Որոնել
Արխիվ
14.03.2019  12:14

Ալբերտ Գաջիբեկով. «Հայաստանում՝ թիմային գործողություններն ավելի քիչ են, իսկ անհատականները՝ շատ»

«Բանանցի» պաշտպան Ալբերտ Գաջիբեկովը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանից ունեցած իր առաջին տպավորությունների մասին:

- Ալբե՛րտ, արդեն մեկ ամիս է Հայաստանում ես, ի՞նչ կարող ես ասել Հայաստանի մասին, քեզ դու՞ր է գալիս այստեղ: 

- Ես էլ եմ Կովկասից, ավելի ստույգ Դաղստանից, կարող եմ ասել, որ Հայաստանի և Դաղստանի մենթալիտետները շատ նման են միմյանց, առհասարակ նմանություն կա և՛ մարդկանց, և՛ քաղաքների միջև: Այնպես որ, այստեղ ամեն ինչ շատ լավ է, կարելի է ասել՝ ես ինձ այստեղ զգում եմ ինչպես տանը:

- Կպատմես՝ ինչպե՞ս ստացվեց քո տեղափոխությունը «Բանանց»: 

- Խոսեցինք ակումբի ղեկավարության հետ, որոշեցինք, որ որոշ ժամանակով հանդես գամ երևանյան ակումբում, ինչին ես մեծ սիրով համաձայնվեցի և տեղափոխվեցի «Բանանց»:

- Այժմ վարձավճարով ես հանդես գալիս «Բանանցում», «Արմավիրի» խաղերին հետևու՞մ ես:

- Իհարկե:

- Ի՞նչ կարծիքի ես հայկական ֆուտբոլի և Հայաստանի առաջնության մասին:

- Տարբերությունը մեծ է: Այստեղ ավելի շատ շեշտը դրվում է ֆուտբոլիստների անհատական որակների վրա, թիմային գործողություններն ավելի քիչ են, իսկ անհատականները՝ շատ:

- Որո՞նք են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության և Ռուսաստանի ազգային լիգայի միջև տարբերությունները:

- Տարբերությունն իրոք ակնհայտ է, այնտեղ այլ արագություններ են, այլ տակտիկական սխեմաներ և ուժային առումով էլ տարբեր առաջնություններ են:

- Առաջնության գարնանային հատվածի առաջին երկու խաղերում թիմը ոչ ոքի խաղաց, ի՞նչ կասես այդ խաղերի մասին:

- «Արցախի» դեմ խաղի մասով կասեմ, որ հավաքներից հետո առաջին խաղն էր, կային նորեկներ, ովքեր մեզ հետ քիչ էին մարզվել և դեռ չէին ինտեգրվել թիմին ամբողջությամբ: Երկրորդ խաղում մրցակիցը շատ լավ տեսք ուներ, եթե համեմատենք մեր թիմերը, կարող եմ ասել որ «Լոռին» ավելի խաղակցված էր, քանի որ մեր թիմի մեկնարկային կազմում էին միանգամից 5-6 նորեկ, ինչը բարդացնում էր միմյանց արագ հասկանալու գործընթացը:

- Կարո՞ղ ես արդեն ասել, որ ամբողջովին ինտեգրվել ես թիմին:

- Առայժմ 70 տոկոսով, ոչ ամբողջովին: 

- «Լոռիի» դեմ խաղում ճանաչվեցիր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ի՞նչ կասես այդ մասին:

- Ես հենց նոր տեղեկացա դրա մասին, շնորհակալ եմ, շատ հաճելի է: Հաջորդ խաղերին նույնպես կանեմ ամեն ինչ և կնվիրվեմ առավելագույն չափով: Խոստանում եմ անել ամեն ինչ, որպեսզի «Բանանցը» բարձր արդյունքներ գրանցի:

- Առջևում «Արարատի» դեմ հանդիպումն է, ի՞նչ ակնկալիքներ ունեք: 

- Կարծում եմ՝ նախորդ երկու տուրերից հետո այդ խաղում անհրաժեշտ է խաղալ և անել ամեն ինչ, որպեսզի միավորներ վաստակենք, ոչ թե 1 միավոր, այլ՝ 3: Մեր թիմը ի զորու է անել դա:

- Ի՞նչ խնդիր ես դրել քո առջև «Բանանցում»:

- Ես անհատական նպատակներ չունեմ, միշտ անում եմ ամեն բան, որ օգտակար լինեմ թիմիս:

- Ո՞րն է թիմի նպատակը այս մրցաշրջանում:

- Դեռ վաղ է նպատակների մասին խոսել, պետք է լավ մարզվել, տրամադրվել առաջիկա խաղերին, առանց մրցաշարային աղյուսակին և մնացած թիմերի մարզավիճակին նայելու, ուղղակի պետք է խաղալ և վերջ: Պետք է յուրաքանչյուր խաղի տրամադրվել այնպես, կարծես վերջին խաղն է, եթե այդպես տրամադրվենք և խաղանք, կհասնենք նրան, ինչ բոլորս ցանկանում ենք:

- Ֆուտբոլասերներն արդեն ասում են, որ Ալբերտ Գաջիբեկովը շատ լավ է մեկնարկել «Բանանցում», ի՞նչ կասես երկրպագուներին և բոլոր ֆուտբոլասերներին: 

- Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, շատ հաճելի է նման վերաբերմունքը և գնահատականը: Աջակցությունը շատ կարևոր է մեզ համար, թիմն էլ պետք է իր հերթին հասկանա, որ կան մարդիկ, որ հետևում են մեզ, և մենք պետք է նվիրվենք և դուրս գանք խաղադաշտ այնպիսի տրամադրվածությամբ, որ բոլորը հասկանան, որ մենք ցանկանում ենք ինչ-որ բանի հասնել: Եթե յուրաքանչյուրս այդպես վարվի, խնդիրներ չեն լինի:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Բոսնիա - Հայաստան հանդիպումը
Բոսնիայի հավաքականի հաղթանակով
Ոչ-ոքի
Հայաստանի հավաքականի հաղթանակով
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000