Որոնել
Արխիվ
14.07.2019  22:49

Արթուր Ոսկանյան. «Արդեն կարողանում ենք Իսպանիայի պես թիմին գոլ խփել ու պայքարել»

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն Իսպանիայի ընտրանու դեմ հանդիպումից (1:4) հետո մեկնաբանեց իր թիմի ու մրցակցի խաղը:

Խաղի մասին

«Մենք պարտվեցինք մեկը մեկի դեմ մենապայքարներում: Գոնե դա տղաները պետք է չզիջեին, որ ժամանակ շահեինք և երկրորդ ֆուտբոլիստն ավելանար եզրում: Գիտեինք, որ մրցակիցը եզրերում շատ արագ է, չպետք է նրանց ազատություն տայինք: Միգուցե, չափազանց մեծ ցանկությունը խանգարեց, որովհետև նետվում էին մրցակցի վրա և դրանից սկսում էր իսպանացիների գրոհները»:

Իսպանիայի համար հաղթական դարձած գոլի դրվագի մասին

«Անկյունայինի ժամանակ տվյալ գոտիում պետք է ֆուտբոլիստ կանգնած լիներ: Մենք երեք գոտիներ ծրագրել էինք վերահսկել, սակայն դրանցից մեկից գոլ բաց թողեցինք, երբ մեր ֆուտբոլիստն այդտեղ կանգնած չէր: Դա անուշադրության պատճառով էր: Մենք անընդհատ շեշտում ենք, որ նման հանդիպումներում մեկ վայրկյան անուշադիր լինելու դեպքում մրցակիցը կպատժի»:

Խաղից առաջ խոստացել էր, որ թիմը փորձելու վերահսկել գնդակը, բայց դա չտեսանք…

«Առաջին հերթին պատճառն այն է, որ կիսապաշտպաները չկարողացան խաղն իրենց վրա վերցնել: Հենց սկզբից նրանք շատ շուտ էին գնդակը կորցնում: Երբ կիսապաշտպանները վստահ էին ընդունում գնդակը, այն հաջողվում էր պահել և գրոհ զարգացնել: Գնդակի կորուստներն էին պատճառը, որ սկսեցինք երկրորդ համարով ու երկար փոխանցումներով գործել»:

Հավաքականի առաջադիմումը նախորդ տարվա համեմատ

«Սա մեր առավելագույն կարողությունները չեն: Տղաներն արդեն կարողանում են գրոհներ կազմակերպել: Իսպանիան հզոր թիմ է: Ոչ մի այլ թիմ գնդակն այսքան արագ չի տեղաշարժում: Մեր թիմին փորձն ու վստահությունը չբավարարեց: Ինչ էլ անենք, չենք կարող նրանց այդ փորձն ու վստահությունը տալ: Դա գալիս է ժամանակի հետ՝ բարձր մակարդակի խաղերում: Անցած տարվա համեմատ թիմը քայլ արել է: Արդեն պայքարում ու Իսպանիայի պես թիմին գոլ ենք խփում»:

Արմեն Հովհաննիսյանին եզրում օգտագործելու պատճառները

«Արմենի հետ զրուցել եմ, նա երբեմն իր ակումբում էլ է եզրում խաղում: Աջ եզրում նրան փորձարկեցինք, չարդարացրեց, բայց «Լոռիի» դեմ ձախից խաղաց և լավ ստացվեց: Մրցակիցն ուժեղ է. Արմենին չէր թողնում գնդակ ընդունել: Մենք ուզում ենք մեր հարձակվողներից Արմենն ու Գերման Կուրբաշյանը միաժամանակ խաղադաշտում լինեն, որովհետև ֆիզիկապես ուժեղ են: Գերմանը կարողանում է հարձակման գծում ավելի լավ գնդակ պահել, իսկ Արմենը լավ է աշխատում: Դրա համար, նա եզրից էր գործում: Ընդմիջման ժամանակ նա ասաց՝ այդքան էլ լավ չի զգում, այդ պատճառով երկրորդ կեսում նրան փոխարինեցինք: Գրենիկն էլ այդ դիրքում շատ լավ մտավ փոխարինման: Նա Հովհաննիսյանի հետ միմյանց լավ են փոխարինում»:

Մրցաշարի գլխավոր ֆավորիտը

«Վիճակահանությունից առաջ էլ ասում էի, որ բոլոր թիմերին ուսումնասիրել եմ և գլխավոր ֆավորիտ եմ համարում  Իսպանիային: Կարծիքս չի փոխվել: Ամենաարագ թիմն է ու կոմբինացիոն ֆուտբոլ է խաղում»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000