Որոնել
Արխիվ
17.10.2019  20:25

Ֆինլանդիա - Հայաստան. ArmFootball.com-ի գնահատականները

Եվրո-2020-ի J խմբի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում պարտվեց Ֆինլանդիային։

ArmFootball.com-ը գնահատել է ֆուտբոլիստներին և մարզչին 10 բալային համակարգով։

Արամ Հայրապետյան՝ 5,0

Մեր դարպասապահը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է բերում սեփական դարպասին։ Առաջին գոլի դրվագում նա անհաշվենկատ դուրս եկավ դարպասից ու գնդակը նվիրեց մրցակցին։ Դա միակ դրվագը չէր, որ Հայրապետյանն անվստահ էր խաղում դարպասից դուրս գալիս։ Այնուամենայնիվ, նա 5 սեյվ է կատարել ու ընտրական փուլում այդ ցուցանիշով լավագույններից է։

Հայկ Իշխանյան՝ 4,5

Կենտրոնական պաշտպաններն այդ խաղը չափազանց անհաջող անցկացրին։ Մրցակցի 2-րդ և 3-րդ գոլերի դրվագում Իշխանյանը կորցրեց դիրքն ու չհասավ Պուկիի հետևից, ով մեն-մենակ հայտնվեց դարպասապահի դիմաց։ Գնդակը խլելու գործում նույնպես Իշխանյանը չի փայլել՝ դա անելով ընդամենը 1 անգամ, ինչը կենտրոնական պաշտպանի համար չափազանց վատ ցուցանիշ է, հատկապես, երբ գնդակն ավելի շատ մրցակցի մոտ էր ու մեր դարպասի ուղղությամբ գրոհների պակաս չկար։

Վարազդատ Հարոյան՝ 5,0

Հարոյանը նույնպես չի փայլել գնդակը խլելու առումով։ Նրա մոտ խաղի ընթացում դա չի ստացվել ոչ մի անգամ։ Վարազդատը նույնպես կորցնում էր դիրքը և մրցակիցն ազատություն էր ստանում հարձակման կենտրոնում։ Դա առավել ընդգծուն դարձավ երրորդ գոլի ժամանակ, երբ Հարոյանն ու Իշխանյանը կորցրեցին դիրքն ու կրկին մրցակիցը նրանց թիկունքում թողեց։ Նա, երբեմն, փորձում էր իր վրա վերցնել պաշտպանությունից դուրս գալու՝ գրոհ սկսելու պարտականությունները, բայց ոչ միշտ էր ստացվում։

Հովհաննես Համբարձումյան՝ 6,5

Աջ պաշտպանը լավագույնն էր մեր հավաքականում։ Նրան բարձր գնահատականի ենք արժանացրել մեկ ցուցանիշի համար, որը ֆանտաստիկ է։ Հովհաննեսը գնդակը մրցակցից խլել է 15 անգամ, ինչը խոսում է նրա անսահման նվիրվածության, ակտիվության ու կատարած աշխատանքի ծավալների մասին։ Խաղի ընթացքում անընդհատ «սևագործ» աշխատանք էր կատարում առանց գնդակի։ Գնդակով նրա մոտ ոչ միշտ էր ամեն ինչ ստացվում, բայց անդադար աշխատանքը պտուղներ չտալ չի կարող։

Արման Հովհաննիսյան՝ 5,0

Ձախ պաշտպանն, ինչպես նախորդ խաղում, վստահության պակաս ուներ։ Նա չէր համարձակվում առաջ փոխանցումներ կատարել և առաջ շարժվել եզրով՝ բացվելով ու առաջարկելով իրեն։ Նա Համբարձումյանից շատ ավելի քիչ աշխատանք է կատարել դաշտում առանց գնդակի։ 5 անգամ դիմել է երկար փոխանցումների օգնությանը, որոնցից 3-ը հասել են նպատակին, իսկ գնդակը մրցակցից խլել է 4 անգամ։

Արտակ Գրիգորյան՝ 4,5

Արտակի խաղը, ակնհայտորեն, չստացվեց։ Պարզ երևում էր, որ նա պատրաստ չէր դաշտ դուրս գալուն (անցած խաղում բացակայել էր վնասվածքի պատճառով)։ Արտակը դաշտում անցկացրեց 72 րոպե։ Հաճախ էր սխալվում, ակտիվ չէր, ճշգրիտ փոխանցումների քանակը շատ ցածր էր (20), խնդիր ուներ նաև ֆինների գրոհները կասեցնելու ու ազատ տարածությունները փակելու հետ կապված։ Միգուցե, նա դեռ ցավեր ուներ ու չէր կարողանում լիարժեք տրվել խաղին։

Ռումյան Հովսեփյան՝ 5,5

Ռումյանը՝ մեր երկրորդ հենակետայինը, միջինից փոքր ինչ ցածր մակարդակի հանդիպում անցկացրեց։ Նա, ի տարբերություն Արտակի, ավելի ակտիվ էր, հաճախ էր միանում գրոհներին։ Թերևս, միակ դրական բանը, որ կարելի է հիշել Ռումյանի խաղում՝ առաջին կեսում միջին տարածությունից կատարած վտանգավոր հարվածն էր, որը դարպասապահը դժվարությամբ հետ մղեց։ Գնդակը խլել է 3 անգամ, 1 սրող փոխանցում է կատարել, 2 անգամ մրցակցին շրջանցել է դրիբլինգի օգնությամբ։

Գևորգ Ղազարյան՝ 5,0

Գևորգը, ինչպես նախորդ հանդիպմանը, խաղում էր դաշտի տարբեր հատվածներում՝ մանևրելով ու չունենալով կոնկրետ խաղային դիրք։ Նա 77 րոպե խաղաց ու կրկին ձախողվեց։ Չէր կարողանում սրել խաղը, գնդակը քիչ էր ստանում ու նրա գործողություններում հոգնածություն, անվստահություն էր զգացվում։ Ընդամենը 15 ճշգրիտ փոխանցում է կատարել, 1 շեղ հարված, ընդամենը 1 հաջողված սրող փոխանցում։ Գևորգը կորում էր դաշտում ու սխալ դիրքեր զբաղեցնում։ Չէր հասցնում հակագրոհների ժամանակ առաջ շարժվել, իսկ հետին գծում նույնպես ոչ միշտ էր հասցնում՝ միշտ գտնվելով կես-դիրքում։ 

Տիգրան Բարսեղյան՝ 5,0

Աջ կիսապաշտպանը շատ մեծ ուժեր էր ներդրել Լիխտենշտեյնի հետ խաղում ու չէր հասցրել լիարժեք վերականգնվել։ Չկար այն արագությունը և կտրուկությունը, որը Տիգրանը հաճախ կարողանում է իրականացնել։ Նա խաղաց 65 րոպե, բայց, որքան էլ զարմանալի է, ոչ մի անգամ դրիբլինգի միջոցով չկարողացավ անցնել մրցակցին։ 2 անգամ հարվածել է դարպասին, մեկը՝ շեղ, 2 հաջողված սրող փոխանցում է կատարել։

Սարգիս Ադամյան՝ 5,5

Սարգիսը, ինչպես միշտ, շատ ակտիվ էր ձախ եզրում, բայց խոտանը շատ-շատ էր նրա գործողություններում։ Չէր կարողանում ճիշտ ժամանակին փոխանցումներ կատարել, ընտրում էր գրոհը զարգացնելու բարդ տարբերակներ՝ կորցնելով գնդակը։ Նա շատ գրոհներ փչացրեց կայացրած սխալ որոշումների պատճառով։ Փորձում էր խաղն իր վրա վերցնել՝ կատարելով անցումներ։ Երբեմն ստացվում էր, երբեմն էլ՝ ոչ, բայց միակ ֆուտբոլիստն էր, ով հարձակման գծում մեծ ակտիվություն էր դրսևորում, իսկ անհրաժեշտության դեպքում նահանջում էր՝ փորձելով օգնել հետին գծին։ Նրա կատարմամբ 3 սուր փոխանցում է հասել նպատակին, նույնքան անգամ էլ դրիբլինգի շնորհիվ թիկունքում է թողել մրցակցին։

Ալեքսանդր Կարապտյան՝ 4,5

Կենտրոնական հարձակվողն աչքի չընկավ ոչնչով։ Պասիվ էր ու դաշտում քիչ աշխատանք կատարց, բայց դա նաև կիսապաշտպանների մեղքն էր, ովքեր գնդակ չէին կարողանում հասցնել հարձակման սուր ծայր։ Կարապետյանը, գնդակ չստանալով, շատ էր նահանջում, տեղ զբաղեցնում միջին գծում։ Նա ունի փոխանցումների 64% ճշգրտություն, ինչը ցածր ցուցանիշ է։ 1 անգամ խաղից դուրս վիճակում է հայտնվել, կատարել ընդամենը 11 ճիշտ փոխանցում 90 րոպեների ընթացքում։

 

Փոխարինման մտած ֆուտբոլիստներ․

Արաս Օզբիլիս՝ 5,0

Նա դաշտում 25 րոպե անցկացրեց՝ փոխարինելով Բարսեղյանին, բայց մտավ խփած երկրորդ գոլից հետո, երբ հավաքականն արդեն հանձնվել էր։ Դա է պատճառը, որ առանձնապես աչքի չընկավ։ 2 հաջողված երկար փոխանցում է կատարել, 2 անգամ դրիբլինգով շրջանցել է մրցակցին, մեկ շեղ հարված կատարել․․․

Գոռ Մալաքյանը դաշտում 18 րոպե անցկացրեց՝ փոխարինելով Արտակ Գրիգորյանին, իսկ Էդգար Բաբայանը խաղաց 13 րոպե՝ մտնելով Գևորգ Ղազարյանի փոխարեն։ Նրանք քիչ են խաղացել, գնդակով հազվադեպ են եղել և գնահատական չունեն։

Արմեն Գյուլբուդաղյանց՝ 3,5

Կրկին, մենք ամենացածր գնահատականն ենք տվել մարզչին։ Ինչպես նշեցինք, Լիխտենշտեյնի հետ խաղից հետո՝ այս անգամ նույնպես թիմի գործողություններում չկար մարզչական ձեռագիր, մարտավարական հաջողված գոնե մեկ մտահաղացում։

Գևորգ Ղազարյանը կրկին օգտագործվում էր իր համար անսովոր իրավիճակում՝ մանևրելով դաշտում ու տարբեր դիրքեր զբաղեցնելով։ Նման պարտականություն պետք է դրվի ֆիզիկապես լավ պատրաստված, արագ ու դաշտի տարբեր դիրքերում խաղալու փորձ ունեցող ֆուտբոլիստի վրա, ինչպիսին, օրինակ, Մխիթարյանն է։ Մարզիչը 2-րդ խաղում անընդմեջ փորձում է Գևորգին որպես ջոկեր օգտագործել ու ձախողվում է։ Դրա մասին հանգամանալից գրեցինք ու քննադատության արժանացրեցինք Գյուլբուդաղյանցին Լիխտենշտեյնի հետ խաղից հետո։ 

Սարգիս Ադամյանին մարզիչն օգտագործում է ձախ եզրում և ֆուտբոլիստը չի կարողանում ցուցադրել իր լավագույն որակները։ Իր ակումբներում Սարգիսը հիմնականում խաղում է հարձակման, ենթահարձակման կենտրոնում՝ երբեմն խաղի ընթացքում տեղափոխվելով նաև եզրեր։ Այսինքն, հարձակման գծում նա ազատություն է ստանում և իրեն դրսևորում լավագույն որակներով։ Գյուլբուդաղյանցի կազմավորած թիմում Ադամյանը լավ տպավորւթյուն չի թողնում ոչ թե նրա համար որ նվիրված չէ, կամ լարվածությունը չափազանց մեծ է, այլ այն պատճառով, որ մարզիչը նրան սխալ է օգտագործում։ Գյուլբուդաղյանցը չի սիրում առաջ քաշված հարձակվողին կից ֆուտբոլիստ դնել, ով ոչ միայն կխաղա ենթահարձակվողի դիրքում, այլ հարձակման ցանկացած հատվածում՝ ազատված լինելով նահանջելուց և հիմնական ուժերը հետին գծում ծախսելուց։ Ադամյանի որակներով ֆուտբոլիստներին ճիշտ օգտագործելու, նրանից առավելագույնը քաղելու համար մարզչական մտքի ճկունություն է պետք, իսկ Գյուլբուդաղյանցն այդ մտքի ճկունությունը չունի և Սարգիսը դուրս է մնում նրա խաղային սխմայից։ 

Կատարած փոփոխությունները նույնպես հարցեր են առաջացնում։ Առաջին խաղակեսում գոլ ընդունեցինք, իսկ երկրորդի մեկնարկը ձախողեցինք և կրկին հայ երկրպագուներն «ատամները սեղմած» սպասում էին, թե ինչ է մտածելու մարզիչը խաղը շտկելու համար։ Ոչինչ չձեռնարկվեց և 61-րդ րոպեին ընդունեցինք երկրորդ գոլը։ Միայն այդ գոլից րոպեներ անց Գյուլբուդաղյանցը կատարեց փոփոխություն, ընդ որում, համարժեք՝ Բարսեղյանի փոխարեն դաշտ մտցնելով Օզբիլիսին։ Մարզիչը մինչև վերջ պահեց իր սիրած 2 հենակետայիններով մարտավարությունը։ 72-րդ րոպեին հետևեց հերթական համարժեք փոփոխությունը՝ հենակետայինի փոխարեն՝ հենակետային (Գրիգորյան-Մալաքյան)։ Միգուցե, պետք էր ռիսկի դիմել ու գոնե մեկ անգամ հետին գծի հաշվին հզորացնել առջևը։ Ինչու՞ չգնալ կտրուկ քայլերի, երբ թիմը պարտվում է և, ի վերջո, ի՞նչ տարբերություն՝ կզիջենք 2, 3 թե 4 գնդակի տարբերությամբ, երբ պարտությունը դատավճիռ է ու խմբից դուրս գալու շանսերը գրեթե հավասարվում են զրոյի։ Ո՞րն էր իմաստը 90 րոպե պահել 2 հենակետայինով խաղը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները, միգուցե, անգամ Գյուլբուդաղյանցը չգիտի։ Նա, պարզապես, այդպիսինն է էությամբ, աշխարհայացքով․․․ 

Ջիվան Օհանյան

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000