Որոնել
Արխիվ
14.06.2019  00:14

Հունաստան - Հայաստան. ArmFootball-ի գնահատականները

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Հունաստանի հետ ու հաղթեց՝ 3-2 հաշվով։

ArmFootball.com-ը վերլուծել է մեր ընտրանու ֆուտբոլիտների խաղն ու գնահատականներ տվել։

Արամ Հայրապետյան 7.5 - Բազմիցս փրկեց թիմին՝ այդ թվում 2-3 հաշվի ժամանակ (9 սեյվ): Հնարավոր է՝ ունենար ամենաբարձր գնահատականը թիմում, եթե չլիներ բաց թողած առաջին գոլը: Վերջին պահին արձագանքեց հարվածին ու գնդակը հետ մղեց դարպասի մեջ: Մնացած դրվագներում գրեթե անթերի էր: Բաց թողած երկրորդ գոլի ժամանակ ոչինչ անել չէր կարող: 

Կամո Հովհաննիսյան 7,5 - Հավաքականի «հավերժ շարժիչը»: Հովհաննիսյանի դերը խաղադաշտում հատկապես մեծացավ, երբ երկրորդ կեսում հույների աջ պաշտպանը սկսեց ավելի բարձր խաղալ՝ ազատ գոտիներ թողնելով: Կամոյի արագացումները ոչ միայն տպավորիչ էին, այլև մեծ գլխացավանք էին մրցակիցների համար և դրանցից մի քանիսը կարող էին դարպասի գրավումով ավարտվել: Պաշտպանությունում փոքր թերություններով, բայց, ամեն դեպքում, իր եզրում, համեմատաբար ավելի հանգիստ էր: Նա նաև աչքի ընկավ արդյունավետ գործողությամբ՝ սկսելով գրոհն ու 33-րդ րոպեին գոլային փոխանցում կատարելով Գևորգ Ղազարյանին։ Կամոն 15 անգամ մտել է մրցակիցների հետ մենապայքարի մեջ՝ հաղթելով 7-ում։ Մրցակիցներին 4 անգամ շրջանցել է դրիբլինգի հաշվին։

Վարազդատ Հարոյան 6,5 - Մեծ մասամբ հուսալի էր, հասցնում էր հեռացնել եզրային փոխանցումները, որոնք այս խաղում բավականին շատ էին: Մասնավորապես, 4 անգամ կարողացել է գնդակը հեռացնել՝ մրցակիցներին թույլ չտալով սպառնալ դարպասին։ Լավ փոխանցումներով կարողանում էր սկսել թիմի գրոհները։ Այնուամենայնիվ, փոխանցումների ճշգրտությունը ցածր է (66%)։ Ընդհանուր առմամբ, 10 ճիշտ փոխանցում է կատարել։ Երկրորդ գոլի դրվագում լավ չդիմավորեց Ֆորտունիսին՝ դառնալով գոլի բազմաթիվ մեղավորներից մեկը: 8 անգամ մտել է մենապայքարի մեջ՝ հաղթելով 4-ում։ Գնդակը կարողացել է խլել 2 անգամ, ինչը պաշտպանի համար ցածր ցուցանիշ է։

Հայկ Իշխանյան 7 - Պաշտպանության կենտրոնի վրա ճնշումը մեծ էր, քանի որ եզրից փոխանցումները շատ էին: Բայց Իշխանյանը Հարոյանի պես հուսալի էր կենտրոնում, կարողանում էր կասեցնել այդ փոխանցումները: Առաջին կեսում որոշակի խնդիրներ ուներ երկրորդ հարկում՝ Սոկրատիսի հետ պայքարում, երկրորդ կեսում օդային այդ խնդիրը լուծվեց: 9 անգամ կարողացել է գնդակը հեռացնել վտանգավոր գոտուց, 9 անգամ մտել է մենապայքարի մեջ՝ հաղթելով 4-ում։ Այնուամենայնիվ, գնդակը խլելու ցուցանիշն, ինչպես Հարոյանինը, այնքան էլ տպավորիչ չէ (2):

Հովհաննես Համբարձումյան 6 - Առաջին կեսում ճնշումը աջ եզրի վրա մեծ էր, ու Համբարձումյանը ոչ միշտ էր դիմանում այդ ճնշմանը: 10-րդ րոպեին թույլ տվեց իրեն շրջանցել տուգանային հրապարակում, ինչից հետո կարող էինք գոլ բաց թողնել: Նման սխալներ այլևս չկրկնեց, բայց, միևնույն է, իր եզրի փոխանցումները փակել չէր կարողանում: Մեղքի իր բաժինն ուներ բաց թողած երկրորդ գոլի ժամանակ (Հարոյանն ու Համբարձումյանը, կարծես, իրար վրա էին հույս դրել): Նախորդ խաղի համեմատ՝ ավելի պասիվ էր առջևում, հավանաբար՝ մարզչի առաջադրանքով: 

Կառլեն Մկրտչյան 6.5 - Առաջին կեսում բավականին մեծ ծավալի աշխատանք կատարեց, մասնակցում էր պրեսինգին, կարողանում էր ընդհատել մրցակցի գրոհները՝ սկզբանական փուլում, նաև լավ փոխանցումով սկսել իր թիմի գրոհները: Խաղակեսի վերջնամասում վնասվածք ստացավ, երկրորդ կեսի սկզբում չէր հասցնում մրցակցի գրոհների հետևից, իսկ բաց թողած գոլի դրվագում չհասցրեց փակել Զեկայի հարվածը: Արդեն մինչև բաց թողած գոլը Գյուլբուդաղյանցը պատրաստվում էր փոխարինել Մկրտյանին, բայց չհասցրեց: Ունի կատարած փոխանցումների 78% ճշգրտություն (11), բայց ոչ մի հաջողված սրող փոխանցում չի կատարել։ 3 անգամ խլել է գնդակը, 3 անգամ էլ կարողացել գնդակը հեռացնել վտանգավոր գոտուց։ 


Արտակ Գրիգորյան 6.5 - Ավելի շատ զբաղված էր մրցակիցների գրոհները քանդելով: Շատ աշխատեց, բայց երկրորդ կեսում ոչ միշտ էր հասցնում մրցակիցների հետևից, բաց թողած երկրորդ գոլի ժամանակ չափազանց «նուրբ» դիմավորեց Ֆորտունիսին, այն ժամանակ, երբ վերջինս նոր էր արագություն հավաքում ու սկսում իր անցումը: Կատարել է 1 սրող փոխանցում, 8 անգամ մտել է մենապայքարի մեջ, բայց հաղթել ընդամենը մեկում։ 2 անգամ կարողացել է կանգնել մրցակիցների հարվածների ճանապարհին։ Փոխանցումների 81% ճշգրտություն ունի (13):

Հենրիխ Մխիթարյան 8.5 - Լավագույններից էր խաղադաշտում, գրեթե բոլոր գրոհների «դիրիժորը»: Վերջապես կատարյալ ազատություն էր ստացել պաշտպանողական գործողություններից և կարողանում էր ազատ ստեղծագործել: Առաջին կեսում պրեսինգի ժամանակ խաղում էր հարձակվող Կարապետյանին հավասար, երկրորդ կեսում խորքից արագացնում էր հակագրոհները: Փայլուն փոխանցումով գտավ Բարսեղյանին երրորդ գոլի ժամանակ: Վերջում պետք է ինքն էլ գոլի հեղիակ դառնար, բայց հույների դարպասապահը կարողացավ փրկել թիմին: Միայն մի պահ կորավ «խաղից»՝ երկրորդ կեսի սկզբում, բայց բաց թողած գոլից հետո «վերադարձավ» ավելի ուժեղ: Նա մեր ընտրանու կազմում դաշտում ամենաշատ տարածությունն է անցել։ Հսկայական աշխատանքի արդյունքում 20 անգամ կարողացել է մենապայքարի մեջ մտնել՝ հաղթելով 11-ում։ 10 անգամ դիմել է խաբքի, որոնցից հաջող է ստացել 7-ը, 3 անգամ խլել է գնդակը և այլն։ Վիճակագրական ցուցանիշներով, սառնասրտությամբ, վարպետությամբ նա հիացնում էր։


Գևորգ Ղազարյան 7.5 - Հիանալի գոլի հեղինակ դարձավ: Ակտիվ էր, լավ էր պահում գնդակը, իսկ երկրորդ կեսում, երբ հույները մի փոքր ավելացրին ճնշումը պաշտպանության ձախ եզրում, նահանջեց ու շատ օգնեց Կամո Հովհաննիսյանին՝ 20 անգամ մենապայքարի մեջ մտնելով (11-ում հաղթել է): Խաղի վերջում հոգնեց ու 83-րդ րոպեին փոխարինվեց: Հատկանշական է, որ Ղազարյանը կարողացել է 5 անգամ փակել մրցակիցների հարվածները։

Տիգրան Բարսեղյան 8 - Գոլ+գոլային փոխանցում: Վիճակագրությունն ամեն ինչ ասում է: Բացի այդ, հենց Բարսեղյանի շնորհիվ դաշտի կենտրոնում մեր ընտրանին կարողացավ խլել գնդակը և անցավ հակագրոհի, որն էլ դիպուկ հարվածով եզրափակեց հենց ինքը՝ Բարսեղյանը: Համեմատած Լիխտենշտեյնի հետ խաղի՝ գրոհի վերջին հատվածում կայացրած որոշումներում սխալներն ավելի քիչ էին: 5 հարված է կատարե, որոնցից 2-ն ընթացել են դարպասին։ 


Ալեքսանդր Կարապետյան 7.5 - Գերազանց սառնասրտություն դրսևորեց խփած գոլի դրվագում: Դուրս չէր մնում թիմի կոմբինացիոն խաղից, մեծ ճնշում էր գործադրում մրցակցի պաշտպանների վրա պրեսինգի ժամանակ: Անընդհատ շարժման մեջ էր՝ հոգնեցնելով պաշտպաններին: Կատարել է 1 սրող փոխանցում, 2 անգամ խաբքի է դիմել և հաջող է ստացել 1-ը, ունի փոխանցուների 76 % ճշգրտություն (10): 9 մենապայքարներից հաղթել է 2-ում։

Ռումյան Հովսեփյան 7 - Լավ մտավ խաղի մեջ՝ կարողանալով լիարժեք փոխարինել Կառլեն Մկրտչյանին: Նրա՝ դաշտ դուրս գալուց հետո հենակետային գոտում խաղը կարգավորվեց: Դաշտում անցկացրեց 35 րոպե՝ հասցնելով 12 ճշգրիտ փոխանցում կատարել (85%): 2 անգամ դիմել է հեռահար փոխանցումների օգնությանը, որոնցից հաջող է ստացվել 1-ը։ 2 անգամ կարողացել է խլել գնդակը։

Էդգար Բաբայան 6.5 - Ավելի պասիվ մտավ խաղի մեջ՝ նախորդ խաղի համեմատ: Բաբայանը դաշտում անցկացրեց 20 րոպե։ Դրականից՝ Մխիթարյանին կատարած փայլուն փոխանցումը 3-2 հաշվի ժամանակ: Բացասականից՝ վերջին վայրկյանին ստացած դեղին քարտը:

Պետրոս Ավետիսյան - առանց գնահատական: Խաղաց ընդամենը 13 րոպե։

Արմեն Գյուլբուդաղյանց 7.5 - Ճիշտ կազմ ու ընտրված ճիշտ մարտավարություն՝ բարձր պրեսինգ հենց սկզբից ու գրեթե ամբողջ խաղակեսի ընթացքում: Հնարավոր է՝ պետք էր փոխարինել վնասվածք ստացած Մկրտչյանին անմիջապես ընդմիջումից հետո: Ժամանակին արձագանքեց առջևի գծի պասիվացմանը ու փոխարինեց Կարապետյանին:



ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000