Որոնել
Արխիվ
11.07.2019  23:50

Խաշմանյան. «Միգուցե, մեկ տարի առաջ «Ալաշկերտն» անշուք է խաղացել, բայց հիմա շատ բան է փոխվել»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամն Խաշմանյանն ամփոփեց Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Մակեդոնիայի» դեմ տնային հաղթանակը (3:1):

Խաղի մասին

«Ցանկացած խաղ դժվար է: Մենք պատրաստ էինք դրան: Ճիշտ է հաղթեցինք, բայց կարող էինք ավելի շատ գոլ խփել: Ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք անփութության պատճառով, ինչը պետք է չլինի: Ֆուտբոլում չենք կարող անսխալ լինել և մրցակցին 95 րոպե թույլ չտալ գոլային պահ ստեղծել: Այլ հարց է, թե ինչից են առաջանում այդ պահերը: Հարձակման գծում էլ շտապողականություն կար: Մենք փորձում ենք արագ խաղալ, բայց դա չպետք է շտապողականության բերի:

Երկրպագուները զարմացա՞ծ էին մեր լավ խաղից: Ինչո՞ւ: Միգուցե նախորդ տարի կամ վերջին հանդիպումներում անշուք խաղեր են եղել, բայց մի մոռացեք` շատ բաներ են փոխվել: Մենք ավելի ուժեղ ենք լինելու: Մեզ լավ, որակով ֆուտբոլիստներ են միանալու, պարզապես, այս պահին նրանք ֆունկցիոնալ առումով պատրաստ չեն»:

Ակնկալիքներ պատասխան խաղից

«Ոչինչ չի վերջացել, հաշիվը որևէ բան չի փոխել: Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում»:

Գոլի ու գոլային փոխանցման հեղինակ Նիկիտա Տանկովի մասին

«Չգիտեմ նախկինում ինչու է Տանկովը «Ալաշկերտ-2»-ում խաղացել, բայց երբ ես ընդունել եմ թիմը, նա մշտապես հանդես է եկել գլխավոր թիմում: Հիմա նա մեր հիմնական կենտրոնական հարձակվողն է, որովհետև ուրիշը չունենք: Եթե այլ հարձակվող ունենանք, միգուցե իրար փոխելով խաղան»:

Երկրորդ խաղակեսում ճնշումն ավելացնելու մասին

«Հաշիվը 1:1 էր, այլ տարեբակ չունեինք: Այդ հաշիվը մեզ ձեռնտու չէր, այլ մրցակցի օգտին էր: Թիմը պարզ գիտի, թե տարբեր հաշիվների ժամանակ ինչպես պետք է խաղա: Ռիսկի գնացին, որն արդարացրեց»:

Գոլի հեղինակ Սեկուլիչի ու նրա տեղաշարժերի մասին

«Կիսապաշտպանները պետք է մտնեն տուգանային հրապարակ, այլապես սրություն չենք կարող ստեղծել: Այսօրվա ֆուտբոլի պահանջն է: Մեր սկզբունքն է, որ ամբողջ թիմով հարձակվենք ու պաշտպանվենք»:

Մրցակցին ուսումնասիրելու մասին

«Կարելի է ասել 2,5 խաղ էինք տեսել մեր մարզչական շտաբով: Որքանով հնարավոր էր, հետևություններ էինք արել: Այնպես էինք արել, որ նրանց առաջատար խաղացողները գործի մեջ չլինեն: Դա, առաջին հերթին, մեր կիսապաշտպանների` Գրիգորյանի, Հայրապետյանի ու Սեկուլիչի շնորհիվ էր: Նրանք հստակ խնդիր ունեին և այն լուծեցին»:

Հայկ Իշխանյան – Հրայր Մկոյան կենտրոնական պաշտպանների զույգի գնահատականը

«Շատ լավ: Ավելացնելու տեղ կա: Մենք դեռ 2 խաղ ենք անցկացրել: Աստիճանաբար, թիմն ավելի կազմակերպված կլինի և այդ համագործակցություններն ավելի լավը կդառնան»:

Արթուր Ավագիմյանի տրանսֆերի մասին

«Նրա հետ մեծ հույսեր ենք կապում, այլապես չէինք հրավիրի: Դեռ ունենք նաև մի քանի դիրքեր, որոնք ամրապնդման կարիք ունեն: Դա հնարավորություն կտա մրցունակ մնալ և կրկին նախկին «Ալաշկերտը» լինել»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000