Որոնել
Արխիվ
18.06.2019  20:54

Ռոբերտ Արզումանյան. «Հասունացել էր պահը, որ Էրիկ Վարդանյանը շանս ստանար հավաքականում»

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան ու «Փյունիկի» ներկայիս մարզիչ Ռոբերտ Արզումանյանն այսօր ներկա էր Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի դասընթացինք: Դրանից առաջ նա պատասխանեց ArmFootball.com-ի և մյուս լրատավամիջոցների հարցերին:

- Ի՞նչ-որ հարց մտածել եք, որ կցանկանայիք ուղղել Վիսենտե դել Բոսկեին:

- Ճիշտն ասած չեմ մտածել այդ մասին: Շատ հետաքրքիր կլինի լսել Դե Բոսկեին: Տեսնում եք, թե որքան շատ հայ մարզիչներ են այստեղ: Չգիտեմ` հարց ու պատասխան կլինի Դել Բոսկեի հետ, թե ոչ: Տեսնենք` ինչ թեմաներ կլինեն:

- Ինչպե՞ս եք Ձեզ զգում «Փյունիկում», որտեղ նոր կարգավիճակում եք:

- Սա իմ սիրելի գործն է: Կարիերայիս վերջին տարիներին արդեն ցանկանում էի մարզչական ուղղությամբ շարունակել: Դեռ սովորելու ընթացքի մեջ եմ:

- Արդեն կարելի՞ է ասել, որ «Փյունիկի» գլխավոր մարզչի օգնականն եք, որովհետև դեռ նշված եք որպես թարգմանիչ:

- Այո: Մարզումային պրոցեսին մասնակցում եմ, մարզչական շտաբում եմ:

- Նախապատրաստվում եք եվրագավաթներին: Ի՞նչ վիճակում է և ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք թիմից։

- Նոր ենք վերադարձել արձակուրդից: Մի քանի ֆուտբոլիստներ փորձաշրջան են անցնում: Մարզումները նորմալ են ընթանում: Պետք է լավ նախապատրաստվենք:

- Այսօր կայանալու է Եվրոպա լիգայի վիճակահանությունը, որում «Փյունիկը» կիմանա իր առաջին մրցակցին: Հնարավոր մրցակցիներից նախընտրելի տարբերակ ունե՞ք (հարցազրույցը կայացել է վիճակահանությունից առաջ-խմբ.):

- Թղթի վրա բոլորն էլ հարմար մրցակիցներ են: Դժվար է մեկին առանձնացնել: Պետք է լավ պատրաստվենք նրանցից յուրաքանչյուրի դեմ հանդիպումներին: Ով էլ լինի մրցակիցը, ուսումնասիրելու ենք և նախապատրաստվելու:

- Դեռ կա՞ հիասթափություն Հայաստանի առաջնության վերջում չեմպիոն չդառնալու պատճառով:

- Կար հիասթափություն: Պետք է մոռանանք այն, ինչ եղել է, քանզի ֆուտբոլում միշտ պետք է առաջ նայես: Պետք է աշխատենք ապագա խաղերի համար: Դրա շնորհիվ մոռանում ես անցյալը:

- Հետաքրքիր է Ձեր կարծիքը նաև Հայաստանի հավաքականի վերջին խաղերի մասին: Ի՞նչ դիտարկումներ ունեք:

- Շատ լավ խաղաց: Լիխտենշտեյնի հետ նախորդ երկու դժվարին հանդիպումների համեմատ այս անգամ առաջընթաց կար: Շատ լավն էր հատկապես առաջին խաղակեսը, նույնը նաև հույների դեմ խաղում: Շատ կարևոր է հոգեբանական առումով, որովհետև երկարատև անհաջողություններից հետո 2 հաղթանակ տեսանք: Դա վստահություն կտա ֆուտբոլիստներին, որպեսզի մյուս խաղերին էլ ավելի լավ պատրաստ լինեն:

- Արդեն խաղերին կարող եք մարզչական աչքով դիտել: Ի՞նչ նորամուծություններ եք տեսնում հավաքականի խաղում:

-Նոր բաներ տեսնում եմ: Միանշանակ ասել, թե ամեն ինչ լավ էր, սխալ կլինի: Բնականաբար, կային սխալներ, որոնց վրա պետք է աշխատել, նաև դրական գործոններ, որոնք հարկավոր է կատարելագործել: Արդեն կարելի է ասել մարզչական աչքով եմ նայում խաղերը: Շատ լավ եմ ճանաչում նաև ֆուտբոլիստներին, որովհետև խաղացել եմ նրանց հետ, և դա օգնում է ավելի լավ գնահատեմ իրավիճակը:

- «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը հավաքականում խաղաժամանակ չստացավ: Հասունացե՞լ էր պահը, որ Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում նա գոնե փոխարինման մտներ:

- Իհարկե, հասունացել էր պահը: Այնուամենայնիվ, մարզիչներն ավելի լավ գիտեն: Նրանք են տեսնում, մարզում ֆուտբոլիստներին ու պատասխանատվություն կրում: Ես ունեմ իմ կարծիքը, ինչպես և բոլորը: Հաղթեցին երկու խաղերը, ուրեմն մարզիչները ճիշտ որոշումներ են կայացրել:


Լուսանկարը` «Փյունիկի»

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000