Որոնել
Արխիվ
22.08.2019  22:32

Մինասյան. «Ի տարբերություն վրացական թիմի՝ «Դյուդելանժն» ավելի թիմային է խաղում»

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» ու հաղթեց`2-1:

Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես եկավ հայկական թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

«Երկու թիմերի համար էլ դժվար խաղ ստացվեց։ Խաղի սցենարն այնպիսին էր, որ նրանք էլ կարող էին հաղթել։ Միակ կարևոր բանը, որն այսօր ինձ գոհացրեց՝ թիմի բնավորությունն էր, որը ցույց տվեցինք վերջին 15 րոպեներին։ 

Ի տարբերություն մեր նախորդ մրցակցի՝ «Սաբուրթալոյի», «Դյուդելանժն» ավելի թիմային ֆուտբոլ է ցուցադրում։ Վրացական թիմում կային ուժեղ անհատներ, իսկ այստեղ ավելի լավ է համակարգված միասնական գործողությունները։ «Դյուդելանժի» դեմ ավելի դժվար է խաղալ, որովհետև անհատներին ինչ-որ ձևով վերահսկել հնարավոր է։ Համենայն դեպս, տեսանք այն, ինչ սպասում էինք։ 

Իրոք, մրցակիցն ինձ վրա շատ լավ տպավորություն թողեց։ Ինչ-որ տեղ նաև զարմանալի է, որովհետև կարծում էինք, թե նրանք ավելի շատ ուժային ֆուտբոլ պետք է խաղան, բայց նրանց խաղակցվածությունը շատ բարձր մակարդակի վրա է։

Մրցակիցը երկրորդ խաղակեսում սկսեց դաշտի կենտրոնը վերահսկել և մենք փոխարինում կատարեցինք։ Մենք ավելացրեցինք խաղի վերջին րոպեներին, այնպես որ, ֆիզիկական առումով չզիջեցինք նրանց։ Զիջեց միայն Ալեքս Դամչևսկին (կենտրոնական պաշտպան, խմբ․), բայց դա նրանից էր, որ նա երկար ժամանակ դաշտ դուրս չէր եկել։

Դմիտրի Գուզը մեր պաշտպանական գծի առաջատարն է, բայց Դամչևսկին նրան լավ փոխարինեց։ Լավ է, որ մեր թիմի ավագը մյուս խաղում կվերադառնա, որովհետև նրա ներկայությունը մեզ համար շատ կարևոր է։ 

Մրցակիցը կարողանում է հեշտ հաղթահարել մեր հենակետային գոտին։ Դա խնդիր է և մենք պետք է ուղղենք նման սխալները։

Անտոն Կոբյալկոն (հարձակվող) կախյալ ֆուտբոլիստ է։ Նա կախված է Պետրոս Ավետիսյանից, ում մոտ այսօր այնքան էլ լավ չստացվեց։ Չնայած, ես նրան շատ եմ վստահում և նա ինձ համար շատ կարևոր խաղացող է։ Կոբյալկոն շատ էր աշխատում, բայց արդյունավետությունը ցածր էր հենց այդ պատճառով։ Փառք Աստծո, Օգանան շատ լավ մտավ փոխարինման ու կարողացավ գոլային պահը ստեղծել։

Կոջոն այն ֆուտբոլիստներից մեկն է, որին ես անվերապահորեն վստահում եմ։ Մեծ ցանկություն ունեմ, որ խաղա իր ազգային հավաքականում (Կոտ-Դ՛Իվուար)։ Մեր թիմում շատացել են ագային հավաքականի ֆուտբոլիստներ։ Նրանց առաջ չէին հրավիրում, բայց, օրինակ, Պաշովը հրավիրվել է, Անտոնովը նույնպես հրավիրվել է երկար ընդմիջումից հետո, կարծես, Սանոգոն՝ նույնպես։ Հուսով եմ՝ այդ թիվը կավելանա։ Ինչ վերաբերվում է Կոջոյին՝ նա լիովին արժանի է դրան։ Ես նրա համար մեծ ապագա եմ տեսնում։

1-1 հաշվի ժամանակ չէինք խաղա 2 հարձակվողով, որովհետև դա «վա բանկ» է, իսկ «Գանձասարի» հետ խաղում դաշտ դուրս բերեցինք երկրորդ հարձակվողին, որովհետև դա Հայաստանի առաջնությունն է և այդտեղ դեռ 30 տուր խաղալու ենք և կարող ենք մեզ թույլ տալ ռիսկի դիմել։

Այսօր մենք դրվագներով ենք դիմել պրեսինգի։ Մենք հիմնականում միջին գծում էինք դիմավորում մրցակցին։ Եթե պրեսինգ չկա՝ կենտրոնական պաշտպանը պետք է հարձակվողից 2-3 մետր կտրված խաղա։ Դա էր մեր խնդիրը, որ մրցակիցը կարողանում էր երկար փոխանցման միջոցով թիկունքում թողնել մեր պաշտպաններին։

Այն, ինչ զգացել եմ Հայաստանի հավաքականը մարզելու տարիներին՝ նման հույզեր, էմոցիաներ երբևէ չեմ ապրել։ Եվ չգիտեմ, երբևէ կզգամ դա, թե՝ չէ։ Ազգային հավաքականը լրիվ այլ մակարդակ է։ Ես երբեք դա ոչնչի հետ չեմ համեմատի, որովհետև այն այլ հարթության վրա է։

Մենք 3 օրից խաղալու ենք «Երևանի» հետ, որին խնդրել ենք, որ Վանաձորից խաղը տեղափոխվի Երևան։ Մենք 2 կազմ ունենք և այդ խաղում կօգտագործեմ երկրորդ կազմը»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000