Որոնել
Արխիվ
13.07.2019  15:59

«Ակումբների կողմից անվստահությունը փոխանցվել է մեր ֆուտբոլիստներին». Ոսկանյան

Երևանում մեկնարկող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունից առաջ Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը մամուլի ասուլիս տվեց:

Մրցակիցների մասին

«Բոլոր մրցակիցներին ուսումնասիրել ենք: Պորտուգալիայի հետ խաղացել ենք, արդեն ծանոթ ենք: Իսպանիան, ինչպես միշտ, իր ոճով է խաղում. թիմային ֆուտբոլ ու կարճ փոխանցումներ: Նման է Պորտուգալիային: Իտալիան տարբերվում է, բայց շատ չէ: Ֆիզիկապես ուժեղ է ու տակտիկապես ավելի հասուն ֆուտբոլ է դավանում:

Թիմի մարզավիճակը

«Հավաք ու 2 ընկերական խաղ ենք անցկացրել: Ֆուտբոլիստներն արդեն ֆիզիկապես պատրաստ են, վստահ են: Մնում է մարզումների ժամանակ պատրաստած ամեն ինչ փոխանցել խաղերին: Հասկանում ենք, որ մրցակցիները հզոր թիմեր են, բայց մենք տանն ենք խաղում և պետք է ամեն ինչ անենք հաղթանակ ուեննալու համար»:

Երկրպագուների` «12-րդ խաղացողի» գործոնը

«Քանի որ մեր ֆուտբոլիստները փորձ չունեն նման խոշոր մրցաշարերի: Շատերը նույնիսկ նման մեծ մարզադաշտում ու լեփ-լեցուն երկրպագուների ներկայությամբ չեն խաղացել: Շատ կարևոր է երկրպագուների գործոնը»:

Կենտրոնական պաշտպանի դիրքի մասին

«Այդ դիրքում փորձարկեցինք Ռաֆիկ Միսկանյանին ու Երջանիկ Ղուբասարյանին: Վերջինս հիմնական տարբերակն է: Մենք ունենք նաև Ստյոպա Մկրտչյանին, ով մյուսներից 3 տարի փոքր է: Նա շատ լավ հանդես եկավ Գրանատկինի հուշամրցաշարում: Իրեն լավ դրսևորեց և ցանկացած պահի կարող է հաջող խաղալ պաշտպանության կենտրոնում»:

Կիսապաշտպանությունում լարվածության մասին

«Մեր ֆուտբոլիստները փորձ չունեն: Շատ դեպքերում լարվածություն ու շտապողականություն կա: Որպեսզի գնդակը չկորցնեն, նրանք հետ փոխանցումներ են կատարում: Դա ժամանակի հարց է, 1-2 խաղում այդ վստահությունը չի գա: Մարզումների ժամանակ աշխատել ենք, որ նրանք ավելի հանգիստ լինեն և առաջ փոխանցումներ կատարեն: Կարծում եմ` այս խաղերում ավելի շատ կփորձեն գնդակն առաջ ուղարկել»:

Հոգեբանական խնդիրների մասին

«Ինչպես գիտեք, մեր ֆուտոլիստները հանդես չեն գալիս Բարձրագույն խմբում, այլ Առաջինում և նույնիսկ մինչև 18 տարեկանների առաջնությունում: Հայկական ակումբներում սկսել են պատանի ֆուտբոլիստներին չվստահել, դա էլ փոխանցվել է մեր ֆուտբոլիստներին: Նրանք չեն հավատում, որ կարող են լավ խաղալ: Եթե վերցնեք նախորդ պատանեկան առաջնության եզրափակիչ փուլին մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը, կտեսնեք, որ բոլորն էլ Բարձրագույն խմբում մշտական խաղաժամանակ ունեին: Դա լրացուցիչ վստահություն էր տալիս: Մենք մարզումների ժամանակ փորձել ենք վերացնել այդ անվստահությունը: Աշխատել ենք նաև տակտիկայի ու ֆունկցիոնալ վիճակի վրա»:

Ինչպես դիմանալ 2 օր ընդմիջումով խաղերի գրաֆիկին

«Մենք մեծ բժշկական անձնակազմ ունենք: Այս ընթացքում մարզումներն այնպես էինք ծրագրել, որ նման էր առաջիկա խաղերին: Նրանց որոշակի ֆիզկական խնդիր էինք տալիս, հետո 2 օր հետո կրկնում այն, որ օրգանիզմը պատրաստ լիներ այդ ծանրաբեռնվածությանը: Մեր բժիշկներն ու մերսողները հնարավոր ամեն ինչ կանեն, որ այդ երկու օրում ֆուտբոլիստները վերականգնվեն»:

Իսպանիայի Մ19 հավաքականի մասին, որի կազմում նույնպես քչերն են խաղում Բարձրագույն խմբում (Լա լիգա)

«Նույնիսկ Սեգունդայում և Իսպանիայի մինչև 19 տարեկանների առաջնությունում այնպիսի տեմպեր ու որակներ են, որ համեմատելու չեն անգամ մեր Բարձրագույն խմբի հետ: Ես հետևել եմ այդ առաջնությանը և գիտեմ»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000