Որոնել
Արխիվ
14.08.2019  19:10

Տնօրեն-ֆուտբոլիստ, ծեծկռտուք, գետի մեջ հայտնված գնդակ. Առաջին դիվիզիոնի երկրորդ տուրի կուրյոզներն ու ամփոփումը

Նախօրդ օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության երկրորդ տուրի հանդիպումները:

Հաշվի առնելով, որ երկար տարիներ անց Առաջին դիվիզիոնը վերջապես համալրվեց նոր թիմերով, մեկնարկում, և միգուցե, ամբողջ առաջնության ընթացքում, տուրերը համեմված են լինելու հետաքրքիր իրադարձություններով, կուրյոզներով, զավեշտներով ու մի փոքր անհեթեթ իրավիճակներով: Նախ, հենց սկզբից հետաձգվեցին «Լեռնային Արցախի» հանդիպումները, քանի որ վերջիններս ներկա պահին մասնակցում են Համահայկական խաղերին… Այնուհետև առաջնության մասնակցությունից հրաժարվեց «Մակարավանքը»: Պատճառը՝ Աչաջուրի մարզադաշտի տրամադրման ուշացումն էր: Համենայն դեպս, այդպես էր պաշտոնական ձևակերպումը: «Մակարավանքում» հանդես էին գալու «Բանանց-3»-ի ֆուտբոլիստները, հիմա նրանք, փաստացի, պետք է մնան «Բանանցի» համակարգում, իսկ թե որ ակումբում կխաղան, հավանաբար, կորոշեն ակումբի մարզիչները:

Ի տարբերություն առաջին տուրի՝ երկրորդ չկայացած հանդիպումներ չեղան: «Սևան» ՖԱ-ն ժամանակին հայտավորել էր բոլոր պաշտոնյաներին, «Մասիսն» ու «Դիլիջանը» իրենց կազմերով ներկայացել էին խաղերին:

Սակայն դա բավարար չէր, որ այս տուրը ևս անցնի առանց միջադեպերի:

Խոշոր սկանդալ տեղի ունեցավ Չարենցավանում, նորաստեղծ «Վանը» իր մարզադաշտտում հյուրընկալել էր «Լոկոմոտիվին» և հաղթում էր 1-0 հաշվով, սակայն խաղի վերջում տեղի ունեցավ ծեծկռտուք, և խաղն անավարտ մնաց:

 

Ներկայումս երկուստեք մեղադրանքներ են հնչում, «Վանը» մեղադրում է մրցակցին, որ վերջիններս սադրել են, մարզիչն ու ֆուտբոլիրստները հայհոյել են, ակումբի սեփականատերն էլ ներխուժել է դաշտ, կռիվ հրահրել ու թիմին տարել խաղադաշտից: «Լոկոմոտիվում» ասում են, որ ակումբի ղեկավարը թիմին հանել է խաղադաշտից, քանի որ հյուրընկալ կողմը չի ապահովել խաղի անվտանգությունը:

 Հյուրերի հրապարակած տեսանյութում երևում է, որ «Լոկոմոտիվի» կողմից հայհոյանքների մեծ տարափ էր տեղում դեպի մրցավարը, և, միգուցե, նաև դեպի մրցակիցը: Նաև ակնհայտ էր, որ անվտանգության աշխատակիցները քիչ էին, և ի վիճակի չէին վերահսկել իրավիճակը: Երևում է նաև, որ «Վանի» սպորտային տնօրեն Սևադա Արզումանյանը հարվածում է «Լոկոմոտիվի» սեփականատիրոջը, իսկ հետո մի երիտասարդի կողմից (ըստ որոշ աղբյուրների՝ հենց սեփականատիրոջ որդու կողմից) երկու ուժեղ հարված է ստանում դեմքին:

Հրապարակած ևս մեկ տեսանյությում ակնհայտ է դառնում, որ «Լոկոմոտիվի» սեփականատեր Հրաչ Քանանյանը բարձր հայհոյում և հեռանում է, իսկ Սևադա Արզումանյանը, որը շատ ակտիվ մասնակցում էր ցանկացած իրադարձության, որոշեց ոտքով հարվածել «Լոկոմոտիվի» ղեկավարներից մեկին։ Այդ հարվածից հետո կրկին քաշքշուք տեղի ունեցավ։

Վերջում Պարզ է, որ երկու կողմերն էլ խոշոր տուգանքներ են կրելու ՀՖՖ-ի կողմից: Պարզ է նաև, որ «Լոկոմոտիվը» հիմա պետք է նոր խաղադաշտ փնտրի, քանի որ Չարենցավանում, որտեղ պետք է երևանցիները խաղային իրենց տնային հանդիպումները, այլևս նրանց չեն ողջունի: Իսկ թե ինչ որոշում կկայացնի ՀՖՖ-ն, այս պահին դժվար է ասել:

Իր նորամուտը առաջնությունում նշեցին նաև «Դիլիջանն» ու «Մասիսը»: Երկուսն էլ ջախջախիչ պարտություններ կրեցին: «Մասիսն» ընդհանրապես, 9 գնդակ բաց թողեց «Ուրարտուի» փոխարինողներից, Էրիկ Պետրոսյանի հինգ գոլերը մեծ ներդրում ունեցան այդ ջախջախման մեջ: Ընդհանրապես, Էրիկը այն մակարդակն ունի, որ հանգիստ կարող է հանդես գալ Բարձրագույն խմբի թիմերից մեկի հիմնական կազմում, եթե ոչ առաջատար, ապա գոնե միջին հորիզոնականների թիմերից մեկում, սակայն հարազատ ակումբում նրան չեն վստահում, և Էրիկը այժմ հանդես է գալիս երկրորդ թիմում:

Իսկ «Մասիսի» կազմում հայտավորված է եղել ընդհամենը 14 ֆուտբոլիստ, ընդ որում, նրանցից մեկը՝ Արթուր Ոսկանյանը, ով փոխարինման է դուրս եկել 27-րդ րոպեին և հետ փոխարինվել 55-ին, նաև ակումբի տնօրենն է հանդիսանում… 

«Դիլիջանը», կարծես, ընդհանրապես պահեստայինների նստարան չի ունեցել, 1-5 հաշվով պարտությունն «Արագածից» միանգամայն կանխատեսելի էր: «Դիլիջանի» կազմում ծանոթ դեմքեր ենք տեսնում՝ դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանն ու հարձակվող Սեմյոն Մուրադյանը ժամանակին հանդես են եկել Բարձրագույն խմբում: Էդվարդը «Փյունիկի» սան է, Հայաստանի չեմպիոն, խաղացել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերում, իսկ Սեմյոնը «Միկայի» հիմնական կազմի ֆուտբոլիստ էր: Սակայն «Արագածի» կազմ ավելի փորձառու է՝ հավաքականի նախկին թեկնածու Ալեն Համբարձումյան, Բարձրագույն խմբում հանդես եկած Ալեն Կարապետյան, Սուրեն Առաքելյան, Մուրադ Ասատրյան, լեգիոներներ...

Այս խաղի մասին էլ ուշագրավ գրառում է կատարել «Արագածի» մամուլի քարտուղար Արման Առաքելյանը. «Մեր գնդակներից մեկը հայտնվել էր գետում: Խնդիրն այն էր, որ գետի պարիսպը մոտ 3-4 մետր էր: Ստիպված եղա ինչ-որ կերպ ցատկել գետի քարերին և փրկել գնդակը: Այնուհետև, բարձրանալը անհնարին էր թվում... որևէ կերպ հնարավոր չէր բարձրանալ պարիսպը: Օգնության եկավ ավագը` Ալեն Համբարձումյանը. նա մյուսների օգնությամբ պարզեց ոտքը, որից բռնվելով` մի կերպ բարձրացա: Մեկը բոլորի ու բոլորը մեկի համար»:

Իսկ ընդհանուր առմամբ, առաջին տուրերից հետո կարող ենք առանձնացնել, որ առնվազն երեք թիմերի միջև պետք է պայքար ծավալվի Բարձրագույն խմբի ուղեգրի համար: «Վեստ Արմենիան» երկու տուրից հետո երկու հաղթանակ ունի, և բավականին լավ տպավորություն է թողնում:  «Արագածը» փորձառու կազմ է հավաքել, «Վանը»: Այս թիմերի գետ պետք է մրցակցեն նաև «Լոկոմոտիվն» ու «Սևանը», դեռ հարցական է, թե իրենից ինչ է ներկայացնելու «Լեռնային Արցախը»: Մյուս կողմից, հետաքրքիր է լինելու հետևել նաև Հայաստանի երիտասարդական հավաքականին, կամ մեկ այլ բառով՝ ԲԿՄԱ-ին: Իսկ կուրյոզները և զավեշտները այս առաջնությունում դեռ շատ կլինեն, դրանցում կասկածներ չկան…

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000