Որոնել
Արխիվ
28.02.2019  17:44

Պողոս Գալստյան. «Յուրա Մովսիսյանի հետ չենք խոսել, Դիմիտրովը գնաց փող աշխատելու»

Երևանի «Արարատի» լեգենդար կիսապաշտպան Պողոս Գալստյանը, ով ներկայումս «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրենն է, հարցազրույց է տվել «Ֆուտբոլ +»-ին, որի ժամանակ անդրադարձել է նաև թիմի վերջին տրանսֆերային լուրերին:

- Ինչո՞ւ որոշեցիք բաժանվել առաջնության լավագույն ռմբարկու Իվայլո Դիմիտրովից:

 - Նախ Իվայլոն 29 տարեկան է և հետո լավ հրավեր էր ստացել (ղազախական «Ժետիսուից»-խմբ.)

- Նկատի ունեք նյութական պայմաննե՞րը:

- Այո: Բացի այդ, հաշվի առանք նրա կարծիքը: Նա ասաց, որ տարքին արդեն առել և միգուցե թողնենք, որ օգտվի ընձեռնված հնարավորությունից:

- Այսինքն` գոնե փող աշխատի:

- Այո: Ինչ խոսք, ուզում էինք, որ Իվայլոն մնար, բայց մյուս կողմից սխալ կլիներ կանգնել նրա ճանապարհին, որովհետև աշնանային փուլում մեծապես օգնել է մեր թիմին: Ընդ որում ասեմ, որ մենք այդ գործարքում ոչ մի շահ չենք հետապնդել: Պարզապես նրան բաց ենք թողել:

- Ինչպե՞ս, փոխհատուցում չի՞ եղել:  

- Ո՞չ:

- Բայց Transfermarkt-ը նրա արժեքը 350 հազար եվրո է գնահատում:

- Ոչ մի լումա չենք պահանջել, պարզապես նա վարձակալությամբ է խաղալու: Մեր ակումբի հետ Իվայլոն դեռ 1,5 տարվա պայմանագիր ունի: Բացի այդ, մենք արդեն երեք հարձակվող ունենք և մտածեցինք, որ չորրորդն ավելորդ կլինի, քանի որ եթե ինչ-որ մեկին չխաղացնենք,  կարող է դժգոհել, ինչը լարվածություն կառաջացնի թիմում: Բացի այդ, ևս մեկ հարձակվող հնարավոր է ձեռք բերենք, բանակցություններ են ընթանում:

- Երևի նկատի ունեք Յուրա Մովսիսյանին:

- Ոչ, շատ կուզենայինք, բայց…

- Այդուհանդերձ լուրեր տարածվեցին, որ Յուրան երևի տեղափոխվի «Արարատ-Արմենիա», առավել ևս, որ 2 օրով եկել էր Երևան: Նրա հետ հանդիպում չի՞ եղել:

- Ոչ, ինչ-որ մեկը խայծ է գցել, և լուրն անմիջապես տարածվել է: Յուրայի` մեր թիմ տեղափոխվելու հետ կապված ոչ մի խոսակցություն չի եղել: Երբ Յուրան եկել էր Երևան, մենք Կիպրոսում էինք: Ինձ թվում է` Յուրան ուզում է եվրոպական ինչ-որ թիմում խաղալ: Կարծում եմ` Հայաստանի առաջնությունում խաղալու նրա ժամանակը դեռ կգա:

- Այդ դեպքում ի՞նչ հարձակվող եք փնտրում:

- Այնպիսին, որ Դիմիտրովից ուժեղ լինի: 2-3 թեկնածու կա: Հայաստանի համար սելեկցիա անելը շատ բարդ խնդիր է: Հարցը փողը չէ: Մենք լավ ֆուտբոլիստի համար կարող ենք համապատասխան գումար վճարել, բայց բարձրակարգ խաղացողները չեն ցանկանում Հայաստանում խաղալ: Մենք բոլոր ակումբներով, համատեղ ջանքերով պետք է բարձրացնենք մեր առաջնության վարկանիշը, որ հնարավոր լինի բարձրակարգ լեգիոներ բերել:

- Տեղյա՞կ եք, թե Հայաստանի առաջնության մյուս թիմերն ինչպես են ամրապնդել իրենց շարքերը:

- Իհարկե, և կարծում եմ, որ 6-7 թիմ դեռ հնարավորություն ունի չեմպիոնի կոչման համար պայքարել: Անկախ արդյունքից, մեր գլխավոր նպատակն է հայկական ֆուտբոլի մակարդակի զարգացմանը նպաստելը: Հստակ կարող եմ ասել, որ երբ մեր ակումբը ստեղծեցինք, մեզ հետ մրցակցելու համար մի քանի թիմեր նույնպես մեծ թվով լեգիոներներ բերեցին:

- Այսինքն` դուք կատալիզատոր հանդիսացաք:

- 100 տոկոսով վստահ եմ, որ մենք այդ առաքելությունը կատարեցինք և այն այսօր շարունակվում է, ինչը մեր հովանավորի ցանկությունն է, որ Հայաստանի առաջնությունում բարձր մակարդակի մրցակցություն լինի:

 - Նկատի ունեք, որ բոլորն առանձնահատուկ ձևո՞վ են պատրաստվում ձեր դեմ խաղերին:

- Համոզված եմ դրանում: Բոլորի համար կարևորը մեր դեմ խաղերն են (ծիծաղում է): Բայց ես ուրախ եմ դրա համար, քանի որ ուժեղ մրցակցության շնորհիվ մեր տեղացի ֆուտբոլիստները կարող են աճել և բարձրակարգ խաղացողներ դառնալ: Մենք դարձել ենք Մոսկվայի «Սպարտակի» պես, երբ Ռուսաստանում ցանկացած թիմ առանձնահատուկ տրամադրվածությամբ է խաղում նրա դեմ:


Հ.Գ. Հետագայում հայտնի դարձավ, որ Պողոսյանի նշած նոր հարձակվողը Լուիս Օգանան է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000