Որոնել
Արխիվ
31.08.2019  16:32

Հայաստան Մ-21 - Թուրքիա Մ21. 11 տարի անց. Որտե՞ղ են լեգենդար հաղթանակը կորզած տղաները

2008թ.-ի օգոստոսի 20-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը տարավ իր պատմության տպավորիչ հաղթանակներից մեկը՝ 2-1 հաշվով պարտության մատնելով Թուրքիային՝ երկու գոլերն էլ խփելով հանդիպման վերջին րոպեներին: ArmFootball.com-ը ներկայացնում է, թե այս որտեղ են այս պահին հաղթանակ կերտած ֆուտբոլիստները:

Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»). Մասնակցեց ամբողջ խաղին, մի քանի անգամ փրկեց թիմին, բաց թողած գոլում իր մեղքը չկար:

Որոշ ժամանակ այդ տարիների անփոփոխ չեմպիոնի կազմում անցկացնելուց հետո Մելիքսեթյանը տեղափոխվեց Դիլիջանի «Իմպուլս», որտեղ աշխատում էր երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը։ Այնուհետև՝ մի շարք իրանական ու հայկական թիմեր, և վերջապես, 2017թ.-ից Մելիքսեթյանը հաստատվեց «Գանձասար-Կապանում»։ Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում և մինչ օրս հրավիրվում է։

Կարեն Խաչատրյան («Փյունիկ»). Մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Իր տարիքի համեմատ շատ հասուն խաղ էր ցուցադրում, նրա հետ մեծ հույսեր էին կապում, առավել ևս, որ իր խաղով շատ էր նմանեցնում հորը՝ Վարդան Խաչատրյանին։ Սակայն «Փյունիկի» այն ժամանակվա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հետ եղած կոնֆիլկտից հետո կարիերան անկում ապրեց, չկարողացավ հաստատվել «Ուլիսում», «Բանանցում» և «Միկայում» ու 2016թ.-ին ավարտեց կարիերան։ Ներկայումս վերադարձել է ֆուտբոլ և ընդգրկվել նորաստեղծ «Անիի» կազմում։ Ընթացիկ առաջնությունում մասնակցում է թիմի բոլոր հանդիպումներին՝ մեկնարկային կազմում։

Արթուր Ստեփանյան («Չեռնոմորեց» Նովոռոսիյսկ). Փոխարինվեց 77-րդ րոպեին: Ընդհանուր առմամբ, կենտրոնական պաշտպանները վատ հանդիպում չանցկացրին, բայց որոշ դրվագներում գործողություններն անհամաձայնեցված էին, բաց թողած գոլի ժամանակ չհասցրին ապահովագրել դարպասապահ Մելիքսեթյանին, ով առաջին հարվածը հետ էր մղել:

Բարձրահասակ պաշտպան, ով գերազանց էր խաղում երկրորդ հարկում։ Սարատովի «Սոկոլի» սանը բոլոր տվյալներն ուներ բարձրակարգ պաշտպան դառնալու համար։ 2008թ.-ին տեղափոխվեց ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող Պերմի «Ամկար», սակայն հիմնական կազմում ընդգրկվել չհաջողվեց։ Մի շարք վարձակալություներ, վնասվածքներ, այնուհետև՝ Ռուսաստանի Առաջին և երկրորդ դիվիզիոնների պահեստայինների նստարաններ։ 2015թ.-ին, լինելով «Աստրախանի» ֆուտբոլիստ, ավարտեց կարիերան։

Միխեիլ Սիմոնյան («Արարատ»). Թիմի ավագը: Սիմոնյանը կենտրոնական պաշտպան էր, բայց այս խաղում կատարում էր աջ պաշտպանի պարտականությունները: Նրա սխալից հետո ծնվեց թիմի բաց թողած գոլը:

Աթենքում ծնված Սիմոնյանը, ով նաև Վրաստանի քաղաքացիություն ուներ, պատանի տարիքում եկել էր Հայաստան և մանկապատենական կարիերան անցկացրել «Արաքսում»: 2005թ.-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի բոլոր հանդիպումներին: Սակայն դառնալ ազգային հավաքականի անդամ այդպես էլ չստացվեց:: Կարիերայի ընթացքում 10 ակումբ փոխեց, խաղաց հայկական գրեթե բոլոր թիմերում՝ «Կոտայքում», «Փյունիկում», «Ուլիսում» (երկու անգամ), «Արարատում» (երեք անգամ), «Գանձասարում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», հանդես եկավ նաև Հունաստանի առաջին դիվիզիոնում, Լիբանանում… Թիմերից մի քանիսում կարողացավ հիմնական կազմի խաղացող դառնալ, բայց ոչ մի տեղ երկար չմնաց: 2015թ.-ին երրորդ անգամ միացավ «Արարատին», բայց վնասվածքները խանգարեցին, և մեկ տարի անց ավարտեց կարիերան: Ներկա պահին բնակվում է Աթենքում:

Արտակ Անդրիկյան («Փյունիկ»). Մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Փակում էր պաշտպանության ձախ եզրը:

«Փյունիկի» այն ժամանակվա մյուս երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստների պես Անդրիկյանը նորամուտը հիմնական կազմում նշեց բավականին շուտ՝ 19 տարեկան հասակում, և բավականին շուտ էլ՝ նորամուտից 3 տարի անց, հեռացավ թիմից: 4 տարի «Ուլիսում», հետո կարճ ժամանակ «Արարատում» ու «Ալաշկերտում», վերադարձ «Ուլիս», որի կազմում մասնակցեց եվրագավաթների խաղարկությանը: Կարիերայում էական առաջխաղացում չկար, և Անդրիկյանը տեղափոխվեց ԱՄՆ: Այնտեղ կարճ ժամանակ հանդես եկավ նորաբաց «Լաս Վեգաս» թիմի կազմում, խաղաց Ռոնալդինյոյի հետ մի թիմում, իսկ այժմ նույն Լաս Վեգասում զբաղված է մարզչական աշխատանքով:

Նորայր Սահակյան («Փյունիկ»). Խաղում էր աջ եզրային կիսապաշտպանի դիրքում, շատ ակտիվ էր, բայց նրա փոխանցումներից հետո թիմակիցները վրիպում էին: Վերջնամասում հոգնել էր և 83-րդ րոպեին փոխարինվեց:

2005թ.-ին Սահակյանը 17 տարեկան հասակում նշել էր նորամուտը «Փյունիկի» կազմում,  մասնակցել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերի, 2008թ.-ին էլ երեք հանդիպում անցկացրեց ազգային հավաքականի կազմում: 2010թ.-ին իր թիմակից Անդրիկյանի պես տեղափոխվեց երկրի նորընծա չեմպիոն «Ուլիս», դարձավ թիմի առաջատարներից մեկը: 2014թ.-ին տեղափոխվեց «Ալաշկերտ», սակայն կարիերան նահանջ էր ապրում, և մեկ տարի անց ավարտեց կարիերան: Ներկա պահին խաղում է ֆուտզալի տարբեր լիգաներում (ֆան լիգա, բիզնես լիգա), ինչպես նաև մասնակցում վետերանների խաղերի՝ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստների հետ միասին:


Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»). Հենակետային կիսապաշտպանը, ինչպես միշտ, անընդհատ պայքարի մեջ էր, իսկ 89-րդ րոպեին դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը:

Մկրտչյանն ազգային հավաքականում իր նորամուտը, Սահակյանի պես, նշել էր դեռևս 2005թ.-ի սկզբին: Բավականին արագ դարձավ «Փյունիկի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը, 2009թ.-ից ամրապնդվեց ազգային հավաքականի կազմում, մասնակցեց հավաքականի լեգենդար հաղթակներին: Ակումբային կարիերայում ևս գործերը հաջող էին ընթանում՝ Դոնեցկի «Մետալուրգ», Մախաչկալայի «Անժի», սակայն մի քանի վնասվածքներից հետո որոշակի անկում սկսվեց: Այժմ Մկրտչյանը հարազատ «Փյունիկում» է, որտեղ նորից առանցքային ֆուտբոլիստ է դարձել ու վերադարձրել իր տեղը հավաքականի հիմնական կազմում:

Արթուր Եդիգարյան («Փյունիկ»). Մկրտչյանի հետ միասին կազմում էին հենակետային կիսապաշտպանների զույգը: Իրացնում էր ստանդարտներից շատերը, 89-րդ րոպեին էլ մոտեցավ գնդակին, որ իրացնի տուգանայինը, սակայն…

Արթուր Եդիգարյանը հարազատ «Փյունիկից» հեռացավ 2010թ.-ին՝ վարձակալություններ իրանական «Պասում» և «Բանանցում», իսկ 2012թ.-ին արդեն ազատ տրանսֆեր՝ մերձմոսկովյան «Խիմկի»: Արտասահմանյան թիմերից լավագույն կերպով իրեն կարողացավ ցուցադրել ղազախական «Կայրաթում», իսկ 2016թ.-ին Մինսկի «Դինամոյից» տեղափոխվեց «Ալաշկերտ», որի կազմում ևս երեք անգամ Հայաստանի չեմպիոն դարձավ: Այս տարի Եդիգարյանը նախ հեռացավ «Ալաշկերտից»՝ մեկնելով Սերբիա, իսկ հետո վերադարձավ Խաշմանյանի թիմ: Ազգային հավաքականի կազմում 40 հանդիպում է անցկացրել, սակայն 2015թ.-ից այս կողմ չի հրավիրվում: Մարկո Ռոյսը կցանկանար, որ Եդիգարյանը չհրավիրվեր 2014թ.-ից…

Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»). Թիմի առաջատարը, ամենատաղանդավոր ֆուտբոլիստը: Մխիթարյանի լավագույն խաղերից չէր, բայց 90+4-րդ րոպեին, 1-1 հաշվի ժամանակ նա ստացավ Գոհարյանի փոխանցումը…

«Փյունիկ», «Մետալուրգ», «Շախտյոր», «Բորուսսիա», «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ»: 2017թ.-ի Եվրոպայի լիգայի գավաթակիր: Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու: 

Գևորգ Ղազարյան («Փյունիկ»). Առանձնանում էր ցանկությամբ, վտանգավոր էր մրցակցի դարպասի մոտ, սակայն գոլի հեղինակ դառնալ չստացվեց (պահեր ուներ): Փոխարինվեց 64-րդ րոպեին:

Ղազարյանը, Մխիթարյանի պես, մինչև օրս հանդես է գալիս արտասահմանում (ԱԵԼ Լիմասոլ): Այս սերնդի այն ֆուտբոլիստներից է, ով լավ կարիերա ունի թե հավաքականում, թե ակումբային ֆուտբոլում:

Հովհաննես Գոհարյան («Լոկոմոտիվ» Մոսկվա). Հաղթանակի գլխավոր կերտողներից մեկը: Անհույս իրավիճակում անընդհատ ոգրոևում ու առաջ էր տանում թիմակիցներին: 89-րդ րոպեին գնդակը վերցրեց Եդիգարյանի ձեռքից և ինքը իրացրեց տուգանայինը, որից հետո Մկրտչյանը հավասարեցրեց հաշիվը: 94-րդ րոպեին հիանալի փոխանցմամբ առաջ նետեց Մխիթարյանին, ով խփեց հաղթական գնդակը:

Սպասվում էր, որ Գոհարյանը փայլուն կարիերա է ունենալու, նա «Լոկոմոտիվի» երիտասարդական կազմի լավագույն ռմբարկուն էր, ազգային հավաքականում էլ նորամուտը նշեց ու նույնիսկ գրավեց Բելգիայի հավաքականի դարպասը: Սակայն «Լոկոմոտիվում» հիմնական կազմում խաղալու հնարավորություն այդպես էլ չստացավ, ստիպված տեղափոխվեց ԲԱՏԷ: Բելառուսում չստացվեց, եկավ «Փյունիկ», այնուհետև «Իմպուլս», «Լոկոմոտիվ-2»… Բնավորությունն ու վնասվածքները խանգարում էին Գոհարյանին, իսկ ցանկացած ընդմիջումից կամ վնասվածքից հետո նա վերադառնում էր ավելորդ կիլոգրամներով: 2 տարի ֆուտբոլ չխաղալուց և գուլպաների բիզնեսով զբաղվելուց հետո վերադարձավ Հայաստան՝ «Ուլիս», 100 կգ.-ից ավել քաշով մի պահ գլխավորում էր առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: Սակայն 2015թ.-ին վերջնական ավարտեց կարիերան: Աշխատեց Մոսկվայի «Նիկայում»՝ որպես գլխավոր մարզիչ, իսկ ներկայում դարձել է գործակալ:

Արսեն Բալաբեկյան («Բանանց»). 64-րդ րոպեին փոխարինեց Ղազարյանին: Սկսեց հաղթական գոլի գրոհը:

Պատանի հասակում Բալաբեկյանն աչքի էր ընկնում «Կոտայքում», 2005թ.-ին տեղափոխվեց Բարձրագույն խմբի առաջատարներից մեկի՝ «Բանանցի» կազմ, որտեղ հաճախ էր լինում մեկնարկային կազմում: 7 տարի «Բանանցում» անցկացնելուց հետո տեղափոխվեց «Ուլիս», որտեղ ֆինանսական խնդիրներ կային: «Արարատում» և «Ալաշկերտում» իր լավագույն խաղը այլևս ցույց չէր տալիս, խանգարում էին վնասվածքները, և 2016թ.-ին ավարտեց կարիերան: Ներկայումս բնակվում է Երևանում, ֆուտբոլի գործունեություն չի ծավալում:

Հայկ Չիլինգարյան («Փյունիկ»). 77-րդ րոպեին փոխարինեց Արթուր Ստեփանյանին:

Այն որ, Հենրիխ Մխիթարյանը պատանի տարիքում մի քանի ամսով եղել է Բրազիլիայում և մարզվել «Սան Պաուլոյի» կազմում՝ շատերը գիտեն, իսկ, որ նրա հետ Բրազիլիա է մեկնել նաև Հայկ Չիլինգարյանը՝ քչերին է հայտնի: Արսեն Չիլինգարյանի որդին «Փյունիկի» լավագույն սաներից էր և սպասվում էր, որ ապագայում կարող է բավականին ուժեղ պաշտպան դառնալ: Սակայն նորից խանգարեցին վնասվածքները: Չստացվեց նաև Լեհաստանի  և Ֆրանսիայի ցածր լիգաներում: 2006թ.-ից լինելով մեծ ֆուտբոլում՝ Չիլինգարյանը հաշված խաղերի է կարողացել մասնակցել: 27 տարեկանում ավարտեց կարիերան, և այժմ ֆուտբոլային գործունեությամբ չի զբաղվում:

Գևորգ Նռանյան («Արարատ»). Փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին, ունեցավ գոլ խփելու մեկ հնարավորություն:

Նռանյանը բավականին վաղ հեռացավ «Փյունիկից» ու տեղափոխվեց «Արարատ»: Առանցքային ֆուտբոլիստ էր 2008թ.-ի «Արարատի» ուժեղ կազմում: Հանդես գալով հայկական մի շարք թիմերում՝ 2017թ.-ին տեղափոխվեց «Գանձասար», որտեղ նրան կենտրոնական հարձակվողի դիրքից տեղափոխեցին կենտրոնական պաշտպանի դիրք: Նախորդ մրցաշրջանում մեկ անգամ նույնիսկ դարպասապահի դիրք զբաղեցրեց:

Մնացին պահեստայինների նստարանին

Գևորգ Պռազյան («Արարատ») - Երկար տարիներ հանդիսանում էր Հայաստանի առաջնության լավագույն դարպասապահներից մեկը: 2017թ.-ին ավարտեց կարիերան, այժմ դարպասապահների մարզիչ է:

Վարանց Բզդիկյան («Օլիմպիկ Մարսել») - Ֆրանսիական ֆուտբոլի սան, որը մեծ ֆուտբոլում ամրապնդվել չկարողացավ: 2016թ.-ին հանդես էր գալիս Լիբանանի «Ալ-Նեժմեհում», այնուհետև ավարտեց կարիերան:

Ալեքսանդր Պետրոսյան («Գանձասար»). 2005թ.-ին Մ-19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների եզրափակիչ փուլին, սակայն «Փյունիկում» ամրապնդվել չստացվեց: Հանդես եկավ հայկական և իրանական մի շարք թիմերում: Կարիերան ավարտելուց հետո այս տարի անցավ մարզչական աշխատնքի՝ «Արարատում»:

Վահե Մեհրաբյան («Արարատ») - «Փյունիկի» ևս մեկ սան, ով բավականին շուտ տեղափոխվեց «Արարատ»: 2008թ.-ին «Փյունիկի» դարպասը մոտ 40 մետրից խփած գոլը Հայաստանի առաջնությունների պատմության լավագույն գոլերից մեկն է: 2012թ.-ից այս կողմ նրա մասին ֆուտբոլային տեղեկություններ չկան:

Գլխավոր մարզիչը՝ Վարուժան Սուքիասյան

Աշխատելով «Արարատում»՝ Սուքիասյանը նաև համատեղում էր երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Մրցաշրջանից հետո հեռացավ հավաքականից՝ տեղը զիջելով Ֆլեմինգ Սերիցլևին: 2016թ.-ին նորից գլխավորեց ազգային հավաքականը, անհաջողությունների շարքից հետո հեռացվեց, հետո «Ալաշկերտի» հետ դարձավ Հայաստանի չեմպիոն, նախորդ մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո աշխատանք չունի:

 

Ռաֆաել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000