Որոնել
Արխիվ
06.08.2019  22:25

Մինասյան. «Մրցակիցը մեզ չզարմացրեց, ֆունկցիոնալ առումով զիջեցինք երկրորդ կեսում»

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» մրցեց վրացական «Սաբուրթալոյի» հետ «Հանրապետական» ստադիոնում ու պարտվեց՝ 1-2։ 

Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես եկավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

«Այն, ինչ պլանավորել էինք առաջին խաղակեսում՝ արեցինք։ Երկրորդ խաղակեսի 65-70-րդ րոպեից հետո թիմի մոտ ֆունկցիոնալ խնդիրներ զգացվեցին և սկսեցինք մեկը մեկի դեմ պայքարում պարտվել։ Հենց այդտեղից եկան մրցակցի գոլերը։ Այսօր մեզ չհերիքեցին փորձն ու ֆունկցիոնալ վիճակը։ Վրաստանի առաջնությունն ընթացքի մեջ է և մրցակիցը տոնուսի մեջ էր։

Այնպես չէ, որ միշտ վատ ենք խաղում երկրորդ խաղակեսում, պարզապես, հաճախ չենք օգտագործել մեր ստեղծած պահերը։ Այսօր ամբողջ թիմի մոտ հոգնածություն նկատվեց վերջնամասում։ Պատճառն այն է, որ սա մեր ընդամենը 5-րդ խաղն էր այս առաջնությունում։ Այստեղ առկա է նաև մրցակցի գործոնը։ Առաջին խաղակեսում մենք մեծ էներգիա կորցրինք, որովհետև փորձում էինք անընդհատ ճնշում գործադրել։ Խաղի առաջին 5-10 րոպեների ընթացքում այնքան էլ չստացվեց, բայց հետո մենք վերահսկում էինք գնդակը, իսկ կորցնելու դեպքում՝ անմիջապես վերադարձնում, որը մեզանից մեծ էներգիա խլեց։

Մրցակիցն անփորձ է եվրագավաթներում, բայց, չմոռանանք, որ մոտ 20 տարվա պատմություն ունի, իսկ մենք՝ ոչ։ Բացի այդ, այս ամռանը մենք նոր ֆուտբոլիստներ ենք ձեռք բերել։ Ժամանակ է պետք, որ խաղակցվածությունը լավ մակարդակի վրա հասցնենք։ Առաջին խաղակեսում ամեն ինչ ճիշտ էինք անում և, եթե ճիշտ եմ հիշում, ընդամենը 2 հարված են կատարել դարպասին, այն էլ՝ հեռվից։ Կարողանում էինք փակել մրցակցին ու ճիշտ գրոհել եզրերով։ 

Մեզ մրցակիցը ոչնչով չի զարմացրել։ Մենք տեսանք այն, ինչ սպասում էինք։ Արդեն նշեցի, թե պարտությունն ինչի պատճառով էր։ Թիմը երկրորդ խաղակեսում հոգնել էր ու պարտվում էր մենապայքարներում։ Նրանք խաղակցվածությունով մեզանից ավելի բարձր էին, իսկ մենք դեռ կայանալու խնդիր ունենք։ Չես կարող բերել նոր ֆուտբոլիստների, անմիջապես դնել մեկնարկային կազմում և նրանք լավ խաղան։ Կարող է առանձին դրվագներում հաջող գործողություն կատարեն, բայց երբեմն էլ՝ չստացվի։ Մեզ ժամանակ է պետք։

Սպասում էի, որ խնդիրներ ունենալու ենք երկրորդ խաղակեսում։ Ցանկալի կլիներ, որ օգտագործեինք մեր պահերն ու խփեինք երկրորդ գոլը, որպեսզի ավելի հանգիստ մոտենայինք երկրորդ խաղակեսին։ Պետք է խաղից խաղ զարգանանք աշխատանքի շնորհիվ, այլ ճանապարհ չեմ տեսնում։ Գնալու ենք Թբիլիսի ու խաղանք հաղթանակի համար։ Դա՝ միանշանակ, բայց չեմ ուզում առաջ ընկնել, որովհետև մինչև այդ՝ օգոստոսի 10-ին, Հայաստանի առաջնության հանդիպում ունենք անցկացնելու։ Հիմա մեր բոլոր մտքերը ուղղված են «Գանձասարի» հետ կայանալիք հանդիպմանը։

Նրանց խաղացողներից մեկը չկարողացավ գալ Երևան (վիզայի հետ կապված խնդիրների պատճառով՝ Ալվին Տարա․ խմբ․), բայց մեր կողմն ամեն ինչ արեց, որպեսզի նա կարողանա ժամանել։ Հուսով եմ՝ մենք նույնպես մեկնելիս խնդիրներ չենք ունենա»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000