Ավարտվեց Ռուսաստանի առաջնությունը. Մրցանակային տեղեր, ռմբարկու, դուրս
մնացած թիմեր
Ռուսաստանի առաջնությունում կայացել են վերջին` 30-րդ տուրը: «Ուրալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել է «Անժիին»: Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի` Արթուր Սարկիսովի թիմը` «Ենիսեյը» հյուրընկալվել է չեմպիոն դարձած «Զենիթին» ու զիջել 1:4 հաշվով: Սարկիսովը չի մասնակցել հանդիպմանը:
Այսպիսով, «Զենիթը» 4 տարի անց կրկին դարձավ չեմպիոն: Նախորդ տարվա չեմպիոն «Լոկոմոտիվը» դարձավ արծաթե մեդալակիր, իսկ «Կրասնոդարը»` բրոնզե: Այդ թիմերը հաջորդ մրցարջանում հանդես են գալու Չեմպիոնների լիգայում: «Ցլերը» մրցաշարը կսկսեն որակավորման վերջին փուլից:
Եվրոպա լիգայում են խաղալու ԲԿՄԱ-ն, «Սպարտակը» և Տուլայի «Արսենալը»:
Մրցաշարից դուրս մնացին «Ենիսեյն» ու «Անժին»: Նրանց փոխարինելու են «Տամբովն» ու «Սոչին»: «Ուֆան» ու «Կռիլյա Սովետովը» կմասնակցեն անցումային հանդիպումների, որտեղ նրանց մրցակիցները կլինեն առաջին դիվիզիոնում երրորդ ու չորրորդ տեղերը գրաված «Տոմը» և «Նիժնի Նովգորոդը»:
Լավագույն ռմբարկու է դարձել ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդոր Չալովը, ով 15 գոլ է խփել: Նրան հաջորդել են Սերդար Ազմունը («Ռուբին»/«Զենիթ»)` 13, Վիկտոր Կլասսոնը («Կրասնոդար»)` 12, Սեբաստյան Դրիսուսին («Զենիթ»)` 11, Անտոն Միրանչուկը («Լոկոմոտիվ»)` 11 և Զե Լուիշը («Սպարտակ»)` 10:
Ամենաշատ գոլային փոխանցումները կատարել է «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան` 10: Նրան զիջել են «Կրասնոդարի» կիսապաշտպան Յուրի Գազինսկին (8) և «Դինամոյի» վինգեր Ժոաոզինյոն (8):