Որոնել
Արխիվ
11.10.2019  19:13

Անտոնիո Ֆլորես. «Ոչինչ միանգամից չի լինում, պետք է ցանես, հետո՝ հնձես»

Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի 1-ին խմբում Հայաստանի Մ21 հավաքականը երկրորդ հանդիպումն  անցկացրեց՝ Գյումրիի «Քաղաքային ստադիոնում» մրցելով Լյուքսեմբուրգի հասակակիցների հետ։ Մեր ընտրանին հաղթեց 2-0 հաշվով։ 

Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես եկավ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը, իսպանացի Անտոնիո Ֆլորեսը։

«Հանիպման ընթացքը վերահսկում էինք, բայց նյարդերը որոշակի ազդեցություն ունեին ֆուտբոլիստների վրա։ Նրանք ավելի լավ կարող էին սկսել, բայց, քանի որ ցանկանում էին հանդիսատեսին լավ խաղ ցուցադրել՝ նրանց ստիպեց որոշ սխալներ թույլ տալ։ Այնուամենայնիվ, խաղի ընթացքում նրանց մոտ վստահությունը շատացավ։ Միշտ աշխատում ենք ֆուտբոլիստների հետ և նրանց ասում, որ կարող են ավելի լավ խաղալ։ 

Կային պահեր, երբ մրցակիցն էր վերահսկում խաղը, բայց մեր թիմը լավ էր դասավորվում դաշտում ու կարողացանք վերահսկել մրցակցին։ Նրանք նույնպես գոլ խփելու հնարավորություններ ունեցան և, միգուցե, արժանի էին գոլ խփելուն, բայց ինձ համար հպարտություն է այն, որ տեսնում եմ, թե մեր ֆուտբոլիստներն ինչպես են աշխատում։ Նրանք քիչ-քիչ կաճեն խաղային որակներով։ Դա է ինձ համար ամենակարևորը։

Ամեն խաղ տարբեր է և Իտալիայի հետ կայանալիք հանդիպումը նույնպես այլ է լինելու։ Մենք գիտենք, որ թիմը մեծ ջանքեր է գործադրում և, օրինակ, Իռլանիայի հետ խաղում մեր թիմը շատ ուժ ծախսեց և մի քանի օր անց կայանալիք հանդիպումը ծանր ստացվեց։ Հասկանում էինք, որ այսօր պետք է ուժեր խնայել Իտալիայի հետ խաղի համար։ Բնականաբար, գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում Իտալիայի հավաքականը։ Չկա ոչ մի հեշտ հանդիպում, բայց չկա այնպիսի խաղ, որտեղ չես կարող հաղթել։

ՀՖՖ-ն իմ առջև նպատակ է դրել աճեցնել խաղացողներին, որպեսզի բարելավեն մարդկային և ֆուտբոլային որակները։ Մեր գլխավոր նպատակն այն է, որ այս ֆուտբոլիստնրը շուտով լինեն ազգային հավաքականում։ Հենց դրա վրա ենք հիմնվելու։

Մեր թիմը չէր ցանկանում շատ էներգիա ծախսել։ Դա է պատճառը, որ ավելի հանգիստ էին խաղում։

Առաջին խաղակեսում ես գոհ էի Վահան Բիչախչյանի խաղից, բայց հետո մրցակիցը սկսեց որոշակի ժամանակ վերահսկել հանդիպումը և տեսանք, որ պաշտպանական գործողություններում նրա մասնակցությունն այնքան էլ շատ չէր։ Նրա մոտ հոգնածություն նկատեցի և փոխարինեցինք։ Մենք դա արեցինք՝ մտածելով Վահանի մասին, որովհետև նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար և պետք չէր, որ նա ծախսի իր բոլոր ուժերն Իտալիայի հետ խաղից առաջ։

Մենք ունենք 3 դարպասապահներ, որոնք լավ որակներ ունեն։ 3 դարպասապահ էինք հրավիրել և նրանցից մեկին՝ Վարդան Շահատունիին հայտացուցակից դուրս թողնելը տեխնիկական պատճառ ունի։

Հովհաննես Հարությունյանը սպասվածից լավ հանդիպում չանցկացրեց։ Սպասում էինք, որովհետև ծանոթ էինք նրա որակներին։ Նա վնասվածքից հետո երկար ժամանակ չի խաղացել և այժմ մարզավիճակ հավաքելու փուլում է։ Նա տաղանդավոր է, լավ է խաղը կարդում, տեսնում է խաղադաշտը։ Հարությունյանը կարողանում է թիմին հավասարակշռություն հաղորդել։ 

Արթուր Դանիելյանը կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար։ Նա Բարձրագույն խմբում խաղաժամանակ է ստանում։ Դանիելյանի խաղային ռիթմը շատ բարձր է։ Մեր հավաքականը պաշտպանական աշխատանքներում երբեմն խնդիրներ է ունենում և Ալբերտ Խաչումյանի հետ (մյուս կենտրոնական պաշտպանը․ խմբ․) լավ են համագործակցում։ Դա է պատճառը, որ Դանիելյանը կենտրոնում է խաղում, չնայած նրան, որ իր թիմում եզրում է հանդես գալիս։

Երջանիկ Ղուբասարյանը (հայտավորված էր, բայց դաշտ դուրս չեկավ․ խմբ․) կարող է տարբեր դիրքերում հանդես գալ։ Կարող է դաշտի կենտրոնում, եզրում, կիսապաշտպանությունում․․․ Նա շատ հետաքրքիր ֆուտբոլիստ է։ Քանի որ Արման Մկրտչյանը հետ եկավ և Արթուր Դանիելյանն էլ ավելացավ՝ Երջանիկն այսօր հանդես չեկավ, բայց շատ կարևոր էր նրա ներկայությունը, որովհետև գիտեինք, որ ցանկացած պահի կարող է օգնել մեզ։ Նա մեծ առաջընթաց է գրանցում։

Ռուդիկ Մկրտչյանը (թիմի ավագ. խմբ․) տարբեր դիրքերում է հանդես գալիս։ Նրան, երբեմն, ասում ենք, թե ինչի վրա պետք է շատ աշխատի, որպեսզի կարողանա ամեն օր առաջընթաց գրանցել։ Նրա հետ առանձին զրուցեցի, որովհետև խաղադաշտում մի քանի գործողություններ արեց, որոնք ինձ դուր չեկան։ Նա դեղին քարտ ստացավ, ինչը լավ չէ թմի համար և այդ ամենը պետք է չկրկնվի։ Մենք միշտ հիշեցնում ենք ֆուտբոլիստներին, որ նման իրավիճակներ չկրկնվեն։ Նա շատ կարևոր խաղացող է մեզ համար և գնալով պրոգրես է գրանցում։

Մենք մեծ հույսեր ունենք Գերման Կուրբաշյանի հետ։ Նա չկա հայտացուցակում, որովհետև այս պահին թիմ չունի։ Նա շատ երիտասարդ է և պետք է աշխատել նպատակներին հասնելու համար։ 

Մեր ֆուտբոլիստներն իրենց թիմերում քիչ խաղաժամանակ են ստանում։ Դա խնդիր է, որն այսօր կա հայկական ֆուտբոլում և պետք է սկսել լուրջ լուծումներ գնել։ Շատ կցանկանայի, որպեսզի բոլոր խաղացողներն էլ հանդես գալու հնարավորություն ստանային իրենց թիմերում, որովհետև նրանց մոտ խաղային ռիթմ կձևավորվեր։ Դրա բացակայությունը շատ է զգացվում, երբ խաղում ես տարբեր հավաքականների հետ, որոնք ունեն այդ ռիթմը։ Անչափ կարևոր հարց է, որը պետք է լուծվի։

Մենք նոր ֆուտբոլիստների փնտրտուքի մեջ ենք։ Դա աշխատանք է, որն իրականացվում է։ Հետևում ենք դրսում գտնվող հայ խաղացողներին և, երբ հասկանանք, որ նրանցից որևէ մեկը մեզ պետք կգա՝ կկանչենք հավաքական։ Դրսում հանդես եկող ֆուտբոլիստներին շատ ուշադիր ենք հետևում։ Երբեմն, բախվում ենք խնդիրների, որովհետև նրանք Հայաստանի քաղաքացիություն չեն ունենում։ 

Պաշտպանական գծում մեր բոլոր խաղացողներն էլ ունեն բարելավելու տեղ։ Այդ գծում ունենք շատ հետաքրքիր ֆուտբոլիստներ, օրինակ՝ Արթուր Դանիելյանը, ով նոր է մեզ միացել։ Նա «Արարատ-Արմենիայում» է հանդես գալիս և խաղային ռիթմի մեջ է։ Նա բարելավելու տեղ ունի, որը շատ կարևոր է։ Ազգային հավաքականի մարզիչը կորոշի, թե ով պետք է միանա թիմին և որոնք պետք է դեռ սպասեն։ Մեր աշխատանքը նրանից ամենակարևորը քաղելն է։ Նրանցից նույնպես շատ բան է կախված, պետք է ապացուցեն, որ կարող են խաղալ ազգային հավաքականում։ 

Եկել ենք այստեղ, որպեսզի օգնենք բարելավել հայկական ֆուտբոլը։ Ցանկանում ենք, որպեսզի ֆուտբոլն այստեղ ավելի մրցակցային լինի։ Նպատակ ունենք հզորացնել երիտասարդ խաղացողներին, կրթել մարզիչներին։ Երիտասարդները պետք է օր օրի ավելի շատ հնարավորություն ունենալ աճելու, սովորելու և ավելի մրցունակ դառնալու։ Չենք կարող ասել, որ դա կտևի մեկ կամ երկու տարի։ Այն 13 տարեկան երեխաները, որոնք սկսել են առաջընթաց գրանցել՝ չեն կարող միանգամից հանդես գալ ազգային հավաքականում։ Սկզբից պետք է ցանես, հետո՝ հնձես։ Մենք այժմ այդ աշխատանքը կատարում ենք և անձնակազմում ամեն մեկն անում է այն, ինչը պետք է»,- Ֆլորեսի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000