Որոնել
Արխիվ
10.07.2019  21:40

Վեսելինովիչ. «Հայ ժողովուրդը շատ տաղանդավոր է, բայց հույսն ուժեղ է փորձից»

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Չուկարիչկ» – «Բանանց» առաջին հանդիպումից առաջ սերբական թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Վեսելինովիչը տպավորիչ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է հայերի հետ վաղեմի ծանոթության ու իր երիտասարդ թիմի մասին:

«Ինչպես դերասանները ներկայացմանը նախապատրաստվելիս, այնպես էլ ֆուտբոլիստները խաղից առաջ, ցանկանում է ցույց տալ իրենց: Ինքս ուզում եմ, որ տղաներն առաջին հերթին  հաճույք ստանան ֆուտբոլից: «Չուկարիչկին» զգալիորեն տարբերվում է նախորդ մրցաշրջանից, չնայած կազմը շատ չի փոխվել: Կենտրոնական հարձակվող Մուդրինսկին հեռացել է, չկա նաև Օվուսուն, ով Գանայի հավաքականի կազմում հաջող խաղից հետո շատ առաջարկներ ունի: Վնասվածք ունի Ստևանովիչը: Ներկայումս թիմում 18 ֆուտբոլիստներից 9-ի մինչև 21 տարեկան են: Մենք Եվրոպա լիգայի ամենաերիտասարդ թիմերից մեկն ենք: Դա ինձ ուրախացնում է, սիրում եմ աշխատել երիտասարդների հետ: Մեր կազմում 16 ֆուտբոլիստ կա, որոնք «Չուկարիչկիի» սաներն են: Դա ցույց է տալիս ակումբի համակարգի բարձր մակարդակը: Մեր երիտասարդները միշտ խնդիր ունեն կայունության հարցում, բայց ես գոհ եմ նրանց անհատական որակներից ու մոտիվացիայից:

Մենք խաղալու ենք շատ որակյալ ու փորձառու թիմի հետ, որը մշտապես հանդես է գալիս եվրագավաթներում: Նրա կազմում կան երիտասարդ, տարբեր հավաքականների անդամ հայեր ու բազմաթիվ որակյալ արտասահմանցիներ: Հայ ժողովուրդը շատ տաղանդավոր է ֆուտբոլում և կոմբինացիոն խաղաոճ է դավանում: Մենք կփորձենք խաղը տանել այն ուղղությամբ, որը մեզ ձեռնտու է: Երիտասարդությունը մեր մարտահրավերն է: Թույլ տվեք մեջբերել Մեշա Սելիմովիչին (բոսնիացի հռչակավոր գրող-խմբ.), ով իր «Ամրոց» վեպում ասել է. «Հույսն ուժեղ է փորձից»: Ոչ ոք չի կարող մեզ զրկել հույսից, և ես վստահ եմ, որ սաներս ամեն ինչ կանեն իրենց լավ դրսևորելու համար:

Չեմ սիրում գուշակություններ կատարել: Վստահ եմ` անորոշ խաղեր են լինելու 200 րոպե շարունակ` այստեղ և Երևանում: Այս դիմակայության ելքը որոշվելու է միայն Երևանում մրցավարի վերջին սուլիչից հետո: Հարգում ենք բոլոր մրցակիցներին: Մենք պետք է պատասխանատու և կենտրոնացած լինենք ցանկացած իրավիճակում: Խաղադաշտից դուրս պետք է համեստ լինենք, իսկ խաղադաշտում անվախ, համարձակ ու մոտիվացված:

8,5 տարի աշխատել եմ ռուսական Ռոստով քաղաքում, որտեղ ավելի քան 300 հազար հայ է բնակվում: Նաև ամեն օր աշխատել եմ հայ ֆուտբոլիստների հետ: Շատ տաղանդավոր ազգ է: Ֆուտբոլիստները լավ են զգում գնդակը և մտածում խաղադաշտում: Այնուամենայնիվ, նրանք կայուն չեն մրցակցային պայքարում, երբ պետք է վերահսկեն զգացմունքներն ու կենտրոնացած լինեն:

«Բանանցը» մարզում է մի մարդ, ով երկար տարիներ խաղացել է Իսպանիայում ու Պորտուգալիայում, որտեղ բարձր տեմպ կա ու կոմբինացիոն ֆուտբոլ: Մեր մրցակիցը ոչ մի դեպքում չի հանձնվում և նման է հետխորհրդային Արևելյան Եվրոպայի թիմերին: Նրանք շատ որակյալ ֆուտբոլիստներ ունեն, հատկապես հարձակման գծում»,- Վեսելինովիչի խոսքերն է մեջբերում սերբական ակումբի պաշտոնական կայքը:

Հուլիսի 11-ին կայանալիք խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:30-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000