Որոնել
Արխիվ
28.07.2019  13:48

Ծանրամարտ. Պեկինից Տոկիո՝ զգույշ քայլերով. Քանի օլիմպիական ուղեգիր կարող են ունենալ հայ ծանրորդները

Ինչպես հայտնի է, Ռիոյի օլիմպիական խաղերից առաջ և դրանից հետո վերաբացված բազմաթիվ դոպինգ նմուշների ստուգումների արդյունքում բազմաթիվ մարզիկներ որակազրկվեցին, և դրանց մեծ մասը ծանրորդներ էին:

Հատկապես «աչքի էին ընկել» Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի մարզիկները, «անմասն» չմնացին նաև ծանրամարտի այլ գերտերություններ՝ Չինաստանը, Հայաստանը... Մասնավորապես, Հայաստանը զրկվեց Տիգրան Մարտիրոսյանի (կրտսեր) և Հռիփսիմե Խուրշուդյանի նվաճած բրոնզե մեդալներից համապատասխանաբար 2008 և 2012թթ.-ին, դրական արդյունք էին տվել նաև Մելինե Դալուզյանի և Նորայր Վարդանյանի դոպինգ նմուշները:

Այդ ամենի արդյունքում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ընդհանրապես հայտնվեց որակազրկման առջև, և ստիպված գնաց շատ կոշտ քայլերի. տարբեր ժամանակներով որակազրկվեցին ազգային մի քանի ֆեդերացիաներ, Հայաստանը ստիպված էր բաց թողնել մի քաշնի խոշոր առաջնություն, այդ թվում՝ 2017թ.-ի աշխարհի առջանությունը: Այդքանով խիստ պատժամիջոցները չավարտվեցին, Հայաստանը մի շարք այլ երկրների հետ միասին հայտնվեց այն երկրների ցանկում, որոնք Տոկիոյում կայանալիք 2020թ.-ի օլիմպիական խաղերում չեն կարող ներկայանալ ամբողջական կազմով. սկզբնական սահմանափակումը՝ մեկ տղամարդ, մեկ կին մարզիկ:

Ներկայումս IWF-ը մի փոքր մեղմացրել է Տոկիոյի ընտրական չափորոշիչները ավելի քիչ քանակության դրական դոպինգ թեստեր ունեցող երկրների համար: Ինչպես հաղորդում է IWF-ի պաշտոնական կայքը, եթե ազգային ֆեդերացիան, որի ներկայացուցիչները Պեկինի օլիմպիական խաղերից (2008թ.) սկսած մինչև Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումների ավարտը (2020թ.) ընկած ժամանակահատվածում ունեցել է 10-ից ավել, սակայն 20-ից պակաս դրական դոպինգ թեստ, իրավունք կունենա Տոկիոյում ներկայանալ առավելագույնը ոչ թե 2, այլ 4 մարզիկներով՝ 2 տղամարդ, 2 կին: 

Ներկա պահին միայն 4 երկիր է, որոնց մարզիկները 20-ից ավել դրական դոպինգ նմուշներ են ունեցել՝ Ղազախստան (31), Ադրբեջան (30), Ռուսաստան (28), Բելառուս (23) : Այս երկրները իրավունք կունենան ներկայանալ Տոկիոյում առավելագույնը երկու մարզիկներով: Նրանց հաջորդում է Հայաստանը՝ 19 դրական դոպինգ նմուշով: Սա նշանակում է, որ Հայաստանը Տոկոիայում կարող է ունենալ 2 տղամարդ, 2 կին մարզիկ, սակայն մինչև օլիմպիական խաղերը եթե ևս մեկ մարզիկ դրական դոպինգ թեստ հանձնի, ուղեգրերի թիվը կպակասի 2-ով: Ընդ որում, նշանակություն չունի, թե ինչ տարիքային խմբի մարզիկի մոտ կհայտնաբերվի արգելված խթանիչ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ցանկացած ներկայացուցչի դրական դոպինգ թեստը վճռական նշանակություն կունենա: Այնպես որ շատ կարևոր է մեր ծանրորդների «մաքրությունը» ցանկացած միջազգային մրցաշարում և ազգային առաջնություններում:

Այս պահին, կարծես, Սիմոնը իր օլիմպիական քաշային կարգում աշխարհում գերազանցում է բոլորին: Եթե Հայաստանը երկու ներկայացուցիչ ունենա Տոկիոյի տղամարդկանց մրցումներում, ապա երկրորդ ուղեգրի համար մարզիչները պետք է դժվար որոշում կայացնեն: Տաղանդավոր, սակայն ինչ-որ տեղ «անբախտ», ինչ-որ տեղ մարզիչների անփութությունների զոհ Անդրանիկ Կարապետյանը կարող է իր քաշային կարգում պայքարել ոսկե մեդալի համար, սակայն նրա ելույթները վնասվածքից հետո շատ անկայուն են դարձել: Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը մեդալների իրական հավակնորդ են, սակայն ոսկու հույս գերծանր քաշային կարգում Լաշա Տալախաձեն նրանց դժվար թե թողնի: Ընդ որում, եթե Մինասյանը դեռ կարող է երկար ելույթներ ունենալ, ապա Ալեքսանյանի համար սա կարող է վերջին հնարավորությունը լինել օլիմպիական մեդալ նվաճելու համար: Տաղանդավոր Հակոբ Մկրտչյանն էլ ոչ օլիմպիական քաշային կարգում է, բայց, հնարավոր է, ցանկանա փոխել քաշային կարգը 2020թ.-ից առաջ, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցել օլիմպիական խաղերին:

Անկախ ամեն ինչից՝ այս պահին կարևոր է, որ մեր ֆեդերացիան ստանա այդ ուղեգրերը, իսկ դրա համար պետք է շատ ուշադիր լինի մարզիկների նկատմամբ: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000