Որոնել
Արխիվ
11.07.2019  22:19

Տարխանով. ««Փյունիկն» անիմաստ գոլից հետո զիջեց նախաձեռնությունը»

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Շկուպիի» դեմ (3-3) խաղի հետխաղյա մամուլի ասուլիսում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը պատասխանել է լրագրողների հարցերին։ 

«3-3 հաշիվը երկրպագուների համար հետաքրքիր է, որովհետև գոլերը շատ են։ Սկսեցինք շատ լավ և գոլ խփեցինք։ Կարող էինք մեկնարկում զարգացնել առավելությունը։ Այդ անիմաստ գոլից հետո մեր թիմը նախաձեռնությունը զիջեց մրցակցին և ստանդարտից կրկին սխալ եղավ պաշտպանությունում։ 

Երկրորդ խաղակեսը սկսեցինք և կրկին պահեր ունեցանք, բայց կրկին սխալվեցինք և գոլ բաց թողեցինք։ Հետո, մենք շատ պահեր ստեղծեցինք և փրկեցինք հանդիպումը։

Մրցակցին լավ էինք ուսումնասիրել։ Եթե նրանց ազատություն է տրվում՝ վերահսկում են գնդակը պաշտպանությունում։ Դա է պատճառը, որ պրեսինգի էինք դիմում։ Առաջին խաղակեսում նրանց քիչ էինք հակագրոհելու հնարավորություններ տալիս։  Երկրորդ խաղակեսում ավելի հաճախ էին հակագրոհում, բայց հասցնում էինք հիմնականում կասեցնել դրանք։ Մենք շատ պահեր ստեղծեցինք։ Նույնիսկ 3-3 հաշվի ժամանակ ունեինք 2-3 պահ և կարող էինք հաղթել։ Եթե հաշվի առնենք, թե որքան պահեր ստեղծեցինք՝ 3 գոլ խփելն այնքան էլ լավ չէ։ 

Առաջին գոլը բաց թողնելու ընթացքում պաշտպանները սխալ դասավորվեցին։ Դրագոևիչը նույնպես պատրաստ չէր այդ հարվածին։ Երկրորդ գոլը ստանդարտից կրկին ընդունեցինք։ Մենք հստակ ասել էինք Արմեն Մանուչարյանին, թե ինչպես պետք է խաղա նման պահերին, բայց չհասցրեց փակել մրցակցին և ցատկել։ Երրորդ գոլը՝ հարվածից հետո գնդակը փոխեց ուղղությունը։ Այդպես պատահում է։ Դրագոևիչը նախորդ խաղերում շատ լավ տպավորություն է թողել։ Ընկերական խաղերում նա բարձր մակարդակ է դրսևորել։ Նման սխալներ պատահում են։ Աստված տա, որ նման իրավիճակ այլևս չկրկնվի։ 

Չեմ կարծում, որ խոտանը շատ էր մեր թիմի գործողություններում։ Երբ շատ ես սրում խաղը, հետևաբար, շատ ես սխալվում։ 

Եֆիմովը երբեմն կորցնում էր գնդակը։ Նրան չի հերիքում ֆիզիկական ուժը, բայց, ընդհանուր առմամբ, վատ չէր խաղում։ Նա կարող էր նաև գոլ խփել, բայց կասեցնելիս հեռու թողեց գնդակը։ Նորեկները դեռ պետք է հարմարվեն թիմին։ Ընկերական խաղում նրանք հնարավորինս հարմարվել էին, բայց սա պաշտոնական խաղ էր։ Ընկերական խաղերում իրենց դրսևորելն այլ է, իսկ պաշտանականում՝ այլ»,- ասել է Տարխանովը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000