Որոնել
Արխիվ
10.07.2019  20:22

Խաշմանյան. «Եթե չանցնենք հաջորդ փուլ՝ ողբերգություն չի լինի»

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտն» ուժերը կչափի «Մակեդոնիա» ակումբի հետ, որը ներկայացնում է համանուն երկիրը։  Նախախաղային մամուլի ասուլիսով հանդես է եկել երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։

«Մեր թիմն այժմ լավ մարզավիճակում է։ Ֆունկցիոնալ վիճակը բավարար է։ Նորեկներից 2 հոգին այսօր՝ գիշերն են եկել՝ Արթուրն ու Գեղամը և չեն հասցրել ադապտացվել թիմին (ծիծաղում է)։ Ունենք նաև 2 բրազիլացիներ, որոնցից մեկը եկել է մի քանի օր առաջ։ Դեռ չեն հասցրել հարմարվել թիմին։ 

«Ալաշկերտի» առջև եղել է մեկ նպատակ՝ հասնել առավելագույն արդյունքին։ Սպասելիքն այն է, որ հաղթահարենք առաջին փուլը։ Ճիշտ է, ունենք նաև դժվարություններ՝ կապված նորեկների հետ։ Նրանք կարող են ուժեղացնել թիմը, բայց, ինչպես ասացի, նոր են ժամանել և դա ժամանակի խնդիր է։ Պետք է ներկայանանք այս խաղին նրանով, ինչն ունեցել ենք մինչև այդ։ Սա կարող է խնդիր հանդիսանալ, բայց կարծում եմ՝ տղաները պատվով դուրս կգան։

Մենք ավանդույթներով, պատվախնդիր ակումբ ենք և միշտ ձգտելու ենք առավելագույնին։ Չեմ կասկածում, որ այդպես էլ լինելու է, բայց մենք ունենք ևս 3 դիրքերի համալրման կարիք։ Եթե կարողանանք որակյալ խաղացողներ ձեռք բերել՝ նորից կպայքարենք բոլոր տիտղոսների համար։ 

Երեկվա և այսօրվա «Ալաշկերտը» տարբերվում են։ Մենք ունեցել ենք փորձառու, հմուտ խաղացողներ, որոնք այսօր չկան։ Բայց, այսօր կան ավելի երիտասարդ, ագռեսիվ ու մոտիվացված խաղացողներ, ինչը նպաստելու է մեր զարգացմանը։

Այն ֆուտբոլիստները, որոնք այսօր թիմում չեն՝ մեծ դեր են ունեցել ֆուտբոլում։ Իսկ այն խաղացողները, որոնք այսօր թիմում են՝ դեռ ասելիք ունեն։ Սա մեծ առավելություն է այսօրվա «Ալաշկերտի» համար։ 

Արդեն նշեցի, որ ունենք համալրման կարիք։ Եթե դա լինի՝ կկարողանանք պայքարել Հայաստաի առաջնությունում չեմպիոնության համար։ Չեմ ասում, որ անպայման չեմպիոն կդառնանք, բայց կլինենք մրցունակ։ Այսօր Հայաստանում առաջընթաց կա։ Առկա են շատ լավ թիմեր, որոնք լավ համալրումներ են կատարում։ Ֆինանսապես նույնպես հզոր են։ Եթե մենք էլ չգնանք այդ քայլին, ապա անելիք չենք ունենա։ 

Ես միշտ ասել եմ, որ խաղից առաջ բոլորի շանսերը հավասար են, եթե քո հակառակորդը որևէ թոփ ակումբ չէ։ Եթե չանցնենք՝ ողբերգություն չի լինի, սա ֆուտբոլ է։ Մեր առջև խնդիր է դրված, որ հաղթահարենք առաջին փուլը։ 

Գիտենք, թե մրցակիցն ինչպես է խաղում, բայց պարզ չէ, թե վաղը մեր դեմ խաղում ինչ մարտավարություն կընտրեն։ Պետք է ավելի շատ հենվենք մեր գործողությունների վրա։

Ցանկանում ենք հզորացնել պաշտպանության, կիսապաշտպանության և հարձակման դիրքերը։ Միայն դարպասապահի դիրքն է, որ կարիք չունի ուժեղացման (ծիծաղում է)։

Մեր քաղաքականությունը փոխվել է և չի բացառվում, որ երկրորդ թիմից էլ խաղացողներ ընդգրկվեն հիմնական կազմ։ Եթե տարիներ առաջ մենք ցանկացած հարցում ամենազորեղն էինք՝ այսօր կան ակումբներ, որոնք ավելին են։ Դրա համար, մենք պետք է կարողանանք գտնել այդ բալանսը երիտասարդների ու փորձառուների միջև և արդյունավետ լինել։ Մենք ուրիշ տարբերակ չունենք։ 

Եթե ձեռք բերենք բարձրակարգ հայ խաղացողների՝ նրանք ավելի արագ կարող են հարմարվել, մերվել թիմին, քան՝ լեգիոններները։ Տրանսֆերային պատուհանը դեռ երկար ժամանակ բաց է լինելու և ցանկացած ֆուտբոլիստ սպասում է ինչ-որ լավ առաջարկի դրսից։ Դրա համար, մեր գործընթացը դժվարանում է»,- ասել է Խաշմանյանը։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 19։00-ին։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000