Որոնել
Արխիվ
12.05.2019  22:49

«Բարսելոնան» հաղթեց վերջին տնային խաղում, «Ռեալը» պարտվեց հաշիվը բացելուց հետո, այլ արդյունքներ (VIDEO)

Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում չեմպիոնի կոչումը նվաճած «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Խետաֆեին»: Գրանցվել է 2:0 հաշիվը:

39-րդ րոպեին Լիոնել Մեսիի փոխանցումից ու Ժերար Պիկեի գլխով հարվածից հետո դարպասպահ Ռուբեն Սորիան փրկել է իր թիմին, սակայն վրա հասած Արտուրո Վիդալը գրավել է դարպասը: Խաղավերջում (89) Մեսսին մոտ է եղել գոլ խփելուն, սակայն նրանից առաջ է անցել Ջենե Դեկունամը և պատահականորեն գրավել է սեփական դարպասը:

Չորորրդ տեղում ընթացող «Խետաֆեին» (58) միավորներով հավասարվեց ու լրացուցիչ ցուցանիշներով շրջանցեց «Վալենսիան», որը տանը հաղթել է «Ալավեսին» (3:1): Կատալոնական թիմը վաստակել է 86 միավոր ու ավելի առաջ պոկվել երկրորդ տեղում ընթացող «Ատլետիկոյից» (75): Վերջինս սեփական հարկի տակ 1:1 հաշվով է ավարտել «Սևիլյայի» դեմ հանդիպումը: Կոկեի գոլին (30) պատասխանել է Պաբլո Սարաբիան (70): Անդալուզցիները 56 միավորով վեցերորդն են:

Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել է «Ռեալ Սոսյեդադին» ու 1:3 հաշվով պարտություն կրել: 6-րդ րոպեին Բրահիմ Դիասը գեղեցիկ անցումից հետո գրավել է դարպասը: 26-րդ րոպեի Միկել Մերինոն պատասխան գոլն է խփել: Ընդմիջումից առաջ (40) Խեսուս Վալյեխոն ձեռքով փակել է դեպի դատարկ դարպասն ընթացող գնդակի ճանապարհը և կարմիր քարտ ստացել: 11-մետրանոցից Վիլիան Ժոզեի հարվածը որսացել է դարպասապահ Տիբո Կուրտուան:

Բասկերը հաղթանակ են կորզել երկրորդ կեսում: Աչքի են ընկել Խոսեբա Սալդուան (57) և Անդեր Մուգուրուսան (67): Զինեդին Զիդանի թիմը 68 միավորով երրորդ տեղում է, իսկ բասկյան թիմը 50 միավորով ութերորդը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000