Որոնել
Արխիվ
29.05.2019  19:59

Ինչպես է «Արարատ-Արմենիան» իրավունք ստացել մասնակցել եվրագավաթներին. պարզաբանում

Այսօր 1in.am կայքում հրապարակվել է հոդված «Արարատ-Արմենիայի»` եվրագավաթներին մասնակցելու իրավունք չունենալու վերաբերյալ: Այնուամենայնիվ, երևանյան ակումբը համապատասխան արտոնագիր արդեն ստացել է: Պարզաբանման համար ArmFootball.com-ը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանից հետևյալ պարզաբանումը ստացել: 

«Այն կարծիքը, որ «Արարատ-Արմենիա» և «Լոռի» թիմերը չէին կարող ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու արտոնագիր ստանալ, չի համապատասխանում իրականությանը: Ավելին, ակումբների արտոնագրման կանոնակարգի 12-րդ հոդվածին տրվել է սխալ  մեկնաբանություն:

«Արարատ-Արմենիա» և «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» («Լոռի») ֆուտբոլային ակումբներին շնորհվել է ՈՒԵՖԱ-ի արտոնագիր, որը նրանց առաջին թիմերին, մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում, թույլ է տալիս մասնակցել ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին: Երկու ակումբները պատշաճ կերպով անցել են արտոնագրման ընթացակարգը և բավարարել կանոնարգի բոլոր պահանջները, և մասնավորապես, կանոնակարգի իրավական չափանիշը, որի մաս է կազմում նշված 12-րդ հոդվածը:

Հոդվածը պահանջում է, որպեսզի արտոնագրման թեկնածու ակումբն առնվազն երեք տարի հանդիսանա տվյալ ֆեդերացիայի անդամ կամ ունենա պայմանագրային հարաբերություններ տվյալ ֆեդերացիայի հետ: Այնինչ, այսօրվա հրապարակման մեջ տվյալ հոդվածը մեկնաբանվել էր, որ արտոնագրման թեկնածու ակումբը պետք է երեք տարի մասնակցած լինի ներքին առաջնությանը: Իրականում ֆեդերացիայի անդամ լինելը կամ պայմանագրային հարաբերությունները ֆեդերացիայի հետ ենթադրում են տվյալ ակումբի մասնակցությունը ֆեդերացիայի կողմից կազմակերպվող բոլոր մրցաշարերին, այդ թվում՝ նաև մանկապատանեկան մրցաշարերին: Ավելին, ակումբը կարող է երեք և ավելի տարիներ լինել ֆեդերացիայի անդամ, բայց չմասնակցել որևէ մրցաշարի:

Այդ առումով, մինչև ՀՀ 1-ին խմբի առաջնությանը մասնակցելը, թե «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», թե «Արարատ-Արմենիա» ակումբները մասնակցել են ՀՖՖ մանկապատանեկան առաջնություններին՝ ապահովելով անհրաժեշտ քանակի տարիների պայմանագրային հարաբերություններ ՀՖՖ հետ:


Ինչ վերաբերում է «Արարատ-Արմենիայի» անվանափոխությանը, այն պահին, երբ «Արարատ-Արմենիան» կատարել է անվանափախություն, այդ պահին նրանք դիմել էին միայն Ազգային արտոնագրի համար, որի դեպքում չի գործում ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման կանոնակարգի 12-րդ հոդվածը և արտոնագրի տրամադրումը ամբողջապես ՀՖՖ իրավասության շրջանակներում է: ՈՒԵՖԱ-ի արտոնագրի համար «Արարատ-Արմենիան» դիմել է անվանափոխությունից մեկ մրցաշրջան հետո և այդ պարագայում երեք տարվա կանոնը չի գործում: Այն կգործեր, եթե ակումբը կատարեր անվանափոխություն ՈւԵՖԱ-ի արտոնագրի համար դիմելու մրցաշրջանում»: 

 Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի վերջին 36-րդ տուրում «Արարատ-Արմենիան» վաղը հյուրընկալվելու է «Բանանցին»: Հաղթանակի դեպքում Վարդան Մինասյանի թիմը կդառնա չեմպիոն ու հանդես կգա Չեմպիոնների լիգայում, իսկ այլ արդյունքի դեպքում կգրավի երկրորդ տեղը և ելույթ կունենա Եվրոպա լիգայում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000