Որոնել
Արխիվ
21.10.2019  13:44

Գերազանցված սպասելինքե՞ր, թե՞ չլուծված խնդիրներ. Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականի հետքերով

Նախորդ շաբաթ հրաժարական տվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Առջևում դեռ երկու խաղ կա, և որքանով էր անհրաժեշտ Գյուլբուդաղյանցի հեռանալը, դեռ հարց է: Ամեն դեպքում, նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը մի շարք տպավորիչ հաղթանակներ ունեցավ, միևնույն ժամանակ եղան ուժեղ ձախողումներ: Ու թեև Հայաստանի հավաքականը դեռ մաթեմատիկական շանսեր պահպանում է ընտրական փուլը հաղթահարելու համար, սակայն ադեկվատ ֆուտբոլասերի համար պարզ է. Ֆինլանդիայի՝ Լիխտեյշտեյնին պարտվելն ու Հայաստանի՝ Իտալիային հաղթելը ֆանտաստիկայի ժանրից է: ArmFootball.com-ը վերհիշում է Գյուլբուդաղյանցի ճանապարհը, հաղթանակներն ու թույլ տված սխալները  այս մեկ տարվա ընթացքում:

1. Ինչպիսի՞ պայմաններում հավաքականն ընդունեց Գյուլբուդաղյանցը

Հայաստանի հավաքականը մեկնարկել էր Ազգերի լիգայում՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ՝ երկու խաղում մեկ հաղթանակ և մեկ պարտությամբ: Ընդ որում, Հայաստանի հավաքականը դժվարությամբ հաղթել էր Լիխտեյնշտեյնին ու պարտվել Մակեդոնիային արտագնա խաղում: Հենց այդ պարտության պատճառով Ազգերի լիգայում խմբում հաղթելը արդեն բարդ խնդիր էր, պետք էր Մակեդոնիային հաղթել խոշոր հաշվով ու միավորներ չկորցնել «գաճաճների» հետ խաղում: 

2. Ի՞նչ նպատակներ էր դրված Գյուլբուդաղյանցի առջև

Ըստ ՀՖՖ ղեկավարության մարզչի առջև Եվրոպայի ուղեգիր ձեռք բերելու խնդիր դրված չէր (Գյուլբուդաղյանցն էլ հաստատեց դա հրաժարականի խոսքում): Դրված էր նպատակ երիտասարդ ֆուտբոլիստներին աստիճանաբար ներդնելու կազմում: Մի կողմից, ամեն ինչ տրամաբանական էր թվում. Հայաստանի հավաքականի վերջին 5 տարիների ելույթները հեռու էին նույնիսկ բավարար կոչվելուց: Կար նաև Վարդան Մինասյանի օրինակը, ով 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում կտրուկ սերնդափոխություն կատարեց, և հավաքականը հաջորդ ընտրական փուլում գրանցեց իր լավագույն արդյունքը: Մյուս կողմից բավարար մակարդակի երիտասարդ ֆուտբոլիստների քանակի խնդիր կա, երիտասարդական հավաքականի արդյունքներն էլ ոչ մի լավ բան «չէին հուշում»: 


3. Որքանո՞վ էր իրատեսական Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարելը

Այն պահին, երբ Գյուլբուդաղյանցն ընդունեց հավաքականի ղեկը Եվրոպայի առաջնության ուղեգիրը շատ հեռու էր թվում: Ամեն ինչ փոխվեց 2019թ.-ի հունիսին, երբ Հայաստանի հավաքականը արտագնա խաղում հաղթեց Հունաստանին: Արթնացան հույսեր, որոնք ամրապնդվեցին Բոսնիայի նկատմամբ տարած հաղթանակով: Դրանում, իհարկե, կար նաև մարզչի ներդրումը, որի գլխավորությամբ հավաքականում երկար դադարից հետո խաղային ազատություն ստացավ թիմի ավագն ու առաջատարը: Մյուս կողմից, հենց նրա բացակայությունն էլ ճակատագրական դարձավ մարզչի համար: Առանց Մխիթարյանի, Գյուլբուդաղյանցը չկարողացավ կազմակերպել թիմի խաղը:

4. Արդյունքները

Հավաքականի արդյունքները Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ պետք է գնահատել երկու տեսանկյունից. մի կողմից մարզչի առջև նպատակ չէր դրված Եվրոպայի առաջնության ուղեգիր ձեռք բերել, մյուս կողմից՝ թիմը մի պահ այդ ուղեգրի ռեալ հավակնորդ էր: Առաջին դեպքում, արդյունքները կարելի է բավարար համարել, որոշ դեպքերում նաև՝ սպասելիքները գերազանցած: Ջախջախիչ հաղթանակ Մակեդոնիայի նկատմամբ, ռեկորդային հաղթանակ Ջիբրալթարի նկատմամբ՝ Յուրա Մովսիսյանի պոկերով, կարևոր արտագնա հաղթանակ Հունաստանի նկատմամբ և գեղեցիկ հաղթանակ Բոսնիայի հավաքականի նկատմամբ: Վերջին տարիներին Հայաստանի հավաքականը, կարծես, մոռացել էր, թե ինչ է ուժեղ հավաքականների նկատմամբ հաղթանակները, Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ հիշարժան շատ պահեր եղան (ի տարբերություն, օրինակ, Արթուր Պետրոսյանի, որի գլխավորությամբ միայն Մոնտենեգրոյի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակն էր):

Երկրորդ դեպքում Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ գերազանց հաղթանակներին նախորդում կամ հաջորդում էին ձախողումներ, որոնց պատճառով Հայաստանի հավաքականը զրկվեց Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելուց. 1-ինը եղավ հենց մեկնարկային խաղում, սեփական հարկի տակ ամոթալի պարտություն Ջիբրալթարի ընտրանուց: Այդ պարտության պատճառով Հայաստանի հավաքականը զրկվեց Ազգերի լիգայի խմբում հաղթելուց և 2020թ.-ի մարտին Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարելուց՝ արժեզրկելով 3 օր հետո Մակեդոնիայի նկատմամբ տարած փայլուն հաղթանակը: Երկրորդ ձախողումը՝ ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Լիխտեյնշտեյնի հետ ոչ-ոքին էր: Որքան էլ զարմանալի թվա, բայց այն նույնպես ճակատագրական նշանակություն կարող է ունենալ Եվրոյի ուղեգրի հարցում. բանն այն է, որ եթե Կոսովոյի հավաքականը ընտրական փուլի շնորհիվ ուղեգիր ձեռք բերի, ապա ազգերի լիգայի փլեյ-օֆֆում նրա տեղը զբաղեցնելու է Լյուքսեմբուրգի հավաքականը, որը լավագույն արդյունքն ունի երկրորդ տեղը գրաված թիմերի միջև: Իսկ եթե Հայաստանի հավաքականը հաղթեր Լիխտեյնշտեյնին, ապա Կոսովոյի տեղը հենց մեր թիմը կզբաղեցներ: Եվ վերջապես, երրորդը, ամենաթարմը, Լիխտեյնշտեյնի հետ ոչ-ոքին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Այն ուղեգիր ձեռք բերելու հարցը կտրուկ բարդացրեց, իսկ դրան հաջորդած Ֆինլանդիայից կրած երկրորդ պարտությունը խաչ քաշեց բոլոր հույսերի վրա: 


5. Խաղը, կադրային լուծումները, սխալները

Ավելորդ է նշել, որ պաշտպանության կենտրոնում խնդիրները լուծել չհաջողվեց, դրանում մարզչին դժվար է մեղադրել, կա կադրերի պակաս, և մարզիչները փորձում են իրենց լուծումները գտնել: Մի խաղում սխալվում էր Չալըշըրը, մյուսում նրան փոխարինում Իշխանյանը, մեկ խաղ անցկացնում բավարար մակարդակով, հաջորդում սխալվում, և այդպես շարունակ: Հարոյանը, ով անփոխարինել է մեկնարկային կազմում ու դարձել է պաշտպանության առաջատարը, հազվադեպ էր իր բարձրության վրա լինում: Փոխարենը, Գյուլբուդաղյանցը կարողացավ լուծել եզրերի հարցը: Նախ, մեկ տարվա մեջ էական խաղային պրոգրես ունեցավ Կամո Հովհաննիսյանը, ով աջ եզրում մեկնարկային կազմից դուրս մղեց Հովհաննես Համբարձումյանին: Մրցափուլի ընթացքում Գյուլբուդաղյանցը Կամոյին տեղափոխեց ձախ եզր, որտեղ վերջինս իրեն ևս լավ դրսևորեց, Համբարձումյանն էլ վերադարձավ աջ եզր: Հենակետային գոտում ամեն ինչ շատ թե քիչ նորմալ էր, երբ կար Կառլեն Մկրտչյանը, բայց նրա բացակայության պայմաններում Ռումյան Հովսեփյանը, Արտակ Գրիգորյանն ու Գոռ Մալաքյանը չկարողացան կենտրոնում վերահսկողություն ապահովել: Միգուցե, կարիք կար այդ գոտի տեղափոխել Չալըշրըին, ով ունի բավարար որակները այդտեղ հանդես գալու համար, սակայն Գյուլբուդաղյանցը նման քայլի չգնաց: Առջևում ճիշտ որոշում էր Մխիթարյանին կատարյալ ազատություն տալը, իսկ ահա Սարգիս Ադամյանի համար լավագույն դիրք գտնելն այդպես էլ չհաջողվեց, ակումբում երկրորդ հարձակվողի դիրքում բարձր մակարդակով գերազանց ֆուտբոլ ցույց տալուց հետո Ադամյանը հավաքականում եզրից բավականին միջակ խաղ էր ցույց տալիս: Փոխարենը, կենտրոնական հարձակվողի դիրքում Գյուլբուդաղյանցի մոտ ավելի շատ խաղաժամանակ սկսեց ստանալ Ալեքսանդր Կարապետյանը, ով Յուրա Մովսիսյանից հետո, թերևս լավագույնն է այդ դիրքում վերջին տարիներին:

6. Սկզբանական նպատակը

Ի սկզբանե նշվում էր, որ Գյուլբուդաղյանցի առջև նպատակ է դրված երիտասարդներին ազգային հավաքականում ներգրավելու, աստիճանաբար կազմում ընդգրկելու խնդիրը: Սերնդափոխության տարբեր եղանակներ կան, ինչպես արդեն նշեցինք, Մինասյանը 2009-2010թթ.-ին հրաժարվեց շատ փորձառու խաղացողներից՝ ի վնաս արդյունքների, բայց կազմում սկսեց ընդգրկել Մխիթարյանին, Ղազարյանին, Եդիգարյանին, Մկրտչյանին, որոնք արդեն հաջորդ շրջափուլերում սկսեցին իրենց որպես առաջատարներ դրսևորել: Գյուլբուդաղյանցի ժամանակ հավաքական հրավիրված երիտասարդ ֆուտբոլիստներն են,  Պետրոս Ավետիսյանը, Էդգար Բաբայանը, Էրիկ Վարդանյանը, Նորբերտո Բրիասկոն, Ալիկ Առաքելյանը, Ժոաո Մոնրոյ Արարատը, Արտուր Քարտաշյանը, Արթուր Միրանյանը (23 տարեկան և ցածր): Նրանցից ոչ ոք մեկնարկային կազմում չամրապնդվեց, Բրիասկոն շանս ստացավ, բայց ոչնչով աչքի չընկավ (միգուցե երկար թռիչքներն էլ իրենց ազդեցությունն ունեցան) Քարտաշյանի ու Առաքելյանի մոտ ակումբային ֆուտբոլում հետընթաց եղավ, և նրանց չհրավիրելը միանգամայն հասկանալի էր: Արարատին գործի մեջ չտեսանք: Ավետիսյանը, Միրանյանն ու Վարդանյանը լավ խաղ են ցուցադրում Հայաստանի առաջնությունում, բայց Գյուլբուդաղյանցի վստահությանը չարժանացան: Հատկապես Մխիթարյանի բացակայությամբ Վարդանյանի կազմում լինելը տրամաբանական էր թվում, բայց նորից ռիսկի չգնաց և վստահեց փորձառուներին: Իսկ Էդգար Բաբայանի փոխարեն մարզիչը վստահում էր Ղազարյանին: Երբեմն դա իրեն արդարացնում, երբեմն՝ ոչ: 

Ամփոփում

Միգուցե, Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը ինչ-որ առումով գերազանցեց սպասելիքները, արդյունքը նույնն է՝ ուղեգիր չկա, խաղն անկայուն է: Եթե նախորդ տարիներին անշուք խաղերին հաջորդում էին անշուք խաղերը, ապա Գյուլբուդաղյանցի օրոք եղան փայլատակումներ, կարգավորվեց հավաքականի մթնոլորտը, նորից հույսեր արթնացան ու նորից չհիմնավորված սպասելիքներ: Արդյունքի հոգեբանական ճնշումը թիմը չկարողացավ հաղթահարել, գլխից բարձր ցատկել չստացվեց: Դրանում մեղադրել մարզչին դժվար է: Իսկ ահա երիտասարդների պահով սպասելիքները չարդարացան: Արդյունքում, ունենք նույն խաղակցվածությամբ կազմը, որը այս շրջափուլում էլ ուղեգրի հարցը չլուծեց, իսկ հաջորդ շրջափուլին արդեն ևս երկու տարով մեծացած կլինի: Այնպես որ Գյուլբուդաղյանցի՝ հավաքականից հեռանալը տրամաբանական էր, որքանով էր այն ճիշտ շրջափուլի ավարտից երկու տուր առաջ, այլ հարց է: Այժմ հերթը մյուս մարզչինն է, բայց դա, ինչպես ասում են, արդեն լրիվ այլ պատմություն է:

Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000