Որոնել
Արխիվ
18.04.2019  17:53

Արմեն Մելիքբեկյան. «Մարաշլյանի հարցը փակված է, Մելենդեսը 1 միլիոն չի ստանում»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ու առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը Shant TV-ի եթերում եղել է «Հեռանկար» հաղորդման հյուրը և խոսել հայկական ֆուտբոլի վերաբերյալ մի քանի հարցերի շուրջ:

Օգնություն նոր ակումբներին

«ՀՖՖ-ն նոր քաղաքականություն է հիմնել: Եթե լինեն ներդրողներ, ովքեր ցանկանում են մարզերում ակումբներ հիմնել, մենք կաջակցենք ենթակառուցվածքներով` մարզադաշտ կառուցելով, որն ամենաթանկ գործն է: Եթե խոսում ենք ժամանակակից ստանդարտներով արհեստական խաղադաշտի մասին, ապա դա 250-300 հազար դոլար է: Բնական խոտածածկովը` 150 հազար դոլար է: Դա հիմնականում ՀՖՖ-ի գումարներով է արվում»:

Հայաստանի բանակի ֆուտբոլի ակումբի մասին

«Ձևաչափի շուրջ ՀՖՖ-ն արդեն համաձայնության է եկել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ: Ապրիլի 19-ին այցելելու ենք ենթակառուցվածքները դիտելու, մի քանի տարբերակներ ունենք: Դրանից հետո որոշում կկայացնենք, թե ԲԿՄԱ-ն որտեղ է խաղալու: Ենթադրում եմ, որ իրավական գործընթացները ճիշտ կազմակերպելու դեպքում արդեն հաջորդ մրցաշրջանից այդ ակումբը կսկսի խաղալ Առաջին խմբում»:

Հավաքականի համար արտասահմանցի մարզիչ հրավիրելու պահանջի մասին

«Երբ Հայաստանի հավաքականի հաջող ելույթների ժամանակ Վարդան Մինասյանը գլխավորում էր թիմը, շատ երկրպագուներ ասում էին, որ եթե արտասահմանցի մարզիչ լինի, ավելի լավ կխաղան: Իրականում այդքան էլ այդպես չէ: Դա խիստ մասնագիտական հարց է և դժգոհողներ միշտ լինելու են: ՀՖՖ-ի նախագահը վերջրես բացատրեց, որ բանակցել ենք այսպես ասած «լավ ու թանկարժեք» մարզիչների հետ, բայց խնդիրներն այլ տեղերում են: Մեր ռեսուրսների պարագայում ամենալավ տարբերակը ներկայինս էր»:

Խինես Մելենդեսի աշխատավարձը

«Մելենդեսի պայմանագիրը գաղտնիք  է և ես չեմ կարող բացահայտել այն, բայց նա տարեկան չի ստանում մեկ միլիոն դոլար, ինչպես գրում են մամուլում: Նրա ստացած գումարը նույնիսկ մոտ չէ 1 միլիոնին: Մելենդեսն արդեն 2-3 ամսում կատարում է այն աշխատանքը, որը մեզ գոհացնում է: Տեսնում ենք ծիլերը, որոնք կարող են մեր մանկապատանեկան ֆուտբոլը դուրս բերել այդ վիճակից և հետագայում արդյունք տալ: Նա վճարվում է ծրագրերի, մեթոդիկայի, հավաքականների աշխատանքները կազմակերպելու և մարզիչներին կրթելու համար, ինչն ամենակարևորն է: Նա խոսք ունի. «Լավ ֆուտբոլիստները պետք է ունենան լավ մարզիչներ»:

Դիեգո Ռոսսի Մարաշլյանի մասին

«Նրա հարցը փակված է: Ուրախ եմ, որ ինքն անձամբ հայտարարեց մեր միջև բանակցությունների մասին: Նա տեղեկացրեց, որ  չի պատրաստվում խաղալ Հայաստանի հավաքականում: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ուզում է Ուրուգվայի հավաքականում խաղալ: Կարծում եմ` նրան այնտեղից հրավեր կուղարկեն: Մարաշլյանի հարցը փակված է, եթե ապագայում կտրուկ ինչ-որ բան չփոխվի»:

Մրցավարության ու Հայաստանում VAR-ի մասին

«Ֆեդերացիայի խնդիրն այն է, որ մրցավարների աշխատանքում միտում չլինի: Այն հիմա չկա: Իհարկե, որակական սխալները նույնպես լավ չէ: Փորձելու ենք բարձրացնել մեր մրցավարների մակարդակը, որովհետև հիմա լավ մրցավարներ շատ չունենք:

VAR-ը թանկ հաճույք է: Մենք արդեն հասկացել ենք գները: ՖԻՖԱ-ի հետ փորձում ենք բանակցել, որ VAR-ի վերաբերյալ հաջորդ սեմինարին ներկա լինեն նաև մեր ներկայացուցիչները: Նրանք արդեն մեկ անգամ ներկա են եղել Կրասնոդարում տեսակրկնության փորձարկմանը: Ֆինանսների հարց առկա է, բայց եթե հասկանանք, որ VAR-ի անհրաժեշտություն կա, մենք կփորձենք այն ունենալ»:

«Հրազդան» ստադիոնի մասին

«Ցավոք սրտի, ֆեդերացիան մարզադաշտի հետ այս այդքան էլ կապ չունի: Գիտեք, որ ստադիոնը գրավի տակ է, ունի սեփականատեր: Ներկայիս վիճակը շատ լուրջ խնդիր է: 2012 թվականին նախկին ֆեդերացիան գումարներ է բերել ՈւԵՖԱ-ից «Հրազդանի» համար, ծախսել է 3 միլիոն եվրո է, վերականգնել խոտածածկը, բայց հետագայում այն կրկին չի պահպանվել: Հիմա այն վիճակում է, որ խոտածածկը կրկին հարկավոր է փոխել: «Հրազդանը» կարելի է առաջնության խաղերի ու երիտասարդական հավաքականի համար օգտագործել, սակայն ազգայինի համար այս պահին հնարավոր չէ, որովհետև ՈՒԵՖԱ-ի չափանիշնորով անհրաժեշտ չորրորդ կատեգորիա չի կարող ստանալ»:


Ամբողջական հարցազրույցի տեսանյութը

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000