Որոնել
Արխիվ
13.10.2019  01:21

Գյուլբուդաղյանց. «Մեկնարկային կազմի հարցում չեմ սխալվել, Օզբիլիսի փոխարինումն էր ուշացած»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ամփոփեց Լիխտենշտեյնի ընտրանու դեմ արտագնա խաղը (1:1):

- Չե՞ք կարծում, որ սխալվեցիք մեկնարկային կազմի հարցում, ինչպես նաև վերջին երկու փոխարինումներն ուշ կատարեցիք:

- Մեկնարկային կազմի հարցում չեմ համարում, որ սխալվեցի: Այդ կազմով հաղթում էինք` 1:0: Միայն Արաս Օզբիլիսի փոխարինումն ուշացրեցինք:

- Ի՞նչն էր պատճառը:

- Այն է, որ տվյալ ֆուտբոլիստը, որին նա պետք է փոխարիներ, շատ ակտիվ էր:

- Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կբացատրեք, թե ինչու այսպես ստացվեց` թիմը քիչ էր սուր գրոհում և շատ հակագրոհներ բաց թողնում:

- Երկու հակագրոհ ենք բաց թողել, որից մեկը գոլով ավարտվեց: Սուր պահերը շատ չէին, որովհետև վերջին փոխանցումը չէր ստացվում: Գնդակը լավ էինք վերահսկում: Մրցակիցը խորն էր պաշտպանվում, տարածություն չկար:

- Սարգիս Ադամյանի խաղը մեկնաբանեք: Արդյո՞ք չէր չարաշահում անհատական խաղը:

- Այո, եղավ մի քանի դրվագներ, որոնցում թիմակիցներն ազատ էին և նա պետք է փոխանցում կատարեր: Նրա մոտ խաբքերն այսօր այդքան լավ չէին ստացվում:

- Իսկ մրցակցի խաղը զարմացրե՞ց:

- Ոչ, սա այն էր, ինչ սպասում էինք: Պաշտպանվում էին և սպասում հակագրոհներին:

- Հաջորդ փուլ անցնելու հնարավորություններ դեռ կան: Ինչպե՞ս եք տրամադրելու թիմին:

- Պետք է հասցնենք վերականգնվել ու տրամադրել թիմին, որ լավ խաղանք Ֆինլանդիայում:

- Կամո Հովհաննիսյանի վիճակի մասին նորություն կա՞:

- Առավոտյան կիմանաք այդ մասին:

- Արդյո՞ք խաղի վրա ազդեց այն լուրը, որ Ֆինլանդիան պարտվել է Բոսնիայում:

- Ֆինլանդիայի հաշիվը գիտեինք և նույնիսկ խաղից առաջ, հանդերձարանում նշեցինք, որ դա չպետք է թյուրիմացություն ստեղծի, մեզ դժվար խաղ է սպասում:

- Հոգեբանական ի՞նչ աշխատանք է տարվում թիմի հետ, որ նման լավ պահերն օգտագործվեն թիմի կողմից, այլ ոչ թե շանսերը բաց թողնվեն:

-  Դեռ շանսեր կան: Կփորձենք մինչև վերջ չհանձնվել և արդյունքի հասնել:

- Մարկոսին վաղ փոխարինելու պատճառը ո՞րն էր:

- 60-րդ րոպեին փոխարինեցինք նրան: Տեսնենք, թե առաջիկա օրերին ինչպիսի վիճակում կլինի և արդյոք կկարողանա մասնակցել հաջորդ հանդիպմանը:

- Արթուր Միրանյանին, ով հավաքականում խաղալու փորձ չունի, արդյո՞ք նպատակահարմար էր այս խաղում և նման պահի փոխարինման դուրս բերել:

- Արթուրը եվրագավաթներում հանդես գալու փորձ ունի, որտեղ Լիխտենշտեյնից ավելի ուժեղ թիմերի դեմ է խաղացել ու գոլ խփել: Նրան ասպարեզ դուրս բերեցինք որպես երկրորդ  հարձակվող, որ կարողանանք գոլ խփել:

Տեսանյութը` Vivaro News-ի

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000