Որոնել
Արխիվ
17.10.2019  17:59

ՀԺ. Ավանի ակադեմիայում փոքր երեխաների պարապմունքներ կլինեն վճարովի, մարզիչների աշխատավարձերը բարձրացվել են

Ավանում գործող ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մի քանի տարիքային խմբերում պարապմունքներն այսուհետ կլինեն վճարովի: 6, 7, 8 եւ 9 տարեկանների խմբերում ընդգրկվածները՝ տվյալ դեպքում 2010-13 թթ. ծնված երեխաները, ամսական կվճարեն 7.000 դրամ: Նախկինում բոլոր տարիքային խմբերում բոլոր խմբակները եղել են անվճար: Նոր կարգը ներդրվել է այս աշնանը. ծնողները վճարել կսկսեն հոկտեմբերի 1-ից: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ակադեմիայի տնօրեն Արթուր Բաբայանը խոսել է որոշման պատճառների մասին: Ասել, որ նախկին համակարգով ակադեմիա ընդունվելու հնարավորությունից զրկվել են բազմաթիվ ցանկացողներ, քանի որ մարզիչների ու ենթակառուցվածքների սղության պատճառով իրենք ստիպված են եղել ընդունել սահմանափակ քանակությամբ երեխաների:

«Ի սկզբանե պարապմունքները եղել են անվճար, սակայն հետեւյալ կերպ են ընդունել. ընտրություն են կատարել: Բայց այդքան փոքր տարիքում շատ դժվար է ընտրություն անել: Կարող է՝ 6 տարեկան մի երեխա չընտրվի, բայց մեծ պոտենցիալ ունենա, ու եթե պարապեր, 2 տարի հետո «կբացվեր»: Շատ բողոքներ էինք ստանում, մեզ ասում էին՝ ոնց եք ընտրությունը կատարում. նա 6-7 տարեկան երեխա է: Բայց մենք ունեինք մարզիչների խիստ պակաս: 1 մարզիչը պետք է մարզի 22 երեխա: Նա դրանից ավելի քանակի երեխաների հետ չի կարող պարապել, արդյունավետությունը կընկնի»,- պատմել է նա:

Տնօրենը հստակ չգիտի, թե նախորդ տարիներին որքան է եղել տարեկան բյուջեն ու որքան գումար է տրամադրվել կոնկրետ վերը նշված տարիքային խմբերի համար, սակայն ընդգծել է, որ վճարովի համակարգով իրենք ոչ թե խնայելու են ակադեմիայի միջոցները, այլ փակելու են նոր ծախսերը, որոնց համար հավաքված գումարները, ըստ նրա, նույնիսկ չեն բավարարում: Նրա խոսքով՝ նշված տարիքային խմբերից յուրաքանչյուրում ավելացվել է 3-4 խումբ: Ըստ դրա՝ ավելացնել են նաեւ ծախսերը: Բարձրացել է մարզիչների աշխատավարձը. 110 հազարից դարձել է 160 հազար դրամ, ավելացել է ինչպես մարզիչների, այնպես էլ այլ աշխատակիցների քանակը, ձմռան ամիսներին անհրաժեշտ է լինելու Ավանին հարակից հանրակրթական դպրոցներում դահլիճներ վարձել, քանի որ այդ ժամանակահատվածում, երբ բնական խոտածածկով խաղադաշտերն օգտագործել հնարավոր չէ, ակադեմիայի արհեստական խոտածածկովներն ու ֆուտզալի դահլիճը բավարար չեն:

«Նոր մարզիչներ ավելացրինք, որպեսզի այդ խնդիրը չլինի, որ մենք երեխաների ընտրություն կատարենք: Քանի որ մեր դաշտերը սահմանափակ են, բոլոր թիմերին չենք կարողանում տեղավորել, ուրիշ դպրոցների մարզադահլիճներ ենք վարձելու: Դաշտերի խնամքը շատ թանկ հաճույք է: Դրանք շուտ շարքից դուրս են գալիս, խնամք են պահանջում, ջրել է պահանջում, նոր բանվորներ ենք ընդունել, որ խնամեն, մի հատ փոքրիկ դետալը, որ դաշտի վրա փոխվում է, ամենաքիչը 55 հազար դրամ է, այդ ջրող ցնցուղները, մյուսը, մյուսը... Մի քիչ ծախսերը փոխհատուցելու համար դարձրել ենք վճարովի: Ամենացածր գինը սահմանվել է մեզ մոտ 7.000 դրամ»,- ասել է Բաբայանը (խմբ. օրինակ՝ «Բանանց»-ում վճարովի խմբերի վարձը՝ 15 հազար, «Փյունիկ»-ում՝ 10 հազար դրամ է):

 Այժմ ակադեմիայում այս տարվա ընդունելությունը դեռ ընթացքի մեջ է: Այն կշարունակվի մինչեւ բոլոր խմբերը վերջնական ձեւավորվեն: Համալրումը, ըստ Բաբայանի դիտարկման, հնարավոր է՝ տեւի մինչեւ նոյեմբերի կեսերը: Նրա խոսքով՝ վճարելու հեռանկարը հետ չի պահում ծնողներին երեխաներին բերելուց, այլ հակառակը՝ հոսքը նույնիսկ ավելացել է:

«Ճիշտն ասած՝ դժգոհություններ մեզ չեն հասել, հակառակը, շնորհակալություն են հայտնում, քանի որ իրենց երեխան չէր կարողանում ընդունվել, որովհետեւ ընտրության ժամանակ դուրս էր մնում: Հիմա ում բերում են՝ ընդունում ենք, մինչեւ մեր խմբերը լրանան»,- ասաց նա:

Այս տարիքային խմբերի երեխաները միշտ չէ, որ մարզվելու են վճարովի խմբակներում: Այս պահին 2009 թ. ծնված եւ ավելի մեծ, այդ թվում՝ ՀՀ հավաքական թիմերի անդամ երեխաները, համապատասխան խմբերում մարզվում են անվճար: Այսինքն՝ 10 տարեկանից սկսած այն երեխաները, որոնք կունենան ֆուտբոլը շարունակելու համար բավարար որակներ, կմնան ակադեմիայում անվճար պարապելու, մյուսները դուրս կմնան:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000