Որոնել
Արխիվ
17.06.2019  14:59

Ի՞նչ է հարկավոր իմանալ ֆուտբոլի նոր կանոնների մասին

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՖՖ Մրցավարական բաժինը տրամադրել ֆուտբոլի խաղի կանոնների փոփոխությունների մանրամասն բացատրությունը, որոնք ուժի մեջ են մտելու հունիսի 25-ից: ArmFootball.com-ն առանձնացրել է ամենաուշագրավ փոփոխությունները:

Փոխարինման ընթացակարգ

Նոր օրենքով, փոխարինվող ֆուտբոլիստը պետք է խաղադաշտի եզրագծի ամենամոտ կետից դուրս գա: Դա արվել է ֆուտբոլիստների կողմից ժամանակ ձգձգելը թույլ չտալու համար: Եթե ֆուտբոլիստը հրաժարվի փոխարինվել, խաղը պետք է շարունակվի (հիշենք Կեպա Արիսաբալագայի օրինակը, որը շփոթություն էր առաջացրել «Չելսի»-Մանչեսթեր Սիթի» խաղի ժամանակ):

Գլխավոր մարզչի նկատմամբ պատժամիջոցները շատանալու են

Այսուհետ մարզիչների ու տեխնիկական գոտում գտնվող անձանց նկատմամբ կիրառվելու է դեղին ու կարմիր քարտերի պրակտիկան, այլ ոչ թե ժեստով նրանց հրահանգվելու հեռանալ: Բացի այդ, եթե մրցավարը չի կարող կամ չի ֆիքսել տեխնիկական գոտում կարգազանցություն թույլ տված անձին, պատիժը կրելու է գլխավոր մարզիչը:

Վնասվածք ստացած ֆուտբոլիստը կարող է կատարել հարվածը

Ֆուտբոլիստներին նախկինի պես թույլ չի տրվելու բժշկական օգնությունը ստանալ խաղադաշտում, բացառությամբ արագ օգնության անհրաժեշտության դեպքերի: Այնուամենայնիվ, 11-մետրոնց հարվածների դեպքում այսուհետ վնասվածք ստացած ֆուտբոլիստին հնարավորություն է տրվելու մոտենալ նշակետին, եթե հենց նա պետք է կատարեր հարվածը:

Եղանակային ազդեցություն

Այսուհետ որոշակի եղանակային պայմաններում թույլ է տրվելու ոչ միայն ջուր խմելու դադար վերցնել (այն մինչև 1 րոպե է տևում), այլ նաև մարմի ջերմաստիճանն իջեցնելու դադար կատարել, որը կարող է տևել մինչև 3 րոպե

Սկզբնահարված

Դաշտի կենտրոնից խաղը սկսող/վերսկող թիմը կարող է հենց առաջին հպումով գոլ խփել:

Վիճաբանական գնդակ

Վիճաբանական գնդակ նշանակման դեպքում խաղը վերսկսվելու է այնտեղից, որտեղ գտնվել է գնդակին տիրող ֆուտբոլիստը: Բացառություն է տուգանային հրապարակը: «Վիճաբանական գնդակի» ժամանակ մյուս խաղացողները պետք է նվազագույնը 4 մետր հեռու լինեն:

Գնդակի դիպչումը մրցավարին

Այդ կետը շատ կարևոր փոփոխության է ենթարկվել: Այսուհետ, եթե գնդակը մրցավարին դիպչելիս կանխում/սկում է վտանգավոր գրոհը, գոլ է գրանցվում, ինչպես նաև գնդակի տիրապետումն անցնում է մյուս թիմին, հանդիպումը կանգնեցվելու է և նշանակվելու է «վիճաբանական գնդակ»:

Ձեռքով խաղ

Ամենամեծ փոփոխությունները գրանցվել են ձեռքով խաղի փոփոխության պատճառով: Այսուհետ խախտում է գրանցվելու, եթե գնդակը նույնիսկ պատահականորեն դիպչել է  ձեռքին, որից հետո գոլ է գրանցվել կամ վտանգավոր գրոհ սկսվել: Նույնիսկ մրցակցի դարպասապահն իրավունք չունի սեփական տուգանային հրապարակից ձռքով գնդակն ուղարկել դարպասը:

Այլ դեպքերում կրկին որոշիչ է դառնալու ձեռքի բնական դիրքը: Օրինակ բնական է համարվելու, որ սահընկման ժամանակ ձեռքը լինի դեպի ներքև:

Դարպասապահի ձեռքով խաղ

Տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղի համար դարպասապահը նույն կերպ է պատժվում, ինչպես մյուս բոլոր խաղացողները: Եթե սեփական տուգանային հրապարակում դարպասապահը ձեռքով վերցնում է գնդակը, երբ դա թույլ չի տրվում, նշանակվելու է ազատ հարված նրա դարպասին, բայց կարգապահական պատիժ չի կիրառվելու:

Դարպասապահն իրավունք չունի գնդակը գնդակը վեց վայրկյանից շատ պահել ձեռքում (այս կանոնը նախկինում էլ կար, սակայն գրեթե բոլոր խաղերում այն առանց պատժի խախտվում էր): Այդ դեպքում պետք է նշանակվի ազատ հարված նրա դարպասին: Նույն պատիժն է նախատեսված, եթե դարպասապահը մեկ անգամ գնդակը ձեռքով միտումնավոր թողնում է իր տիրապետումից հետո երկրորդ անգամ վերցնում: Դարպասապահն իրավունք չունի ձեռքով գնդակը վերցնել նաև իր թիմակցի եզրային նետումից հետո:

Պատը

Տուգանային հարվածի ժամանակ հարձակվող թիմի ֆուտբոլիստը պետք է մրցակցի կազմած պատից (3 և ավելի խաղացող) նվազագույնը 1 մետր հեռու լինի: Եթե հարձակվող թիմի ֆուտբոլիստները չկատարեն այդ պահանջը, տուգանային հարվածը չեղյալ է հայտարարվելու և նշանակվելու է ազատ հարված մրցակցի օգտին:

Պատժամիջոցներ

Եթե ֆուտբոլիստը կամ թիմի պաշտոնյան խաղի մեկնարկից առաջ հեռացման արժանի արարք է կատարում, մրցավարն իրավունք ունի նրան մինչև մեկնարկը թույլ չտալ խաղադաշտ դուրս գալ:

Շատ կարևոր փոփոխություն է նաև խախտումից հետո խաղի վերսկսումը: Եթե տուժած թիմը խախտումից հետո, որը պետք է դեղին կամ կարմիր քարտով պատժեր մրցակցին, սկսում է վտանագվոր գրոհ, մրցավարը պետք է թույլ տա շարունակել խաղը և խախտում կատարողին պատժի մյուս դադարի ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ մրցավարը արդեն սկսած է լինում հանել դեղին կամ կարմիր քարտերը:

Վերջին հույսի կանոնը շարունակում է գործել և պատժվել կարմիր քարտով, անկախ նրանից, թե խախտում որտեղ է կատարվել:

Գոլի տոնում

Մրցավարն այսուհետ իրավունք ունի գոլը ոչ պատշաճ կերպով տոնած ֆուտբոլիստին զգուշացում ցույց տալ, եթե նույնիսկ այդ գոլը չի արձանագրվել:

Կարմիր քարտեր թիմերի պաշտոնյաներին

Թիմերի պաշտոնյանները կարմիր քարտ են ստանալու, եթե միտումնավոր ձգձգել են խաղը, հարվածել, խանգարել, սադրիչ գործողություններ կամ ագրեսիա դրսևորել, ինչպես նաև VAR-ի համակարգի սենյակ մտել:

Ավելի թեթև խախտումների համար նախատեսված են բանավոր զգուշացումներ կամ դեղին քարտեր

Խաղարկում դարպասից հարվածի ժամանակ

Այսուհետ դարպասից հարված կատարելու ժամանակ գնդակը կարելի է հասցեագրել տուգանային հրապարակում գտնվող թիմակցին: Նախկինում դա թույլ չէր տրվում և պահանջվում էր վերախաղարկել: Ընդ որում դարպասից հարվածի ժամանակ մրցակցի ֆուտբոլիստները պետք է տուգանային հրապարակից դուրս լինեն: Նորամուծությունը թույլ է տալու խաղն ավելի դինամիկ դարձնել:

11-մետրանոց

11-մետրանոցի ժամանակ գնդակը պետք է անշարժ լինի: Դարպասպահը պետք է լինի դարպասային գծի վրա, դեմքով դեպի հարվածողը: Հարվածի պահին թույլ է տրվում, որ դարպասապահի միայն մեկ ոտքը կամ դրա պրոեկցիան լինի գծի վրա: Նախկինում պահանջվում էր երկու ոտքերը լինեն գծի վրա:  Քանի որ 11-մետրանոցն իրացնողին թույլ է տրվում խաբուսիկ շարժումներ կատարել, տրամաբանական է համարվել դարպասապահին թույլ տալ մեկ քայլ կատարել:

Եզրային նետում

Եզրային նետման ժամանակ մրցակիցները պետք է գտնվեն նվազագույնը երկու մետր հեռավորության վրա:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000