Որոնել
Արխիվ
22.08.2019  21:48

Ֆերրերա. «Հաշիվը համապատասխանում էր խաղի ընթացքին, բայց դեռ ոչինչ ավարտված չէ»

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» ու հաղթեց`2-1: 

Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես է եկել հյուրերի գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերրերան։

«Իմ առաջադրանքը, բնականաբար, պարտվելը չէր։ Առաջին 15 րոպեները բարդ ստացվեցին մեր թիմի համար։ Հետո մենք պահեր ունեինք, բայց նույնիսկ դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս գալուց հետո չկարողացանք գոլ խփել։ Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք վերահսկում խաղը, բայց վերջնամասում կրկին գոլ բաց թողեցինք։

ԵԼ-ի խմբային փուլի բոլոր մրցակիցներն էլ բարդ են։ Նախորդ երկու թիմերի հետ նույնպես դժվար էր խաղալ, բայց այսօր մրցակիցը շատ հզոր էր։ Այնուամենայնիվ, պետք չէ համեմատել թիմերին։ Յուրաքանչյուրն ունի իր խաղաոճը։

Հիմա բարդ է ասել, թե արդյո՞ք հնարավորություն կա հաջորդ փուլ դուրս գալու, բայց այնպես չէ, որ մրցակիցը նույնպես կարող է վստահ լինել, որ ապահովել է Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիրը։

Ինչպես նշեցի՝ առաջին խաղակեսը մեզ համար բարդ ստացվեց, բայց երկրորդում գոլ խփեցինք ու կարող էինք ևս մեկ անգամ աչքի ընկնել անկյունայինի խաղարկումից հետո։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս հաշիվը համապատասխանում էր խաղի ընթացքին։ Մեզ համար այս խաղը շատ բարդ էր, բայց վստահ կարող եմ ասել, որ «Արարատ-Արմենիայի» համար նույնպես հեշտ չէր։

Կարող եմ ասել, որ հնարավոր է ամեն ինչ և դիմակայությունը դեռ ավարտված չէ։ Նրանք երկրորդ գոլը խփեցին վերջին րոպեներին, բայց 2-1 հաշիվը նույնպես արտագնա խաղում վատ արդյունք չէ»,- Ֆերրերայի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000