Որոնել
Արխիվ
09.05.2019  13:57

Աբրահամ Խաշմանյան. «Այսօր «Ալաշկերտը» չի կարող «Լոռիի» չափ երկրպագուներ ունենալ»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ամփոփել է «Լոռիի» դեմ Հայաստանի գավաթի եզրափակիչը (1:0) և պատասխանել է ArmFootball.com-ի և այլ լրատվամիջոցների հարցերին:

«Խաղը երկկողմանի ստացվեց, գավաթային եզրափակիչ էր: Կարող եմ շնորհակալություն հայտնել «Լոռիին» շատ լավ ֆուտբոլ խաղալու համար»:

- Առաջին խաղակեսում Ձեր թիմի հարձակման գիծն այդքան ակտիվ չէր, որքան երկրորդում: Ի՞նչ փոխեցիք ընդմիջամ ժամանակ:

- Երկու թիմերն էլ զգուշություն էին ցուցաբերում, ինչն այդպես էլ պետք է լիներ: Միգուցե, խաղը գնար մինչև առաջին սխալ, բայց այդ սխալը չէր լինում: Բնականաբար, ընդմիջման ժամանակ ինչ-որ բաներ փոխեցինք, հրահանգներից հետո ավելի կազմակերպված խաղ, ավելի հստակ պաշտպանություն ավելի ագրեսիվ հարձակում կար: Գոլը խփեցինք ու հաղթեցինք: Շնորհավորում եմ մեր ակումբին,  նախագահին, ֆուտբոլիստներին, երկրպագուներին: Առաջին անգամ է մեր ակումբը գավաթը նվաճում, բոլորիս համար մեծ պատիվ է: Այս գավաթը նվաճելով, Հայաստանում բոլոր տիտղոսներն ունեցանք, ինչի համար շատ-շատ ուրախ եմ:

- Գավաթի նվաճումն ինչպես կազդի առաջնությունում «Ալաշկերտի» ելույթների վրա: Կլինի՞ ազդակ, որովհետև հիմա առաջնության ամենաթեժ հատվածն է:

- Ոչ, ազդակ չի լինի: Ոչինչ չի փոխվում, մենք պրոֆեսինոլներ ենք, ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են: Վաղն արդեն ունենք մարզում, որպեսզի պատրաստվենք առաջնության հերթական խաղին: Հնարավոր է ինչ-որ հոգնածություն նկատվի, բայց կաշխատենք լավ ներկայանալ առաջիկա խաղին: Հոգեբանորեն էլ, միգուցե, հոգնածությունը չզգացվի, որովհետև այսօր թիմը Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց:

- «Ալաշկերտը» ներկայացնում է Երևանը և Մարտունին, երեք տարի անընդմեջ Հայաստանի չեմպիոն է դառնում, այնուամենայնիվ «Լոռին» շատ ավելի մեծ երկրպագուներով է ներկայանում եզրափակչին: Ինչո՞ւ է այդպես:

- «Լոռին» ամբողջ մարզ է ներկայացնում: Նաև չմոռանանք, որ առաջին անգամ է խաղում Հայաստանի առաջնությունում և առաջին անգամ էր գավաթի եզրափակչում: Բնականաբար, աժիոտաժը պետք է շատ մեծ լիներ: Չմոռանանք նաև, որ «Ալաշկերտը» 6 տարում բավականին մեծ պատմություն է գրել հայկական ֆուտբոլում և բոլոր տիտղոսները նվաճել է:

- Բայց միևնույն է երկրպագուները քիչ են…

- Դե ես ի՞նչ անեմ: Աստիճանաբար ամեն ինչ կգա իր տեղը: Մենք չենք կարող այսօր «Լոռիի» չափ երկրպագուներ ունենալ: Երկրպագուները շատանում են, երբ թիմը լավ խաղ է ցուցադրում ու լավ արդյունքների է հասնում:

- Արդյունքը կա. երեք տարի անընդմեջ չեմպիոն է դարձել:

- Մենք այդ հարցով բան չենք կարող անել: Իմ խնդիրը չի, ես չեմ կարող այդ հարցով զբաղվել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000