Ուշագրավ տրանսֆերներ, որոնք կայացել են վերջին օրերին
Տրանսֆերային պատուհանի ավարտին մնում է 1 օր, սակայն մինչև այդ շատ ակումբներ ավարտում են բանակցությունները և հայտարարում գործարքների մասին: ArmFootball.com-ն մեկ լուրով առանձնացրել է վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ուշագրավ տրանսֆերները, որոնց մենք չէինք անդրադարձել:
Իտալիայում «Ատալանտայի» վերելքի օրինակը տպավորել է շատերին և միջակ ակումբները սկսել են շանքեր գործադրել ուժեղ թիմ կառուցելու համար: Ընթացիկ ամռանը շատերին զարմացրեց Ռաջա Նաինգոլանի վերադարձը «Կալյարի»: Սարդինիացիները դրանով չեն սահմանափակվել: «Կալյարին» ներկայումս քիչ փող ունենալու պատճառով վարձակալության է դիմել, սակայն համալրվել է շատ որակյալ ֆուտբոլիստներով: Վարձավճարով «Ռոմայից» կղզիաբնակ թիմ է տեղափոխվել դարպասապահ Ռոբին Օլսենը, իսկ «Ֆիրոենտինայից»` հարձակվող Ջովանի Սիմեոնեն: Վերջինս տրանսֆերը «Կալյարին» պարտավոր է մեկ տարուց գնել 16 միլիոն եվրոյով:
Վերջին օրերին կրկին ակտիվացած «Ռոման» բաժանվել է նաև հարձակվող Գրեգուար Դեֆրելին: 29-ամյա հարձակվողին 3 միլիոն եվրոյով վարձակալել է «Սասուոլոն», որը պարտավոր է 9 միլիոնով գնել ամբողջական տրանսֆերը:
Բրիտանացի միլիարդատերի ակումբ դարձած «Նիցան» շարունակում է արագորեն համալրվել: Ֆրանսիական թիմին է նաև միացել ՊՍԺ-ի պաշտպան Սթենլի Նսոկին: Նրա համար վճարվել է 12 միլիոն եվրո:
«Միլանում» այդպես էլ չամրապնդված Դիեգո Լաքսալտը տեղափոխվել է «Տորինո»: Ուրուգվայցու վարձակալության համար վճարվելու է կես միլիոն եվրո: «Տորինոն» իրավունք ունի հետագայում 11,5 միլիոնով գնել ամբողջական տրանսֆերը:
Երևանում կայացած մինչև 19 տարեկանների Եվրո-2019-ի հերոսներից մեկը` Խուան Միրանդան հեռացել է «Բարսելոնայից»: «Բլաուգրանան» երկու տարվա վարձակալությամբ իսպանացի ձախ պաշտպանին ուղարկել է գերմանական «Շալկե 04»:
«Հոֆենհայմը» մեկնարկային կազմում հայտնվելու համար նոր խնդիր է ստղծել Սարգիս Ադամյանի համար` վարձակալելով «Բրայթոնի» ֆուտբոլիստ Յուրգեն Լոկադիային: Հոլանդացին ձախողվեց Անգլիայում, բայց ժամանակին տպավորիչ արդյունավետություն ուներ իր հարազատ «ՊՍՎ Էնդհովենում»:
«Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» նախկին պաշտպան Մարտին Կասերեսը շարունակում է վերջին տարիներին հաճախ թիմեր փոխել: Ուրուգվայցու նոր հանգրվանը «Ֆիորենտինան» է, որի հետ նա 1 տարվա պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակով:
Երկար ժամանակ «Էվերթոնում» խաղալուց հետո իրեն հարմրավետ թիմ չի գտնում բելգիացի Կևին Միրալյասը: «Ֆիորենտինայում» վարձակալությամբ անցկացրած մրցաշրջանից հետո 31-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Անտվերպեն»:
Վերջում մի քանի լուր Ռուսաստանից: «Սպարտակն» իր համար խոշոր` 12 միլիոն եվրոյով գնել է չեխական «Սլավիայի» կիսապաշտպան Ալեքս Կռալին: Դա Չեխիայի առաջնության երկրորդ ամենաթանկ վաճառքն է: Ռեկորդը նախկինի պես պատկանում է Թոմաշ Ռոսիցկուն, ում համար Դորտմունդի «Բորուսսիան» 14 միլիոն էր վճարել:
Համարլվել են նաև մոսկվացիների սկզբունքային մրցակիցները: «Զենիթը» «Պորտուից» վարձակալել է Յորդան Օսորիոյին, որին հետագայում կարող է գնել 9 միլիոն եվրոյով: Իսկ Մոսկվայի «Դինամոյին» է միացել «Ջենոայի» կիսապաշտպան Օսկար Հիլմարկը: Շվեդի համար վճարվել է 500 հազար եվրո: