Որոնել
Արխիվ
01.10.2019  15:29

Չելոյանց. «Երբ 700 հազար դոլարից ավելի ծախսում ես ենթակառուցվածքի վրա՝ դժվար է նոր խաղացողներ ձեռք բերել»

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մամուլի ասուլիսով հանես է եկել «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը։  

«Ես, որպես ակումբի սեփականատեր, նախորդ մրցաշրջանը համարել եմ հաջողված։ Մենք զբաղեցրեցինք երրորդ տեղը, բայց հետո եվրագավաթներում շատ անհաջող հանդես եկանք։ Եկեք բաց խոսենք՝ այս մրցաշրջանի սկիզբը ձախողված էր «Ուրարտուի» համար, բայց դա իր պատճառներն ուներ։

Անցած մրցաշրջանում մենք ոչ միայն բրոնզե մեդալ ենք նվաճել, չնայած, կարող էինք ավելի բարձր տեղ զբաղեցնել։ Եվ այսպես, ի՞նչ է արվել ակումբում նախորդ մրցաշրջանում։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացրել ենք ենթակառուցվածքների վրա։ Արել ենք այն, ինչը վաղուց երազել ենք: Ստադիոնում ապահովել ենք ջեռուցում, ավտոջրման համակարգ, նոր խոտածածկ, լուսավորություն, իսկ ամենակարևորը՝ լուսավորություն մարզման դաշտերում, որպեսզի կախված չլինենք ժամից՝ կապված մարզումների հետ։ Սրանք արվել են նախորդ մրցաշրջանի ընթացքում։ 

Ակումբի կառուցվածքը կատարելագործվում է։ Արդեն ասացի, որ այս մրցաշրջանն անհաջող ենք սկսել, բայց, երբ 700 հազար դոլարից ավելի ծախսում ես ենթակառուցվածքների վրա՝ դժվար է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել։ Հասկանում եք չէ՞, որ 700 հազար դոլարով կարելի է մեկ ամբողջ թիմ հավաքել՝ լավ խաղացողներով համալրված։ Պետք էր ընտրել և մենք ընտրեցինք, ինչպես միշտ, երեխաներին։ Կարծում եմ, որ ճիշտ ենք արել։ 

Վերջերս կարդացի Մ19 հավաքականի կազմը և սկզբում զարմացա, որ մեզանից ընդամենը 3 ֆուտբոլիստ են վերցրել։ Մտածում էի, որ թույլ ենք աշխատել, բայց հետո հաշվեցի, թե որքան են մեր ֆուտբոլիստները ԲԿՄԱ-ից։ Նրանք մերն են և այնտեղ են վարձավճարով։ Մենք 10-11 ներկայացուցիչներ ունեինք։ Կարող եմ վստահորեն ասել, որ նման քանակությամբ խաղացողներ տարբեր տարիքային հավաքականներին չի տալիս Հայաստանի ոչ մի ակումբ։ Դա իմ ամենամեծ հպարտությունն է։ Մեդալը լավ է, հաճելի, բայց կան գլխավորները, որոնք ինձ ուրախացնում են։

Կարևոր է՝ 16 տարին չլրացած խաղացողների համար, որոնց հետ դեռ չի կարելի պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել, փոխհատուցում վճարելը։ Դա հարց է, որն իր հետևից շատ խնդիրներ է ձգում։ Եթե շարունակենք ձգել այդ հարցը՝ վախենամ, որ Հայաստանում ֆուտբոլ չի լինի։

Ռուսաստանում կա «Անժի» անունով ակումբ։ Այդ ակումբ եկավ ունևոր անձնավորություն, շատ արագ մեծ գումարներ ծախսեց, թիմն առաջնությունում 3-րդ տեղը գրավեց ու մասնակցեց եվրագավաթներին։ Այժմ այդ ակումբը երկրորդ լիգայի մրցաշարային աղյուսակի ներքևում է։ Փողերը չեն խաղում ֆուտբոլ, այլ՝ մարդիկ»,- Չելոյանցի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000