Որոնել
Արխիվ
09.10.2019  16:34

Մեսսին ուշագրավ խոստովանություններ է կատարել հարցազրույցի ժամանակ

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին El Mon a RAC1-ին տված հարցարզույցում կարևոր խոստովանություններ է կատարել: Ինչպես ավելի վաղ գրել էինք, արգենտինացին պատմել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն առաջարկի է սպասել Մադրիդի «Ռեալից»: Ներկայացնում ենք այլ թեմաների վերաբերյալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի խոսքերը.

«Բարսելոնայից» հեռանալու մտքեր

«Ժամանակ կար, երբ որոշակի իրադարձությունների պատճառով ինձ ամբողջովին «քամված» էի զգում: Խնդիրներ ունեի Իսպանիայի հարկային ծառայությունների հետ, հատկապես 2013-2014 թվականներին: Դա բարդ ժամանակ էր իմ ու ընտանիքիս համար: Ֆուտբոլիստների դեմ դատավարությունների շարքում իմ դեպքն առաջինն էր, այդ պատճառով շատ ավելի դժվար էր ելքը գտնել: Լավ է, որ երեխաս շատ փոքր էր և չէր հասկանում ինչ է կատարվում: Այդ ժամանակ մտածում էի Իսպանիայից հեռանալու մասին: Բայց ոչ այն պատճառով, որ ցանկանում էի լքել «Բարսելոնան», այլ ստեղծված իրավիճակից դուրս գալու»:

«Ռեալի» ու Կրիշտիանու Ռոնալդուի մասին

««Ռեալը» մինչև մրցաշրջանի ավարտը պայքարելու է տիտղոսների համար, որովհետև նրա կազմում շատ լավ ֆուտբոլիստներ կան: Բայց Կրիշտիանուի հեռանալու ժամանակ արդեն պարզ էր, որ նրա կորուստը զգալի կլինի: Կուզեի, որ նա մնար «Ռեալում»:

Լեոյին դուր չի գալիս, որ նրան աստված են անվանում

«Ինձ դա չի անհանգստացնում, բայց դուր էլ չի գալիս: Հասկանում եմ, որ մարդիկ վատ իմաստով չեն ասում, սակայն դա չափազանցվածություն է: Հատկապես, ինձ աստված համարելու մասին խոսքերը լսում են իմ երեխաները և կրկնում: Լավ չէ, որ նրանք ստիպված են նման բաներ լսել»:

VAR-ի մասին

«Ինձ դուր է գալիս VAR-ը, բայց համակարգը ճիշտ չեն օգագործում: Տեսակրկնությունները ստեղծվել են կասկածները փարատելու համար, բայց դա դեռ չենք տեսնում»:

Գրիզմանի հետ տարաձայնությունների մասին

«Սուտ է, որ Գրիզմանին չէի ցանկանում տեսնել մեր թիմում: Նրա տրանսֆերի մասին խոսում էի դեռ նախորդ ամառ: Երբեք նրա կամ նրա շրջապատի հետ խնդիրներ չեմ ունեցել: Նրա ու ցանկացածի համար դժվար է հարմարվել «Բարսելոնայի» ֆուտբոլին, եթե ակումբի սան չէ: Չեմ կասկածում, որ ժամանակի ընթացքում նա կհարմարվի մեր խաղին:

Կարիերայի ամենահիշվող խաղը

«Ամենաշատը տպավորվել է 2010-11 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրփակչի` «Ռեալի» դեմ Մադրիդում կայացած խաղը, երբ հաղթեցինք 2:0 հաշվով: Չեմ կարող ասել, թե դա իմ լավագույն խաղն էր, բայց ամենայուրահատուկն էր»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000