Որոնել
Արխիվ
14.06.2019  19:45

Հայաստանի հավաքականը սկսել է լավ գրոհել, բայց մենապայքարները կարող են խորտակել նրան

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայատանի հավաքականը փոփոխական հաջողություններով է գործում։ Վերջին խաղերում մեր ընտրանու մոտ վերելք է նկատվում, բայց մտավախություն կա, որ կայունության տատանումները կշարունակվեն։

Առաջին 2 խաղերում մեր ընտրանին պարտություններ կրեց՝ հյուրընկալվելիս զիջելով Բոսնիային 1-2 հաշվով և տանը Ֆինլանդիային՝ 0-2։ Իհարկե, մրցակիցները հզոր էին, բայց, դիտելով այդ խաղերը, տպավորություն էր տեղծվում, որ խմբից դուրս գալու, կամ այս հավաքականների հետ հավասար պայքար մղելու համար մեր ընտրանին դեռ երկար ճանապարհ պետք է անցնի։

Որակավորման փուլի առաջին խաղում մեր ընտանին ամեն ինչով զիջեց բոսնիացիներին։ Մեր խաղացողները միայն գնդակը խլելու առումով չնչին առավելություն ունեին`10 8-ի դիմաց։ Դա նորմալ է, որովհետև մրցակիցն ավելի շատ էր ռիսկի դիմում, ինտենսիվ էր գրոհում ու հսկայական առավելություն ուներ գնդակին տիրելու առումով (68% - 32%)։ Մրցակցի գրոհները կասեցնելու դեպքում ճիշտ շարունակություն գտնելը դարձել էր մեր ամենաթույլ կողմերից մեկը։ Միգուցե, ինքնավստահության պակասի հետևանքով անընդհատ մեր ֆուտբոլիստները հեռացնում էին գնդակն անհայտ ուղղությամբ կամ անիմաստ, երկար փոխացնումներ էին կատարում որոնք շատ հեշտ կասեցվում էին մրցակցի բարձրահասակ, ճիշտ դիրք ընտրող պաշտպանների կողմից։ Թվում էր, որ ոչ մի հակախաղ չի մշակվել, չկա պլան Բ ու ամեն ինչ անհույս է։ Այդքան գրոհող թիմի հետ ամբողջ հանդիպման ընթացքում հաջողվել է ընդամենը 1 հակագրոհ անցկացնել, ինչը խայտառակ ցուցանիշ է։ Դիրքային գրոհները չէին ստացվում, հակագրոհել չէինք կարողանում և փորձում էինք խնդիր լուծել անհատական ֆուտբոլիստների ջանքերի շնորհիվ, բայց ոչինչ չէր աշխատում։ Ի վերջո, պարտություն 1-2 հաշվով։

Տանը ֆինների հետ գրեթե նույն իրավիճակում էինք։ Տպավորություն էր ստեղծվում, որ անգամ ֆուտբոլիստները ցանկանում են հանդիպումը շուտ վերջանա, որպեզի շունչ քաշեն։ Որոշակի հետևություններ արվել էր նախորդ խաղից ու մեր ընտրանին փորձում էր ավելի կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ՝ փորձելով թելադրել խաղը։ Գրեթե հավասար մեր տղաները տիրում էին գնդակին, առաջ էին շարժվում ու 18 հարված կատարեցին մրցակցի 8-ի դիմաց, բայց արդյունավետությունը կրկին կաղում էր։ Ինչպես միշտ, պաշտպանությունում ամեն ինչ կատաստրոֆիկ վատ էր։ Դիրքային կոպիտ սխալներ, գրոհը սկսելու փոխարեն նյարդային հարվածներ գնդակին ու կորուստների շարան։ Օդային մենապայքարներում հաղթել ենք ընդամենը 8 անգամ, իսկ մրցակիցը կրկնակի ավելի՝ 16։ Այդ հանդիպումն ավելի համոզեց երկրպագուներին, որ այս խմբի թիմերի մեծ մասը «ավելի բարձր քաշային կարգում են»։ 4-2-3-1-ը, որն ընտրել էր առջին խաղում Գյուլբուդաղյանցը, երկրորդ խաղում դարձավ 4-4-2, բայց կրկին էականորեն ոչինչ չփոխվեց արդյունքի առումով։ 

Անհուսալի հանդիպումներից հետո մեր ընտրանին մրցեց Լիխտենշտեյնի հետ ու, ինչպես սպավում էր, հաղթեց համեմատաբար ավելի թույլ մրցակցին 3-0 հաշվով։ Հաշվի առնելով, որ Ազգերի լիգայի խաղարկությունում խնիրներ ունեցանք այդ հավաքականի հետ՝ փոքր մտավախություն կար, որ կարող է պատմությունը կրկնվել, բայց դաշտում տեսանք լրիվ այլ հավաքական։ Տարբեր ոճի գրոհներ անցկացնելով մեր ֆուտբոլիստները 31 հարված կատարեցին մրցակցի դարպասին։ Սա խոսում է տոտալ վերահսկողության, ֆուտբոլիստների լրացուցիչ վստահության ու դարպասին միտվածության մասին։  Հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, բայց 3 անգամ Հայաստանի հավաքականը հարվածեց դարպասաձողին ու գոլ խփելու հստակ շանսեր կորցրեց։

Թվում էր, թե մեր սակավ շանսերը կորցնելու ենք նաև 4-րդ խաղում, հատկապես, որ մրցակիցը Հունաստանն էր։ Նման եզրահանգման կարելի էր գալ՝ հաշվի առնելով վերը նշված վիճակագրությունը հարվածների, կորցրած պահերի առումով, բայց տեղի ունեցավ լրիվ հակառակը (3-2)։ Հայաստանի հավաքականը ցույց տվեց, թե ինչպես կարելի է գերազանցել էֆեկտիվությամբ, բայց զիջել կարգով, հարվածների քանակով, գնդակին տիրելու առմումով և այլն։ Մեր ընտրանին գնդակին տիրել է միայն խաղի 26% ժամանակահատվածում, բայց 6 իրական գոլային պահ է տեղծել՝ այդ ցուցանիշով գերազանցելով մրցակցին։ Սա ֆենոմենալ ցուցանիշ է։ Հենց նման դեպքերում են ավելի ցածրակարգ թիմերը կարողանում սենսացիա կերտել ու մտնել պատմության մեջ՝ հաղթելով անանցանելի թվացող մրցակիցներին։ Արդեն նշել ենք, որ անցած խաղերում մեր ընտրանին չուներ պլան Բ մարտավարական առումով, բայց սա նաև Գյուլբուդաղյանցի բացահայտման հանդիպումն էր։ Նա ապացուցեց, որ կարողանում է համակարգել մեր հավաքականին, որն անհրաժեշտության դեպքում պաշտպանվում էր, իսկ երբ պետք էր գրոհել՝ հաճույքով դա անում էր ու խնդիրներ ստեղծում։ Եթե նախորդ խաղերում չէր ստացվում հակագրոհել, ապա այս մրցավեճում 4 անգամ հակագրոհ ենք անցկացրել, իսկ մրցակցին թույլ չենք տվել դա անել ոչ մի անգամ։ Մրցակիցը 24 հարված է կատարել, բայց ավելի շատ հարվածել է հեռու տարածություններից։ Սա խոսում է մեր հենակետայինների ու պաշտպանների դրական գործողությունների մասին, ովքեր հիմնականում թույլ չեն տվել մրցակցին մտնել տուգանային հրապարակ ու այնտեղից սպառնալ դարպասին։ Մեր հավաքականը 11 հարված է կատարել, որոնցից 8-ը՝ տուգանային հրապարակի ներսից։ Սա խոսում է այն հանգամանքի մասին, որ Հայաստանի հավաքականը վերջապես էֆեկտիվ կոմբինացիաներ էր տեղծում գրոհի վերջին փուլում ու հաջողվում էր ճեղքել մրցակցի պաշտպանությունը՝ մուտք գործելով տուգանային հրապարակ։ Նախորդ ֆուտբոլիստները, մարզիչը, դասավորվածությունը, բայց լրիվ այլ խաղ։

Թվում է, թե ամեն ինչ իդեալական է, բայց ունենք 2 ցուցանիշ, որոնցող զգալիորեն զիջել ենք մրցակցին ու հիմնականում դա է մեծ խնդիրներ առաջացրել մեզ համար այդ խաղում։ Մենապայքարներում մրցակիցը 73 անգամ հաղթել է մեր ընտրանուն, իսկ օդային պայքարներում՝ 20։ Հայաստանի հավաքականը հաղթել է 59 մենապայքարում ու ընդամենը 8 օդային պայքարում։ Մենք շատ գոլեր ենք բաց թողել ստանդարտներից կամ եզրից տուգանային հրապարակ կատարած փոխանցումներից հետո հենց այս ցուցանիշի մշտական թերացման պատճառով։ Դա դարձել է մեր գլխավոր բացթողումը, որը երկար տարիներ չենք կարողանում ուղղել։ Խնդիրը ոչ միայն հասակն է, այլ նաև ճիշտ դիրք ընտրելու թերացումը։ Դիրքային պայքարը հինականում թելադրում է մարզիչը։ Այս անլուծելի թվացող խնդիրն Արմեն Գյուլբուդաղյանցի ուսերին է, որն անհապաղ լուծում է պահանջում։ Եթե ցանկանում ենք առաջիկա խաղում միավորներ վերցնել Իտալիայից, ապա մենապայքարներում և օդային մենամարտերում այդքան զիջելը դատավճիռ կնշանակի մեզ համար։ Մեր այդ խնդիրը նկատել էր նույնիսկ Լիխտենշտեյնը, որը 7 անգամ եզրից փոխանցել է մեր տուգանային հրապարակ այն դեպքում, երբ սակավաթիվ գրոհներ է անցկացրել ամբողջ հանդիպման ընթացքում։ Իհարկե, 7-ից ոչ մեկը չի հասել նպատակին, բայց ավելի բարձրակարգ մրցակիցների հետ խաղերում մեկ դիրքային սխալը կարող է ճակատագրական լինել։ 

Հայաստանի հավաքականն ապացուցեց, որ ունակ է պահեր տեղծել, պայքարել մինչև վերջ և ներկայիս կազմով անհարմարություններ առաջացնել կարգով ավելի բարձր թվացող մրցակիցների հետ խաղում։ Իտալիայի դեմ պայքարում (սեպտեմբերի 5) դա ցուցադրելն անչափ բարդ կլինի։ Նույնիսկ, եթե պարտվենք՝ մեր ֆուտբոլիստներին շատ մեղադրել չի կարելի, բայց, եթե ցանկանում ենք դուրս գալ խմբից՝ պետք է միավորներ «փախցնել» յուրաքանչյուրից։ Որակավորման փուլում դեռ ամեն ինչ առջևում է և, եթե Հունաստանը կարող է համեստ կազմով դառնալ Եվրոպայի չեմպիոն, եթե «Լեսթերը» կարող է հաղթել ԱՊԼ-ն, «Ատալանտան»՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, ապա մենք նույնպես կարող ենք պայքարել պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում հայտնվելու համար։ Կարող ենք դառնալ օրինաչափ դարձած սենսացիաներ կերտողների մի մասնիկը։  Նման հաջողության հասնում են այն թիմերը, երբ երկրպագուները նպատակը, հետևաբար, նաև պատասխանատվությունը կիսում են ֆուտբոլիստների հետ։ Միայն պետք է հավատալ ու անդադար աջակցել։

Ջիվան Օհանյան

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000