Որոնել
Արխիվ
30.07.2019  15:01

Յուրա Մովսիսյան. «Տխուր էր, քանի որ հայկական ֆուտբոլը տուժեց, որովհետև կոնկրետ մարդիկ որոշեցին, որ իրենք ամեն ինչից վեր են»

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը WiseNuts-ի ռադիոեթերի ընթացքում անդրադարձել է Ռուբեն Հայրապետյանի հետ կոնֆլիկտին:

- Շատ բան կատարվեց այդ ընթացքում: Տեղի ունեցան բաներ, որոնք չպետք է լինեին, և այդ ամենը շատ տխուր էր: Ես չեմ ուզում մանրանալ, որովհետև ինձ համար անցյալը անցյալ է, ժամանակը ամեն ինչ ցույց է տալիս: Ի վերջո, հետագայում տեղի ունեցածը ապացուցեց, որ ես ճիշտ էի ու ես մեղավոր չէի:

Ճիշտ չէ, երբ մարդը մեղադրում է քեզ կոնկրետ ինչ-որ բանի համար, չունենալով ոչ մի բան: Ես կարող էի ինքս ինձ պաշտպանել, բայց որոշեցի անտեսել այդ ամենը, ժամանակ չծախսել, չկենտրոնանալ դրա վրա: Տխուր էր այն, որ հայկական ֆուտբոլը տուժեց դրա պատճառով: Հայկական ֆուտբոլը պատժվեց, որովհետև կոնկրետ մարդիկ որոշեցին, որ իրենք ամեն ինչից վեր են: Ինչու՞ անունը չեմ տալիս (հաղորդավարը հարցնում է և ինքն էլ նշում՝ բոլորս գիտենք ում մասին է խոսքը - խմբ.):

Գիտեք, ես երբեք հետևից չեմ խոսում, եթե ասելու բան ունենամ, ասում եմ ուղիղ նրան, երբ տեսնում եմ: Չեմ վերցնում բարձրախոսը և խոսում մեկի մասին, ով հազարավոր մղոններ այն կողմ է, իմ դիմացը չի, և ի կարող ինքն իրեն պաշտպանել: Իսկ այս պարագայում այդպես էր: Խոսքը միայն իմ մասին չէր: Նույնը եղավ Ռոբերտի (Արզումանյան - խմբ.), Կասպարովի հետ: Այն ամենը ինչ մեր մասին ասվում էր... Ինչ էլ անես, չես կարող թաքցնել: Եթե լավ բան չես անում, չես կարող կոծկել, ամեն ինչ հայտնի կդառնա: Պարզապես ցավալի էր, տխուր էր ինձ համար տեսնել, թե ինչպես են մարդիկ խոսում, ինչ են նրանք ասում: Տխուր էր, քանի որ ճանաչում էի այդ մարդկանց: Ես ուրիշ հայացքներ ունեմ, ես հարգում եմ մարդկանց, ես հարգում էի կոնկրետ այդ մարդուն մինչև տեղի ունեցածը: Նա այնպիսի բաներ էր խոսում, որ պատկերացումից դուրս էր:

Ասում էր՝ 100 տոկոսով չեն ներդրել ուժերը: Քեզ մոտ ի՞նչ է, էկրան կար աչքիդ առաջ, որտեղ գրվում էր իմ տոկոսնե՞րը: Եթե դու կարող ես վերահսկել որոշ մարդկանց, ասել նրանց՝ ինչ անեն, դա դեռ չի նշանակում, որ բոլորին կարող ես թելադրել: Դու ամեն ինչից վեր չես: Ես ինքս ինձ հարգում եմ, ոչ ոք չի կարող ինձ հետ վերևից խոսել: Խոսա ինձ հետ ուղիղ՝ դեմ առ դեմ, ասա՝ ինչ կա, եթե սխալ եմ գործել:

Ամենազվարճալին այս ամբողջ իրավիճակում, երբ պատմում էր, թե ինչպես էի կարտ քշում: Ես երբեք իմ կյանքում չեմ քշել կարտ, առավել ևս Հայաստանում: Ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրեր արդյունքի համար, և, քանի որ նրանք չեն կարողանում ընդունել իրենց մեղքը, պետք է այն գցեն մեկ ուրիշի վրա: Ես ու Ռոբը մեղադրվեցինք թիմի ձախողման համար: Սա թիմ է, երբ հաղթում ես, հաղթում ես թիմով, երբ պարտվում ես, պարտվում ես թիմով: Այո, վատ ժամանակաշրջան էր, վատ հանդիպումների շարք: Այդպես պատահում է: Բայց, երբ խոսում ես առանձին խաղերի մասին, հատկապես Ֆրանսիայի հետ խաղի մասին... Ես ու Ռոբերտը նույնիսկ չենք մասնակցել խաղին: 

Ես առաջին անգամ եմ սա պատմում. ես ու Ռոբը ժամանեցինք հավաքականի ճամբար վնասվածքով: Խոսեցինք մարզչի՝ Հովսեփյան Սաքոյի հետ, Սաքոն գիտեր, որ վնասվածք ունենք, իսկ դա ընկերական հանդիպում էր, երեք օր անց պաշտոնական խաղ կար Ալբանիայի դեմ: Թիմում բոլորը գիտեին, որ Ֆրանսիայի հետ ես ու Ռոբը չենք խաղալու, քանի որ վնասվածք ունենք: Մեկ ամիս առաջ Դանիայի հետ խաղի ժամանակ էի վնասվածք ստացել: «Սպարտակում» բուժվում էի, դեռ լրիվ չէի ապաքինվել: Ազգային հավաքականի խաղերից առաջ մեկ հանդիպում անցկացրի «Սպարտակի» կազմում, որպեսզի հավաքականի խաղին տոնուսի մեջ լինեմ: Մարզչի հետ համաձայնության եկանք, որ իմաստ չկա խաղալ Ֆրանսիայի հետ, քանի որ դա ընկերական խաղ էր, իսկ 3 օր անց Ալբանիայի դեմ խաղը չափազանց կարևոր էր: Սաքոն պարզապես խնդրեց, որ ես ու Ռոբը մեկնենք թիմի հետ, աջակցենք թիմին: 

Գնացինք՝ իմանալով, որ չենք խաղալու, բոլորը գիտեին՝ մարզիչը, թիմը, ամբողջ աշխատակազմը, բոլորը: Երբ ասում եմ բոլորը, խոսքը ամենավերևում գտնվողների մասին էլ է: Առանձին խոսել եմ յուրաքանչյուրի հետ: Իսկ նա հետո կանգնում, ասում է՝ նրանք չէին ուզում խաղալ:

Նման բաները, երբ մեկը մի բան է ասում, հետո հեռվից ուրիշ բաներ է սկսում խոսել, ապշեցնում է...,- նշել է Մովսիսյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000