ է քննարկվում, բայց իմ կարծիքն այդպիսին է»,- ասել է Խաշմանյանը։