Որոնել
Արխիվ
28.05.2019  12:38

«Որոշելու ենք լավագույն ֆուտբոլիստին». Խինես Մելենդեսը` Չեմպիոնների լիգայի եզրափակչի տեսուչ

ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Տոտենհեմ»- «Լիվերպուլ» հանդիպման՝ ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ: 

 ՉԼ եզրափակչի մրցավայր Մադրիդ մեկնելուց առաջ Խինես Մելենդեսը ՀՖՖ պաշտոնական կայքին պատմել է տեխնիկական տեսուչի պարտականությունների մասին և կիսվել եզրափակչից իր ակնկալիքներով:

 

-Պարոն Մելենդեսորքա՞ն ժամանակ է, որ համարվում եք ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ:

Արդեն շուրջ 10 տարի:

- Ի՞նչ է մտնում ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչի պարտականությունների մեջ:

Տեխնիկական տեսուչները դիտում են խաղերը, վերլուծում դրանք տեխնիկական տեսանկյունից և զեկուցում իրենց տեսածը: Այս ամենի հիման վրա հետագայում կազմվում են ՈՒԵՖԱ-ի տեխնիկական զեկույցները՝ փաստաթղթեր, որոնք վերլուծում են մրցաշարը տեխնիկական և տակտիկական տեսանկյունից՝ շեշտը դնելով ֆուտբոլիստների գործողությունների, գոլերի և կարևոր դրվագների վրա:

Զեկույցը երկու հիմնական նպատակ ունի.

1. Ապահովել ՈՒԵՖԱ-ի՝ տարբեր կարգի արտոնագրեր ունեցող մարզիչներին տեղեկատվությամբ և նրանց հնարավորություն տալ գիտելիքներ ձեռքբերել եվրոպական ակումբային մրցաշարերի տակտիկական ամենավերջին տենդենցների վերաբերյալ:

2. Ձևավորել ժառանգություն, այսինքն փաստաթղթավորել մրցաշարի պատմությունը՝ տեխնիկական և տակտիկական տվյալների ամբողջության տեսքով: 

- Դուք ներկայացրիք պարտականությունների ընդհանրական պատկերը, իսկ ի՞նչ պարտականություններ ունեք՝ կոնկրետ եզրափակչի հետ կապված:

- Այլ տեսուչների հետ միասին դիտելու ենք հանդիպումը, որոշելու ենք հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Բացի այդ, ինչպես և նախորդ տարիներին, մի քանի օրից որոշելու ենք մրցաշարի լավագույն գոլերը և կազմելու ենք խորհրդանշական հավաքականը: Որպես տեխնիկական տեսուչ՝ առաջին անգամ ներկայացնելու եմ Հայաստանը:

Նշեցիք այլ տեսուչների մասին: Ի՞նչ հայտնի անուններ կան ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչների ցանկում: 

- Այս տարի այդ բարձր պատվին արժանացել են այնպիսի մարզիչներ, ինչպիսիք են Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը, գերմանացի հանրահայտ մարզիչ Թոմաս Շաաֆը և այլն: Նախորդ տարիներին ևս կազմը եղել է շատ ներկայացուցչական՝ սըր Ալեքս Ֆերգյուսոն, Ֆաբիո Կապելո, Քրիստիան Կիվու, Ռայան Գիգզ, Դեյան Ստանկովիչ և այլոք: 

-Ի՞նչ սպասելիքներ ունեք եզրափակչից:

Եզրափակչում «Բարսելոնա»-ին էի սպասում: Կուզեի Մեսսիին հանդիպել, բայց «Լիվերպուլն» արժանի հաղթանակ տարավ: «Տոտենհեմը» ևս զարմացրեց: Նմանատիպ խաղաոճերով, հարձակողական ֆուտբոլ խաղացող թիմեր են, ուստի շատ հետաքրքիր մրցավեճ եմ ակնկալում: Որոշիչ կլինի թիմային արագության գործոնը: Ի վերջո, կհաղթի այն թիմը, որն ավելի քիչ կսխալվի:  

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000